Երևան +20°
copy image url
Խոսք 11 ամիս առաջ - 21:22 13-04-2022

Ըմբշամարտիկները ահազանգում են՝ ո՛չ բուժման գումար են ստանում, ո՛չ էլ նորմալ աշխատավարձ

Մանուշակ Մելքոնյան

Լրագրող

Ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ այլևս հնարավոր չէ այսպես շարունակել, քանի որ ըմբշամարտիկներն իրենք են հոգում իրենց բժշկական ծախսերը, աշխատավարձ ևս չեն ստանում, որի պատճառով շատերը լքում են սպորտը։

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում ,բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։ Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են՝ ինչպես հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու: Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախսս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված են լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին»,- գրել է Արսեն Հարությունյանը։

Oragir.news-ը կապ հաստատեց Արսեն Հարությունյանի հետ՝ հարցնելով, թե ինչն է ֆինանսավորում չստանալու պատճառը։

«Ես պատճառները չգիտեմ, դա կարող են ասել պետական կառույցները։ Մենք հիմա շատ խնդիրներ ունենք, ու բոլոր սպորտսմենները ուզում են, որ այդ խնդիրները լուծում ստանան, և այստեղ գումարայինը վերջին տեղում է։ Տարիներ շարունակ այսպես է եղել, ըմբշամարտի ֆեդերացիայից գումար չենք ստանում, Օլիպիական կոմիտեից չենք ստանում, միայն աշխարհի չեմպիոն տղաներն են նախարարությունից որոշ չափով գումար ստանում, իսկ Հայաստանի չեմպիոնները և Եվրոպայի, Աշխարհի 5 մրցանակակիրները ոչինչ չեն ստանում ոչ մի տեղից։ Պատճառներն էլ չեն նշում։ Այս խնդրի մասին տարիներ շարունակ խոսել ենք, ու ասել՝ եթե չեք լուծելու այդ խնդիրը, մենք բարձրաձայնելու ենք։ Հիմա պահը եկել ու արդեն հասել էր գագաթնակետին, որ պետք է բարձրաձայնեինք, որովհետև մենք էլ գումար չունենք, որ մեր գումարներով գնանք բուժվենք։ Մեր աշխատանքը սա է, մենք եթե մի փոքր գումար էլ աշխատում ենք դրսից, ամբողջությամբ դնում ենք դեղորայքի, բուժումների, վիտամիններ ու մրցույթներին պատրաստվելու փուլի վրա։ Դրա համար այս ամենի մասին արդեն բարձրաձայնեցինք, բոլորն էլ լավ տեղյակ են մեր խնդիրների մասին, ուղղակի դրանք մինչև այս չեն բարձրաձայնվել, դրա համար հարցին լուծում չի տրվել։ Այս պահի դրությամբ ուսի շատ լուրջ վնասվածք ունեմ, միշտ ես եմ հոգացել ծախսերս, վնասվածքի բուժման հարցերով 5 ամիսը մեկ անգամ 3000 դոլարից ավել ծախս եմ անում, բայց իմ տարած հաղթանակներից այդքան գումար չեմ ստանում։ Փորձում եմ կողքից որևէ տեղ աշխատել, որ կարողանամ խնդիրներս լուծել և հասնել երազանքիս։ Բայց տղաներ կան, որ չեն կարողանում հասցնել ու թողնում են սպորտը։ Շատերն էլ այստեղից-այնտեղից ճարելով են լուծում խնդիրները կամ վարկ են վերցնում»,- ասաց Արսեն Հարությունյանը։

Խոսեցինք նաև ըմբշամարտի 2020 թվականի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանի հետ, ով ասաց, որ այս պահին միայն նախարարությունից է որոշակի ֆինանսավորում ստանում ։

«Արսենի գրառման մեջ ընդհանուր թիմի վիճակն է նկարագրված, բոլորիս մոտ նույն խնդիրը կա։ Հիմնականում կապված է ֆինանսների բացակայության հետ, չգիտեմ բյուջե կա՞, թե՞ չկա, բայց փաստն այն է, որ նորմալ չենք ֆինանսավորվում։ Բացի գումարի հետ կապված խնդիրները՝ ունենք նաև բանակ գնալու հետ կապված խնդիրներ և բժշկական աջակցության, որի մեջ մտնում են ոչ միայն բժիշկների, այլ նաև մեր վիտամինների տրամադրումը։ Իսկ բանակի հետ կապված՝ պետք է սպորտային վաշտի հարցը լուծել։ Արդեն 4 տարի անցել է մեր զորակոչվելու ժամանակից, դեռ երկու տարի առաջ մենք պետք է արդեն վերադարձած լինենք։ Հիմա արդեն 22 տարեկան ենք, պատկերացնո՞ւմ եք՝ եթե այս տարի էլ անցի, 23 տարեկանում սպորտային վաշտի ծառայող լինելը մի քիչ այն չէ։

Իսկ բուժման հետ կապված խնդիրներով հիմականում դիմում ենք նախարարություն, կոնկրետ ես դիմել և աջակցություն եմ ստացել վիրահատության համար, բայց այստեղ միայն վիրահատության հարցը չէ, ավելի կարևոր խնդիրներ էլ կան, օրինակ՝ բուժումները վիրահատությունից հետո, դեղերի գնումները, վիտամինները, այդ ամենը մենք ենք անում։

Ներկա պահին ես որոշակի գումար ստանում եմ միայն նախարարությունից, առաջ Օլիպիական կոմիտեն էր աշխատավարձ նշանակում, այսինքն՝ սպորտային թոշակ, նաև ըմբշամարտի ֆեդերացիան, իսկ հիմա միայն նախարարությունից ենք ստանում, այդպես էլ նորմալ վարձատրություն չի լինում։ Այն ժամանակ գոնե այդ երկուսը կամ երեքը միասին նորմալ աշխատավարձ էին կազմում, իսկ հիմա դա չկա»,-ասաց Վազգեն Թևանյանը։

Կապ հաստատեցինք նաև Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի հետ՝ հարցնելով, թե ինչն է ֆինանասավորումը դադարեցնելու պատճառը, որտեղից մեզ պատասխանեցին, որ Օլիպիական կոմիտեն կապ չունի նման հարցերի հետ․ «Օլիպիական կոմիտեն կապ չունի այս ամենի հետ, հիմա տղա է, մի բան ասել է։ Մենք կարդացել ենք նրա գրառումը, իր գրառման մեջ մի տեղով ասել է Օլիպիական կոմիտե, հետո ի՞նչ, ընդ որում, գրառման մեջ չի առանձնացրել Օլիպիական կոմիտեն։ Օլիպիական կոմիտեն իրենց ֆինանսական հարցերը լուծողը չէ»։

Իսկ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից մեզ պատասխանեցին, որ ֆինանսավորումը չի դադարել, իսկ մնացած հարցերին կպատասխանեն ավելի ուշ, սակայն հետո մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։

Մանուշակ Մելքոնյան