Ներքին 4 տարի առաջ - 19:08 15-04-2022

Սրան հայհոյելով՝ ոչինչ չի փոխվում

Ապրիլի 14-ին Արարատյան դաշտում, հատկապես Արարատի մարզում բավականին ուժեղ ցրտահարություն է գրանցվել։ Տեղի մասնագետների գնահատականներով՝ Արտաշատի, Մասիսի, Արարատի տարածաշրջանի զգալի մասում ծիրանն ավելի քան 70-80%-ով ցրտահարվել է։ Բավականին վնաս է պատճառվել նաև դեղձին, սալորին, կեռասին։ Բոլոր թվարկյալ մշակաբույսերի առումով բերքի էական նվազում ենք ունենալու, որի ծավալների մասին կիմանանք ավելի ուշ։ Իհարկե, այդ առումով լրատվամիջոցներում, առավել ևս՝ պաշտոնական խողովակներով որևէ արձագանք չեղավ այն պատճառով, որ Կառավարությունը գյուղի ու գյուղատնտեսության ժամանակը չունի, ավելի լուրջ հարցերով է զբաղված։ Կառավարության անդամներն էլ, գյուղացիներն էլ ապրում են նույն երկրի տարածքում, նույն երկրի քաղաքացիներն են, բայց յուրաքանչյուրը իր համար, իր կյանքով, և որևէ «ընդհանրություն», «հատման եզրեր» չունեն, եթե չհաշվենք այն, որ առաջնորդի կյանքին մեռնող ժեխերի մի քանի տասնյակ, գուցեև հարյուրհազարանոց զանգված ապրում է գյուղերում։ Դրա մասին՝ հետո։

Նախօրեին առաջնորդն ի լուր համայն հայության ազդարարեց, որ Արցախի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում։ Եվ ահա ցրտահարության հետ կապված Արարատյան դաշտում ենք, ու հընթացս փորձում եմ հասկանալ գյուղի մարդու վերաբերմունքը Արցախը թուրքերին հանձնելու Նիկոլի ազգադավ գործողությանը։

Ցավալի է, բայց գոնե սկզբում Արցախը հանձնելու, ազերիներին ու թուրքերին Հայաստան բերելու Նիկոլի ցանկությունների առումով՝ ոչ մի խոսք։ Բոլորը «վշվշում» են իրենց բերքի կորստով, ու երևի դա էլ է հասկանալի։ Առանց այդ էլ գյուղում գերծանր սոցիալական վիճակ է, շատերի միակ հույսը սպասվող ծիրանի, դեղձի բերքն էր։ Պարարտանյութ չլինելու պատճառով սրանք համակերպվել էին նաև բերքի քչության հետ ու հիմա դրանից էլ են զրկվում։ Եվ նրանց հասկանում ես, քանի որ վերջին կտոր հացի հույսն էլ է կտրվել։ Բայց մյուս կողմից էլ՝ արդյո՞ք «աշխարհի վերջն է», երբ մարդկանց, բացի իրենց նյութականից, էլ ոչինչ չի հետաքրքրում։ Բարեբախտաբար, այդպես չէր։

-Տեսա՞ր ինչ եղավ,- մեքենան կողքիս կանգնեցնելով՝ հարցնում է հին ծանոթներիցս մեկը։
-Ի՞նչ,- հարցնում եմ,- ցուրտը շա՞տ է վնասել։
-Ջհանդամ էլ չի վնասել, տեսար էդ... ինչ արեց։

Որ կաներ, որ սրանք անող էին, ոչ մեկն էլ չէր կասկածում, բայց ո՞ւր է ընդդիմությունը։ Մտածում էինք՝ սրա դուրս տալուց հետո ժողովուրդը կլցվի փողոցները, պատրաստվում էինք գիշերով հավաքվել, հասնել Երևան, բայց ո՛չ ընդդիմության ծպտունը եղավ, ո՛չ ժողովրդի արձագանքը, մենք էլ քոռուփոշման սպասում ենք։ Ի՞նչ են մտածում, ինչի՞ են սպասում։ Հա, գյուղի կեսը, նույնիսկ ավելին՝ ժեխ են, առաջիկա երեք-չորս ամիսը ծիրանի կորուստն են լացելու, Ղարաբաղը իրենց չի էլ հետաքրքրում, բայց մնացածը հաստատ կանգնող են, կռվող են, ուղղակի մարդ չկա, որ հետևներից գնանք։ Ինչի՞ են ուշացնում։

70-ն անց է։ 22 տարեկան տղան ու գրեթե նույն տարիքի թոռը 44-օրյա պատերազմի առաջին օրերից կամավոր առաջնագծում էին։

Հաջորդ հանդիպումը հարևան գյուղում էր։ Նախկինների օրոք աշխատած ու գործող բարքերին չհամակերպված գյուղապետը, որի հետ լավ բարեկամներ ենք, վրդովմունքն է հայտնում, որ ժողովրդին կազմակերպող, փողոց հանող չկա։ Մարդկանց մոտ սպասողական վիճակ է, ու քանի որ ոչ մի կողմից ձայն չկա, սկսել են կասկածել, որ ընդդիմությունն էլ է միացել էս ...ին։ Մի քիչ ինձ լավ եմ զգում այն առումով, որ այուամենայնիվ ամեն ինչ չէ, որ կորած է։ Բարձրաձայն արված ակնարկիցս դժգոհում է։

- Գյուղում առողջ մասսա կա, ու քիչ չեն։ Պատրաստ են փողոց դուրս գալու։ Չնայած ընդդիմության առաջնորդներից շատերից դժգոհ են, բայց հայրենիքի փրկության հարցն է, ու կանգնած ենք։ Բայց որտե՞ղ, ո՞ւմ կողքին, ո՞նց՝ չգիտենք։ Ով է էս... արդեն բոլորին է պարզ, ով՝ ընդդիմությունը, չես հասկանում։ Էսքան ժամանակ մի հոդաբաշխ նախադասություն են ասել, որ միանշանակ ընդունելի է. «Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու»։ Միանշանակ այդպես է։ Բայց որտե՞ղ է լինելու, ո՞ւմ հետ, ի՞նչ ենք անելու դրա համար, ե՞րբ են անելու։ Ոչ մի պարզաբանում։

«Խոսեք ժողովրդի հետ, ասեք, բացատրեք մեր անելիքը։ Այլապես տանը կամ դաշտում սրան հայհոյելով, ինչքան էլ այն թունդ լինի, ոչինչ չի փոխվում. հայրենիք ենք կորցնում»։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց