Ամուլսարի գործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա. Վահե Հովհաննիսյան
copy image url

Ամուլսարի գործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա. Վահե Հովհաննիսյան

Ներքին 12 ժամ առաջ - 13:05 02-05-2025
Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին:

Նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում:

Անդրադառնալով Ամուլսարի գործարկման վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նկատեց. «Ամուլսարի գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն: Եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա մեր գնահատմամբ կարող է 0.5 տոկոսի շրջանակներում ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա»:

Ըստ կառավարության՝ ՀՀ տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որը կազմում է 5-5.5 տոկոս:

«Կարծում եմ՝ այն, ինչ դրել ենք բյուջեում, որպես տնտեսական աճի ցուցանիշ, կկարողանանք հասնել: Քանի որ տարվա վերջում է պլանավորվում Ամուլսարի գործարկումը, ինձ թվում է, որ իր ազդեցությունն ավելի շատ սահմանային է լինելու՝ կախված, թե երբ կկարողանան իրենք արդյունք տալ»,-ասաց նախարարը: