Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:41 08-04-2022

Չունեմ խնձոր, մանդարին, ինչիս է պետք նոր տարին

«Ես այն մարդը չեմ, որ կմղեմ գյուղացիներին անել մի բան, որը վերջում իրենց համար լինելու է վնասաբեր»։
Այս մարդը կառավարության անդամներից մեկն է, որի անուն-ազգանունը եթե չլիներ Վահան Քերոբյան, այլ Նիկոլ Փաշինյան կամ Հակոբ Սիմիդյան, բացարձակապես ոչինչ չէր փոխվի։ Բոլորն էլ խոսում են մի բանից, որից ոչ իրենք, ոչ էլ դիմացինը ոչինչ չեն հասկանում։ Խոսում են ժողովրդից ստացած քվեից ու ժողովրդի անունից, բայց ամեն ինչ անում են, որ հանկարծ ու այդ ժողովրդին չհանդիպեն։ Իսկ ամենասովորական, կենցաղային մակարդակում սրանց ասված խոսքը լրջագույն կարիք ունի խմբագրման նույն ժողովրդին հասանելի դարձնելու համար։ Խոսքի արժանահավատության մասին խոսելն արդեն անլուրջ է։ Տրամաբանական է, որ և ոչ մեկի խոսքը արժանահավատ չէ, քանի որ գրեթե բոլորն էլ անտեղյակ են նրանից, ինչի մասին խոսում են։

Կոնկրետ Քերոբյանն իրոք այն մարդը չէ, որ կարողանա գյուղացիներին ուղղորդել անելու ինչ-որ բան։ Նույնիսկ ժեխի բնութագրման մեջ լիովին տեղավորվող շատ գյուղացիներ, որոնց համար մինչ օրս Նիկոլը ազգի փրկիչ է, Քերոբյանին անեկդոտների հերոս են դարձրել, էլ ուր մնաց նրա ասածով առաջնորդվեն ու ինչ-որ քայլեր անեն։ «Մենք ուզում ենք գյուղացիներին ուղղել այնպիսի գյուղատնտեսական ակտիվությունների, որի արդյունքում նրանց տնօրինած եկամուտը կմեծանա»։ Եթե որևէ մեկը կբացատրի Քերոբյանի միտքը, շնորհակալ կլինեմ։ Տնօրինած եկամտի մեծանալը հասկանալի է, բայց ինչ ասել է գյուղատնտեսական ակտիվություններ, դեպի ուր այս կառավարությունը փորձում է բրթել գյուղացուն։

«Կոչ եմ անում գյուղացիներին ինչքան հնարավոր է լայն հողային մակերեսներ մշակել և վստահեցնում եմ, որ իրենց արտադրանքը անպայման լավ գնով կվաճառվի, որովհետև էն դեֆիցիտը, որ տեսնում են միջազգային շուկաներում, թույլ է տալիս վստահորեն պնդել, որ գյուղացիների համար իրենց բերքի վաճառքի գները լինելու են լավը։ Այդ տեսանկյունից ինչքան շատ մշակեն, այնքան մեծ օգուտ կունենան»։
Որպես նախարար վստահեցնում է, որ գյուղատնտեսական արտադրանքը բարձր գներով է վաճառվելու, բայց ոչ այն պատճառով, որ դրա համար արտահանման շուկաներ են «գտել», պայմաններ են ստեղծում, այլ որովհետև միջազգային շուկաներում դեֆիցիտ կա։ Բարի։ Այդ դեպքում էկոնոմիկայի, փաստացի նաև գյուղատնտեսության նախարարը պետք է շարունակի, թե հատկապես որ ապրանքատեսակների դեֆիցիտ է սպասվում, ու ինչից ելնելով էլ խորհուրդ տա հենց դրանք մշակել։

Չէ՞ որ ինքը ճշտախոս է, ու ինքն էլ է ասում այդ մասին. «Ես ճիշտն եմ ասում, գարնանացանն այն գործընթացը չի, որը մեզանում եկամտաբեր է ստացվում։ Գյուղացիներին սուբսիդավորում ենք գարնանացանը, իրենք ցանում, մշակում են, գոհ են կառավարությունից, բայց վերջում արդյունք չկա»։ Այդ դեպքում, եթե ասում ես Ա-ն, այն է՝ գարնանացանը մեզանում ոչ եկամտաբեր է ստացվում, ապա պետք է բարի լինես ասելու նաև Բ-ն՝ ինչն է մեր մոտ լավ ստացվում, ինչ մշակենք լայն հողային մակերեսների վրա։ Բայց Ա-ն ու Բ-ն ասելուց առաջ ու հետո պետք է իմանաս նաև, որ աշնանացանն էլ մեզանում «լավ չի ստացվում»։ Մեկ հեկտար աշնանացան ցորենից գյուղացին ստանում է 100-ից առավելագույնը 120-130 հազար դրամի շահույթ, որ ամսվա կտրվածքով անգամ 10 հազար դրամ չի կազմում։ Երեք անգամ պակաս, քան նվազագույն կենսաթոշակը։ Հետևաբար, Քերոբյանի տրամաբանությամբ, աշնանացան էլ պետք է չանենք։ Բայց դա ավելի շուտ Փաշինյանի տրամաբանությունն է, ինչի արդյունքում 2-3 տարվա ընթացքում հացի ավելի քան 40-45%-ով ինքնաբավության մակարդակը հավասարվել է 20%-ի։ Մինչդեռ շատ երկրներ, որ պատերազմի ու մշտական շրջափակման մեջ չեն, գերադասում են թեկուզև շատ թանկ գներով հացի ինքնաբավության մակարդակը պահել 70-80%-ի սահմաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բազմիցս հայտարարում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով սննդամթերքի, պարարտանյութերի և էներգակիրների գների աճը կարող է համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։ Բառացի նշվում են ճգնաժամի վտանգի երեք հիմնական պատճառները։ Մեր պարագայում երեքն էլ ընդգծված կան, բայց նախարարը լոլոներ կարդալով է զբաղված։ Բառացի հարցնում են հացահատիկի սերմի պակասության մասին, պատասխանում է՝ «անցած տարի նույնպես ապրիլի սկզբին Լարսը փակ էր, և գարնանացանի սերմացուի մի մասը տեղ չհասավ» (դեռ լավ է, որ նախկինների օրերից չի խոսում)։ Մինչդեռ ոչինչ չի խանգարում այդ սերմացուն նոյեմբեր-դեկտեմբերին ներկրել։ Հարցնում են թռչնի կերի մասին՝ ներկայացնելով, որ կեր չլինելու պատճառով թռչնի սպանդ է սկսվել, պատասխանում է. «Այս պահին միջանկյալ լուծումները տրված են, այսինքն՝ այս պահին մենք գիտենք, որ կերային կուլտուրաները ներմուծվում են ՌԴ-ից, բայց մի շաբաթով գործուղվելու եմ ՌԴ, որտեղ առարկայական լուծումներ կտանք ու այնպես կանենք, որ այդ մասով որևիցե խնդիր չունենանք»։ Ընդ որում, թռչնի կերի լուրջ ճգնաժամը սկսվել է դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսից։ Նախարարի խոսքից էլ հետևում է, որ «միջանկյալ լուծում» ասելով ինքը նկատի ունի, որ իրենք հասկացել են, որ թռչնի կերը ներմուծվում է ՌԴ-ից։

Պարենային ճգնաժամի երկրորդ պատճառը պարարտանյութի բացակայությունն է։ Մեծ աղմուկից հետո հայտարարվեց՝ քանի որ ամոնիակային սելիտրայի պարկը ՌԴ-ում վաճառվում է 19 հազար դրամով, կառավարությունը 50% կսուբսիդավորի սրա գինը, և ժողովրդին կվաճառեն պարկը 9500 դրամով։ Գյուղացու մի մասից փողերը հավաքել են, ու գործընթացը դադարեցվել է։ «Հանկարծ» ու պարզել են, որ ՌԴ-ում սելիտրայի պարկը վաճառվում է ոչ թե 19, այլ 23 հազար դրամով։ Հիմա գյուղացուց հավաքագրած 9 հազարը անաղմուկ 13-ի հասցնելու ուղիներ են փնտրում։ Դիզվառելիքն էլ այս օրերին հասել է վերջին 30 տարիների թերևս ամենաբարձր նիշին։

Գյուղացին սերմացու չունի, պարարտանյութ չունի, դիզվառելիք չունի ու կառավարության անմնացորդ աջակցությամբ գարնանացան է անում։ Եվ այս իրավիճակում մարդն ասում է, թե ինքն այն մարդը չէ, որ կմղի գյուղացիներին անելու մի բան, որը վերջում իրենց համար լինելու է վնասաբեր։ Կառավարությունն էլ հավանաբար այն կառավարությունը չէ, որ երկիրը կտանի մի ուղղությամբ, որը վերջում երկրի համար վնասաբեր (եթե ոչ՝ կործանարար) կլինի։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանին թավշյա կառավարությունը մինչ օրս դատում է հենց ազոտական պարարտանյութի ու դիզվառելիքի «չարաշահման» համար։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
18:18 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Սևան-Երևան ճանապարհին է. ՈւՂԻՂ
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա