Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:54 15-04-2022

Վաղը զոհված, բայց հաղթանակած եղբորս դրոշով գալու եմ Ազատության հրապարակ, տեսնեմ՝ հայ կա՞ Հայաստանում, թե՞ էլ չկա. Ես մենակ եմ պայքարելու. Սերոբ Գասպարյան

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, ինչը ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները դիտարկում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը։

Oragir.news-ը թեմայի շուրջ զրուցել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան ազատամարտերի մասնակից Սերոբ Գասպարյանի հետ։

- Պարոն Գասպարյան, հավանաբար հետևում եք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին արդեն մի քանի օր ծավալված քննարկմանը։ Ձեր եղբարը, եղբորորդին, Ձեր ընկերներից շատերը զոհվել են հանուն Արցախի, ի՞նչ եք զգում, երբ լսում եք նման քննարկումները։ Դուք ի՞նչ եք մտածում՝ ունի՞ Արցախը ապագա Ադրբեջանի կազմում։

- Էդ կարգի քննարկումներ անողներն ի՞նչ գիտեն՝ ինչ է արժեքը, ինչ է Արցախը, ինչ է հայրենիքը, ի՞նչ գիտեն՝ ինչ է սրբությունը, ծնողը, երեխան, թոռը։ Գիտե՞ն։ Ովքե՞ր են դրանք, մենք պիտի թույլ տանք, որ դրանք Արցա՞խ վաճառեն, Հայաստա՞ն վաճառեն. չի ստացվի իրենց մոտ։ Եթե ստացվի՝ ուրեմն էս ազգի մեջ չի մնացել իմ տեսակը։ Ես էսօր ասում եմ՝ ես մենակ եմ պայքարելու, բոլորը եթերներից կոչեր են հնչեցնում ու գնում՝ իրենց դիվաններին հանգիստ պառկում են։ Ես մենակ եմ պայքարելու, վաղը իմ զոհված, բայց հաղթանակած եղբոր դրոշով մենակ գալու եմ Ազատության հրապարակ, ամեն օր գալու եմ, անգամ իմ ջոկատին կոչ չեմ անելու ինձ միանալ, գալու եմ ու սպասելու, տեսնեմ՝ հայ կա՞ Հայաստանում, թե՞ էլ չկա։ Ես զանգ եմ հնչեցնելու։ Ավելի լավ է պայքարելով մեռնեմ, քան եղբորս նկարին ամաչելով նայեմ։ Մենք սկսել ենք շատ խոսել, հիմա շարժվել է պետք։

- Եթե նման իրավիճակ ստեղծվի՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ի՞նչ է սպասվում Արցախին, արցախահայությանը, նաև՝ Հայաստանին։

- Իմ հասակակիցները չեն մոռացել Սումգայիթը, չեն մոռացել Բաքվի ջարդերը, ես հիշում եմ տատիս պատմությունները, թե ինչ էին անում թուրքերն Արևմտյան Հայաստանում։ Հիմա էլ նույնն են անելու, մորթելու են ու դրանից հաճույք ստանան, հայ կանանց, երեխաներին ու տղամարդկանց են բռնաբարելու, մորթելու են ու էլի հաճույք են ստանալու դրանից։

- Կարծում եք՝ գործող իշխանությունները չե՞ն գիտակցում այդ վտանգները։

- Դրանց ո՞վ է գիտակցելու ունակություն տվել, նրանց համար իրենց որովայնը, իրենց մի օր ավելի իշխանության մեջ մնալը, փառքը, ճոխությունը, փափուկ բազկաթոռներին նստած մնալն ավելի կարևոր են, քան հայրենիքը։ Էսպես էլ առանց գիտակցության գալու մորթվելու են։

- Պարոն Գասպարյան, Ձեզ համար սպասելի՞ էր հասարակության, քաղաքական դաշտի, ընդդիմության նման արձագանքը, ինչո՞ւ ընդվզում չեղավ։

- Ես եմ ընդդիմությունը՝ ես ընդվզում եմ։ Նաև Ձեր ասած ընդդիմությունն է մեղավոր էսօրվա համար։

- Մենք դեռ հիշում ենք 1988-ի շարժումը, որ հենց Արցախի համար էր, նման ընդվզում այսօր կլինի՞։

- Կարծում եմ՝ իմ, եղբորս, զոհված ընկերներիս տեսակը դեռ չի վերացել, կարծում եմ՝ դեռ պայքարելու ենք։