Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:09 21-04-2022

Աշխարհաքաղաքական ճողվածքի ճանապարհը. հնարավո՞ր է միաժամանակ բոլորին գոհացնել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի անվտանգային միջավայրը մեծապես կապված է նաև արտաքին աշխարհում ուժերի դասավորության հետ։ Բնականաբար, տարածաշրջանային ու գլոբալ ուժերը փորձում են պահպանել ու ընդլայնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում, և նրանց շահերը տարբեր կետերում ինչպես համընկնում, այնպես էլ բախվում են։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Արցախյան պատերազմից հետո ուժերի հարաբերակցությունը խախտվել է, և Թուրքիան ամեն ինչ անում է մեր տարածաշրջանում իր դիրքերը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ Անկարան փորձում է ուժեղացնել իր ներազդեցությունը Արցախյան հակամարտության ուղղությամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացում Բաքվի միջոցով անընդհատ նախապայմաններ առաջ քաշելով։

Անկարայից նույնիսկ առաջարկներ են հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն Արցախյան հիմնահարցի լուծման ջանքերը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ֆորմատ տեղափոխելու վերաբերյալ։ Իսկ հարաբերությունների կարգավորման արդյունքը լինելու է Հայաստանի ու Թուրքիայի սահմանների բացումն ու թուրքական կապիտալի հոսքը դեպի Հայաստան, ինչը կարող է մեր երկիրը տնտեսական առումով կախվածության մեջ գցել Թուրքիայից։ Բայց հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են տարբեր ձևերով բավարարել Թուրքիայի ամբիցիաները՝ դա արդարացնելով նրանով, թե սահմանների բացումը ահռելի տնտեսական օգուտներ է խոստանում Հայաստանի համար։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային գործընթացներում բավական ակտիվ է Եվրամիությունը։ Պատահական չէ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներ են տեղի ունենում։

Պարզ է, որ հատկապես Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում ԵՄ-ն փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում և ապահովել Ադրբեջանից էներգակիրների անխափան հոսքը դեպի Եվրոպա։ Գումարած, որ Եվրամիությունը Հայաստանին տնտեսական աջակցություն է խոստանում։ Խոսքը 2,6 մլրդ եվրոյի ծրագրերի մասին է, որի մի զգալի մասը ուղղվելու է պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Սյունիքի աջակցության համար։ Դրա դիմաց Փաշինյանը փորձում է գոհացնել նաև ԵՄ-ի ակնկալիքները։ Ուստի, հասկանալի է, որ ուկրաինական հակամարտության շուրջ սրման պայմաններում Արևմուտքը՝ ի դեմս ԵՄ-ի, որոշակի պահանջներ է դնելու Հայաստանի առաջ։

Պատահական չէ, որ անմիջապես Մոսկվա այցելությունից առաջ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Շառլ Միշելի հետ, որի ժամանակ քննարկվել էր նաև Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ պայմանավորվածության կատարման ընթացքը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը, որի խաղաղապահները կանգնած են Արցախում։ Եվ անհնար է, որ, առանց Մոսկվայի հետ հաշվի նստելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժեր տեղի ունենան։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ ինտեգրված է տնտեսական՝ ԵՏՄ շուկայի, և անվտանգային՝ ՀԱՊԿ միասնական տարածքի շրջանակներում։ Ուստի Հայաստանի շահերից է բխում հայռուսական հարաբերությունների շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի շահերից է բխում, որ իր դաշնակից Հայաստանի դիրքերը շատ չթուլանան։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները հիմնականում խնդրահարույց բնույթ էին կրում, սակայն ներկայումս նա Թուրքիայի, ԵՄ-ի պահանջները բավարարելու հետ մեկտեղ փորձում է բավարարել նաև ռուսական կողմի ակնկալիքները։ Սակայն կարևոր է, որ հայ-ռուսական հարաբերությունների խորացումը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ լինի փոխշահավետ և իր մեջ ներառի գործնական ու բովանդակային քայլեր, որոնք բխում են Հայաստանի անվտանգային և տնտեսական միջավայրի բարելավման շահերից։ Այս կոնտեքստում ուշագրավ էր Փաշինյանի այցը Մոսկվա, որի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը, ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Պետք է ընդունել, որ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը բխում է երկկողմ դաշնակցային հարաբերությունների օրակարգից և բավական հետաքրքիր դրույթներ է պարունակում, օրինակ՝ Սյունիքի և Հայաստանի այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերի իրականացման, էներգետիկայի՝ մասնավորապես ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցման մշակման շուրջ նպատակադրվածության վերաբերյալ։

Հետաքրքրական է, որ փետրվարին Ալիևն ու Պուտինը ստորագրել էին դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը, որը բաղկացած էր 43 կետից։ Բայց հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում եղած ներուժը և մի շարք ոլորտներում երկու երկրների ինտեգրվածությունը՝ Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարությունը առավել բովանդակալից ու ընդգրկուն կարող էր լինել՝ ներառելով խոշոր նախագծերի ու ծրագրերի իրականացում՝ այդ թվում և անվտանգային ոլորտում։ Այդուամենայնիվ, 17-րդ կետից սկսած առկա են մի շարք կարևորագույն ձևակերպումներ, որոնք մի կողմից՝ ամրագրում են Ռուսաստանի դոմինանտ դերակատարությունը տարածաշրջանում ընդհանրապես և Ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում մասնավորապես, մյուս կողմից Հայաստանին բոլոր թելերով առավել ամուր են կապում ՌԴ-ին, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների և Արևմուտքի հետ կոնֆլիկտի ֆոնին:
Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը փորձում է բավարարել արտաքին հիմնական խաղացողների ակնկալիքները, սակայն հարցն այն է, թե արդյո՞ք կարող է միաժամանակ բոլորին գոհացնել, քանի որ այդ ընթացքում Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական ճողվածք ստանալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում :

Ամենից շատ դիտված

09:44 Եռաբլուրի անունն էլ չտա՛ս, սատանա՛․ քաղաքացին՝ Դադիվանքի հոգևորականին
12:47 Ուսանողնե՛ր, այսօրվա ձեր պայքարից է կախված ձեր դիպլոմի վրա Հայաստանի Հանրապետություն կգրվի, թե՞ չէ
22:36 Ավելի մեծ սպառնալիք, քան պատերազմն ու ռուսական վտանգը
07:52 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. Ժողովուրդ
14:38 Օգնության ձեռք՝ կրկին Պետրոս Ղազարյանից․ իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում
16:35 Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ
22:17 Իշխանությունը վախեցած է. մարզերից ոստիկանական խմբերի տեղափոխումը շարունակվում է
01:02 «Արքայական» ակումբը անհավանական հաղթանակ տարավ «իր մրցաշարում»․ ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալ» - «Բորուսիա» Դ․
12:35 Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա. shamshyan.com
11:50 Բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ միանում են սրբազան երթին․ ՈւՂԻՂ