Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում երեկ աշխարհագրության դասի ընթացքում դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Հայրապետյանի ղեկավարությամբ 8ա և 8բ դասարանների աշակերտները հետազոտական աշխատանքներ են ներկայացրել՝ ցույց տալով պետություններն իրենց բնորոշ յուրահատկություններով ու առանձնահատկություններով, ազգային սովորույթներով ու խոհանոցով, հանրահռչակ գործիչներով ու տվյալ երկրին բնորոշ գյուտերով։ Բանն այն է, որ մինչ Ադրբեջանում և Թուրքիայում հակահայ քարոզչություն են իրականացնում դեռ դպրոցական տարիքից, Հայաստանում ամփոփիչ դասի ընթացքում ներկայացվում են այդ երկրները՝ իրենց առանձնահատկություններով։
«Պատահական չէր ընտրված օրը, այն համընկավ աշխարհագետի միջազգային օրվա հետ։ Ուսուցչոուհին ջանք չէր խնայել, որ ամեն մանրուք համապատասխաներ ընտրված թեմային ու նպատակին»,- գրված է դպրոցի հայտարարաության մեջ։
Համացանցում բուռն քննարկման արժանացած դեպքի մանրամասները պարզելու համար
Oragir.news-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք տեղյակ է դեպքից։ Տնօրենը պատասխանեց. «Նախ, դա ծրագրային դաս է եղել ընդամենը, և երկրորդ, ուսուցչուհին ձեզ ավելի լավ կներկայացնի մանրամասները»։ Այսպիսով տնօրենը խուսափեց պատասխանել մեր հարցին։
Oragir.news-ի հետ զրույցում դպրոցի ուսուցչուհին՝ Սվետլանա Մաթոևսյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դասապրոցեսի ընթացքում երեխաների կողմից պատշաճ ներկայացվում Ադրբեջանն ու Թուրքիան՝ որպես պետություններ, և արդյո՞ք չկա քարոզչություն ՝ լավ հարաբերություններ ունենալու համար, ասաց. «Չկա նման բան։ Չկա քարոզչություն, կա ընդամենը ավարտական ամփոփիչ դաս։ Երեխաները ներկայացնում էին տարբեր պետություններ, այդ թվում՝ Ադրբեջան և Թուրքիա, որոնք, այո՛, մեր հարևան պետություններն են։ Մնացած երկրները, ինչպես Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն , Ռուսաստանը, երեխաներն ուսումնասիրում են, այդ թվում՝ նաև Ադրբեջանն ու Թուրքիան, որպես պետություններ։
Որևէ քարոզչություն չկա դրա մեջ, ոնց ուրիշ երկրներն են դրոշ ցուցադրել, այնպես էլ այդ երկրները։ Ես, իհարկե, երեխաներին ասել էի, որ ճիշտ է՝ մենք անցնում ենք այդ դասերը, բայց տեսնեմ՝ դուք ո՞նց եք ցույց տալու ձեր մտահղացումը, որ ճիշտ է՝ մենք ուսումնասիրում ենք, բայց մեզ ոչ բարեկամ երկիր է։ Ադրբեջանի դրոշի վրա խաչ է քաշած , Թուրքիան՝ ոչ։ Դե դրանք տարբեր երեխաներ են ներկայացնում, մյուս երեխան ոչ մի բան չէր արել, դրոշին էր դրել ուղղակի բամբակ՝ ցույց տալով, թե ինչպես է զարգացած այդ երկրի թեթև արդյունաբերությունը․ ուղղակի աշխարհագրական տվյալներ, ուրիշ ոչ մի բան»։
Հարցին, թե մեր տեղեկություններով՝ ՄԻՊ-ի ազգականը լինելով՝ արդյո՞ք չի չարաշահում դիրքը, պատասխանեց. «Աստվա՜ծ իմ, չկա նման բան, ես Ձեզ ասացի, այո՛, ՄԻՊ-ի հետ ունեմ ազգակցական կապ, բայց ոչ մի կապ չունի իմ դասի հետ նա։ Այդ երկրների մշակույթը չենք ներկայացրել, միայն աշխարհագրությունը։ Ադրբեջանին ի՞նչ մշակույթ. աշխարհագրական տվյալներ, ռեսուրսներ, աշխարհագրական դիրք, ինչ-որ կա աշխարհագրությանը վերաբերող, դա է ներկայացվել։ Նույնիսկ երեխան պատի թերթի վրա մանրամասներ է գրած եղել։ Դուք միայն նկարն եք տեսնում, Ձեզ ի՞նչ է թվում՝ երեխան ճի՞շտ է, ինչքա՞ն նկատողություններ են եղել, ո՞րն է ճիշտ, ո՞րն է սխալ։ Ես նկատողություն արել եմ։ Մենք ունենք հարևան պետություններ, ունենք նրանց հետ պետական սահման, ես կարո՞ղ եմ այդ պետական սահմանը հանել, տեղը տանձ ու խնձոր նկարել։ Չանցնե՞նք այդ դասը, չասե՞նք, որ թշնամուն ավելի լավ ճանաչեն»։