copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 19-04-2022

Բացարձակ մեծամասնությունը առաջնորդի հակառակորդներն են, եթե ոչ թշնամիները

Կառավարությունը վերջին նիստում փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է նախագիծ, որով վերանայվում են գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Նախորդիվ վերամշակողներին վարկերը տրամադրվում էին 0%-ով։ Այսուհետ սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար սուբսիդավորումը լինելու է 14%, Երևանի ու ոչ սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար՝ 10%։ «Եթե գրված է, օրինակ, 15-16%, մենք սուբսիդավորում ենք դրա 14%-ը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պետությունը կերաշխավորի վարկի ընդհանուր գումարի մինչև 50%-ը, որը թույլ կտա մթերող ընկերություններին ավելի մեծ ծավալի մթերումներ իրականացնել։

«Մենք միշտ խնդիրներ ենք ունենում գյուղացիների ու մթերողների միջև։ Մթերողները շահագրգռված են պայմանագրերը կնքել մթերումից կես ժամ առաջ, ինչը գյուղացիներին դնում է խոցելի վիճակի մեջ, քանի որ չգիտեն՝ իրենց ապրանքը կմթերվի՞, թե՞ ոչ։ Այս իրավիճակից խուսափելու համար կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն այն վարկերը, որոնք կվերաբերեն բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերին ու խաղողի մթերման համար մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերին»։ Նա կոչ է արել բոլոր մթերողներին օրինակ վերցնել Երևանի կոնյակի գործարանից, որն ունի տասնամյա պայմանագրեր, և որոշակի ժամանակ առաջ արդեն գյուղացիներին տան այն կոմֆորտը, որ գյուղացիները վստահ լինեն, որ մթերման ժամանակ իրենց մթերման տեղը, պայմանները հայտնի են։

«Իմ համոզմունքն է, որ մենք պետք է մեր խաղողագործներին մղենք միավորվելու իրար հետ, ձևավորելու որևէ ասոցիացիա, կազմակերպություն, որպեսզի այսօրվանից կարողանան մյուս տարվա համար բանակցել մթերողների հետ և անհրաժեշտության դեպքում կարողանան աշխատանքային հարցեր բարձրացնել կառավարության առաջ: Ամեն անգամ գալ, օգոստոսին հիշել, որ խաղողի մթերման խնդիր կա, գիտեք, իրականում դա այդքան էլ ճիշտ չէ, երբ որ կառավարությունը գնում է, վերամշակողին ասում է՝ այդքանով պետք է մթերեք, խնդրում կամ պահանջում է: Դա իրականում խաղող արտադրողների և մթերողների բանակցությունների և շուկայական հարաբերությունների կարգավորման հարց է: Իհարկե, այդտեղ կան նրբություններ, որոնց մենք անդրադարձել ենք և դեռ կանդրադառնանք շուկայի կարգավորման առումով: Ես չեմ ասում, որ կառավարությունը շուկայի կարգավորման գործառույթ չունի: Ես ասում եմ, որ այդ գործառույթները պետք է լինեն մաքսիմալ էֆեկտիվ: Եթե կառավարությունը ավելի ակտիվ ջանքեր չգործադրի, այդ ինստիտուտները չեն ձևավորվի»: Առաջնորդի խոսքն է՝ ասված անցած տարվա խաղողի խայտառակ մթերումներից հետո։ Նա այն կարծիքին է, որ եթե կառավարությունը ակտիվ ջանքեր չգործադրի, ապա գյուղատնտեսության ոլորտում գործող ինստիտուտները չեն ձևավորվի։ Ու եթե նրա խոսքից ինը ամիս անց մթերումների ոլորտում բացարձակապես նույն մոտեցումն է դրսևորվում, հետևում է, որ Փաշինյանը հերթական անգամ ասել է՝ զուտ ասած լինելու համար։

Մինչդեռ Գինու ազգային կենտրոնի տնօրեն Ավագ Հարությունյանը պարզաբանում է, որ այս տարի խաղողի մթերման սեզոնը անակնկալներով լի է լինելու։ «Անցած տարվա մթերված խաղողի գումարի, բացառությամբ Պերնո Ռիկարի, 90%-ը վարկային միջոցներ են եղել։ 2020թ.-ին մթերվածի 70%-ն էր վարկային միջոցներով։ Այդ 70% վարկային միջոցները, որ վերցվեցին, սրանով ստացված խմիչքը չիրացվեց քովիդի պատճառով։ Ու քանի որ ընկերությունները իրենց արտադրանքը չէին իրացրել, փող չունեին, 70%-ի փոխարեն հիմա էլ սուբսիդավորեցին 90%-ով։ Այս վարկերից ստացված եկամուտների հիմնական մասնաբաժինները պետք է գային ամենաուշը մայիսին։ Եվ կառավարությանը խնդրել էինք, որ «գրես պերիոդը» վերջանար մայիսին։ Այսինքն՝ այդ ամսից սկսվելու է վերամշակողների կողմից վարկերի մարման գործընթացը։ Հիմա նշյալ 90%-ից որևէ մեկը չի կարողանալու վարկերը մարել, ինչը ենթադրում է, որ եթե կառավարությունը մտածում է, որ պետք է ինչ-որ կերպ այս տարվա խաղողը մթերվի, ապա «գրես պերիոդը» պետք է տեղափոխվի մինչև նոյեմբերի 1-ը՝ խաղողի բերքահավաքի վերջը։ Հընթացս պետք է երրորդ վարկային գիծը բացվի։ Դրա համար պետք է քաղաքական կամք ու գրավների վերագնահատում։ Երկրորդ վարկային գիծը բացելու ժամանակ բոլորը գրավ են դրել իրենց ունեցած-չունեցածը։ Պետությունը պետք է գարանտ կանգնի, որպեսզի նույն գրավներով վարկ տրվի մթերողներին։ Հակառակ պարագայում կունենանք 150 հազար տոննա բերք, որից կմթերվի առավելագույնը 40 հազար տոննան»։

Փաստացի այսպես են տեսնում ոլորտի ներկայացուցիչները առաջիկա զարգացումները մթերումների հետ կապված։ Իսկ թե ինչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ, ներկայացվեց վերևում։

Մեկ շատ հետաքրքիր հանգամանք ևս։ 1905թ.-ին Ֆրանսիայում օրենք ընդունվեց, համաձայն որի՝ մթերող ձեռնարկությունը մթերած խաղողի մշակումից հետո առաջացած թափոնները պետք է որոշ ժամանակ հատուկ պայմաններում պահի, որպեսզի համապատասխան մարմիններին ապացուցի, որ իր կողմից հրապարակված քանակն իրոք մթերել է։ Այս օրենքի նպատակն է ապահովել գործունեության թափանցիկություն ու շուկայի էֆեկտիվ կարգավորում, ինչի մասին խոսում է առաջնորդը։ Գրեթե հարյուր տարի անց, ԵԿԳ-ի ֆրանսիացի սեփականատերերի ճնշման ներքո, նման օրենքի ընդունման փորձ արվեց նաև մեզանում: Մի քանի տարվա քաշքշուկից հետո դրա մասին «մոռացան»։ Փաշինյանն էլ, որ դրան լավագույնս տեղյակ էր, իշխանության գալուց հետո ոչ մի կերպ չցանկացավ անդրադառնալ դրան։ Մինչդեռ հիմա, մասնագիտական գնահատականներով, հանրապետությունում արտադրվում է հազիվ 150 հազար տոննա վերամշակման ենթակա խաղող, բայց գործարանների մթերումների տվյալների հանրագումարում ստացվում է 250-300 հազար տոննա։ Վերամշակողները բացահայտ խաբում են։ Ու այդ խաբածին համապատասխան անտոկոս վարկեր ստանում։

Ովքեր են վերամշակող ձեռնարկությունների տերերը. գրեթե բոլորը նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ են կամ նրանց հետ շաղկապված մարդիկ: Ո՞ւմ սեփականությունն են Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատը, Արտաշատի գինու գործարանը, Մխչյանի գինու գործարանը, Ավշարինը, «Վեդի Ալկոն», ՄԱՊ-ը: Ցուցակը կարելի է երկար շարունակել: Բացարձակ մեծամասնությունը առաջնորդի հակառակորդներն են, եթե ոչ թշնամիները։ Ու այդպիսի բարյացակամ վերաբերմունք նրանց նկատմամբ՝ առաջնորդի կողմից։ Մտածել է տալիս։

Ձեզ գուցե հետաքրքրի