Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 16:31 18-04-2022

Այս փոփոխությունը մեզ համար որևէ այլ դրական ազդեցություն չունի

Ռուսաստան-Արևմուտք առճակատման հետևանքով Արևմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին ի պատասխան՝ մարտի 23-ին Վլադիմիր Պուտինը ՌԴ ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարեց սահմանել ռուբլով գազի մատակարարման համար հաշվարկների անցկացման կարգ, որը վերաբերելու է «ոչ բարեկամ» երկրներին։ Մյուսների պարագայում՝ ըստ վերջիններիս հայեցողության:

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց վերջին մի քանի վճարումները կատարել է ռուբլով։ Քերոբյանը նշել էր, որ գնագոյացումը հաշվարկվում է դոլարով, վճարումը՝ դրան համարժեք ռուբլով։ «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովն էլ հարցի առնչությամբ նշել էր, որ Հայաստան գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմ»-ի պայմանագիրը վաղուց թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է։

Ստացած գազի դիմաց ռուբլով վճարելու գաղափարը մեզանում առաջացել է 2015-ին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր։ ՀՀ-ն ռուսական կողմին պարբերաբար առաջարկել է գազը ռուբլով գնելու մասին։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ին առաջարկում էր տնտեսական միության ներսում փոխադարձ հաշվարկները ռուբլով իրականացնել։ Նա պատճառաբանում էր, որ ռուբլի-դոլար-դրամ տատանումները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։ «Ռազմավարական և ԵՏՄ անդամ գործընկերներ ենք: Թող մի բան էլ իրանց ձեռք չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռք տա»,- հայտարարում էր Հովիկ Աբրահամյանը։ ՌԴ-ն կտրուկ չէր մերժում առաջարկը՝ ասելով, որ քննարկում են այն, բայց այդպես էլ քայլ չարվեց, ու Հայաստանը շարունակեց ստացած գազի դիմաց վճարել դոլարով։ Մինչդեռ գազի դիմաց ռուբլով վճարելը Հայաստանի համար ձեռնտու էր և արդարացված։ Ռուբլին երկարաժամկետ հատվածում արժեզրկվում էր, մյուս կողմից էլ՝ էներգակիրների դիմաց դոլարով վճարելու համար Հայաստանը ստիպված էր մեծ քանակությամբ դոլար արտահանել երկրից, ինչը ցանկալի չէր (ու՝ չէ), հատկապես, որ ճգնաժամային իրավիճակներում միշտ էլ խնդիրներ է ստեղծում ֆինանսական շուկայի և տարադրամային պահանջարկի առումով։ Մինչդեռ մեր արտաքին առևտրի զգալի մասը իրականացվում էր (և՝ է) ռուբլով՝ հավելած, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տրանսֆերտները ՀՀ են ուղարկում ռուբլով։ Հետևաբար ՀՀ-ում ռուբլու պակաս չկար ու չկա, ինչն էլ կարելի էր վերադարձնել՝ գազի դիմաց վճարելով։ Տվյալ փուլում դա հակասում էր ռուսական կողմի շահերին, ինչից ելնելով էլ նրանք, չմերժելով հանդերձ, չէին էլ համաձայնում։

Փաշինյանի օրոք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Գազպրոմի» հետ բանակցությունների ընթացքում կրկին բարձրացրել է գազի դիմաց ազգային արժույթով վճարելու հարցը։ Իհարկե, դրա համար լավագույն պահը չէր ընտրված, և հերթական անգամ այն մնաց օդում կախված։

Հիմա Արևմուտքը փորձում է տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ ծնկի բերել ռուսներին, Մոսկվան էլ ձգտում է ոչ միայն կայունացնել սանկցիաների պատճառով կտրուկ արժեզրկված ռուբլին, այլև հնարավորինս ամրացնել ռուբլին ու թուլացնել ամերիկյան դոլարի գերիշխող դերը համաշխարհային շուկայում։ Փորձում է գազը ռուբլով վաճառելով՝ խուսափել արևմտյան մի շարք պատժամիջոցներից։

Այս տեսանկյունից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը օրերս կարծիք է հայտնել, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու նպատակահարմարության հարցը պահանջում է մանրամասն վերլուծություն։ «Ես իմ լիազորությունների շրջանակում կնախընտրեի, որ մենք ավելի կայուն արժույթով գազ գնեինք»,- ասել է նա և պարզաբանել, որ որքան կայուն լինի արժույթի փոխարժեքը, որով վճարվում է գազի մատակարարումների դիմաց, այնքան քիչ գումար կփոխհատուցվի սակագնի հերթական վերանայման դեպքում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարել է, որ ռուբլով գազի գնի արձանագրումը մեծ հաջողություն կլինի արտահանողների խնդիրները լուծելու համատեքստում։ «Հիմա հայ արտահանողները ռուբլու կայունության նկատմամբ վստահություն չունեն։ Նրանք խուսափում են արտահանվող ապրանքի գինը նշել ռուբլով։ Եթե մենք գազի համար ռուբլով ֆիքսված գին ունենանք, ապա դա հնարավորություն կտա հետադարձ գործարքներով մեր արտահանողներին ռուբլու ֆիքսված փոխարժեք տրամադրել: Այն դեպքերում, երբ ապրանքն արտահանվում է, իսկ դրա դիմաց վճարումը պետք է կատարվի երկու ամիս անց, արտահանողի բանկը կարող է դրամով վերահաշվարկ իրականացնել նախապես համաձայնեցված փոխարժեքով։ Դա վստահություն կհաղորդի հայրենական արտահանողներին վաղվա օրվա նկատմամբ»,- ասել է նա։

Էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ
ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը Հայաստանի համար ձեռնտու է այնքանով, որ միջազգային բանկերից կամ հիմնադրամներից դոլար գնելու, այնուհետև ռուսներին դոլարով վճարելու կարիք այլևս չի լինի. «Մենք կարող ենք ռուսական կողմի հետ պայմանավորվել, հենց Մոսկվայի բորսայում դրամով ռուբլի ձեռք բերել և դրանով վճարել. ռուբլով վճարելու առավելությունը սա է՝ վճարման համակարգի թեթևացում և կողմերի միջև լրացուցիչ արժույթի բացառում։ Հաշվարկը, միևնույն է, մնալու է նույնը։ Ապրիլի 1-ից սահմանին գազի գինը դարձել է մոտավորապես 178 դոլար, և այդ 178 դոլարն էլ մնալու է, ուղղակի վճարվելու է ոչ թե դոլարով, այլ ռուբլով՝ օրվա դոլար-ռուբլի հարաբերակցությամբ»։


Նրա գնահատմամբ՝ նոր համակարգը Հայաստանի համար շահեկան կարող է լինել այն դեպքում, եթե ստեղծվի գազի ընդհանուր շուկա, և Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, սկսի ռուբլով գազ գնել՝ ռուսական ներքին գներով։ Դա օգուտ կլինի, որովհետև գները մեզ համար կիջնեն։ Այլապես այս փոփոխությունը մեզ համար որևէ այլ դրական ազդեցություն չունի։


Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ ռուսական գազը ռուբլով գնելը հնարավորություն կտա արտաքին աշխարհի ցնցումներից ավելի լավ պաշտպանվել։ Բացի դրանից, տրանսֆերտներից ու առևտրաշրջանառությունից Ռուսաստանից Հայաստան փոխանցվող ռուսական արժույթն այդպիսով ավելի արդյունավետ կօգտագործվի. «Հայաստան մտած ռուբլով մենք կվճարենք նաև էներգակիրների համար, և կախվածությունը դոլարից ավելի կնվազի»։

Համաձայն մասնագիտական եզրահանգումների՝ ամեն դեպքում էներգակիրների դիմաց ազգային արժույթով վճարելու տարբերակն այլընտրանք չունի և վաղ թե ուշ այդպես էլ լինելու է։ Այլ հարց է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հատկապես, որ Եվրոպան հիմնականում հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել։

Ամենից շատ դիտված