ՀՀ և ՌԴ գնահատականների տարբերությունների նախերգանքը հնչեց ապրիլի 8-ին։ Մոսկվայում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են շփվել ՌԴ-ի հետ նաև այս հարթակում, տարակուսանք հայտնելով, թե չգիտի՝ ինչ ճակատագիր կունենա ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը։ Իր հերթին՝ ԱԳ նախարարն արձագանքեց այս թեմային, նշելով՝ «միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է»։ Այսինքն՝ ՌԴ ԱԳ նախարարն ակնարկեց, որ ՌԴ-ն Արցախի հարցի կարգավորման հարցում միջնորդ չի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։ Իսկ ՀՀ ԱԳ նախարարը բաց ասաց, որ ԼՂ հարցի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով։
Նշված իրարամերժ գնահատականներին անդրադառնալիս, ՀՀ և Արցախի պաշտոնյաները անորոշ հույս են հայտնում, որ Արևմուտք-ՌԴ լարվածությունը երբևէ կկարգավորվի, որից հետո ՌԴ-ն կվերադառնա ԵԱՀԿ ՄԽ նախագահություն, և Արցախի ազատության հարցը կլուծվի այդ ձևաչափով։ Սա պասիվ դիրքորոշում է, որը վտանգավոր հետևանք կարող է ունենալ։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ քաղաքական համայնքում և Անվտանգության խորհրդում քննարկվում են հավանական այլ տարբերակներ։ Օրինակ՝ ի՞նչ ենք անելու, եթե Արևմուտք-ՌԴ լարվածությունը տևի տարիներ, ինչպես Սառը պատերազմը, որը տասնամյակներ է տևել։ Կամ՝ ի՞նչ ենք անելու, եթե ՌԴ-ն պատժամիջոցների և միջազգային մեկուսացման արդյունքում ծնկի գա ու հրապարակավ հրաժարվի նաև Հարավային Կովկասում իր հավակնություններից։ Ի դեպ՝ այս վարկածները խորությամբ քննարկում են միջազգային փորձագիտական շրջանակներում։
Երբ ՌԴ-ի դեմ միջազգային շատ կոշտ պատժամիջոցներ են կիրառում, ՌԴ-ի համար կենսական նշանակություն է ստանում ՀՀ-ի հետ գործընկերությունը, որից վերջինս կարող է շահել որոշ ժամանակ։ Օրինակ՝ կարող են ներդրումներ անել ՀՀ-ում, քանի որ շատ երկրներ փակել են դռները ռուսների առաջ։ Սակայն իշխանությունները, հավանաբար՝ հասկանում են, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են տարածվել նաև ՀՀ-ի վրա, եթե մեր իշխանությունները ՀՀ-ՌԴ հարաբերություններում փորձեն նահանջել ՀՀ ինքնիշխանությունից, հրաժարվել Արցախի ազատության համար պայքարից, օգնել ՌԴ-ին՝ շրջանցելու պատժամիջոցները։ Սա հաշվի առնելով, քաղաքական համայնքը, հատկապես՝ ընդդիմությունը առաջիկայում, ենթադրաբար՝ ավելի սուր են քննադատելու իշխանություններին, ընդգծելով նշված կարմիր գծերը։ Հնարավոր է համարվում նաև, որ օգտվելով առիթից, կբարձրացվեն ոչ միայն առևտրային, այլև պաշտպանական և անվտանգային ոլորտների վերաբերյալ հայ-ռուսական պայմանավորվածությունները վերանայելու հարցեր՝ հօգուտ Երևանի։
Թաթուլ Մկրտչյան