Երևան +13°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:21 27-02-2024

Փաշինյանի, Սիմոնյանի՝ տեսակետներ ներկայացնելու միակ տեղը պիտի լինի Քննչական կոմիտեն․ Էդգար Ղազարյան

«Ալեն Սիմոնյանը գոնե տեղյա՞կ է, որ ինքը ԱԺ նախագահ է ընտրվել արտահերթ ընտրություններով ձևավորված Ազգային ժողովում։ Ինչպե՞ս է ստացվում, որ 2021 թվականին կարող էին լինել արտահերթ ընտրություններ։ 2021 թվականին իրենք պատասխանատվությունից խուսափե՞լ են։ Այդ դեպքում 2021 թվականին ինչո՞ւ են գնացել արտահերթ ընտրությունների։ Նշանակում է՝ 2021 թվականին իրենք պատասխանատվությունից խուսափել են, ժողովրդի իշխանությունից խուսափել են, որը ստացել էին 2018 թվականին, և գնացել են արտահերթ ընտրությունների»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով այսօրվա ճեպազրույցում Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված այն մտքին, թե Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են․ դա նշանակում է պատասխանատվությունից փախչել։

Ղազարյանն արձանագրեց, որ քաղաքական ճգնաժամի պայմաններում հարկ է գնալ երկրորդ արտահերթ ընտրություններին․

«Այն, որ ընդհանրապես պիտի երկրորդ արտահերթ ընտրությունները լինեն միայն օբյեկտիվ քաղաքական ճգնաժամի պայմաններում, ճշմարտություն է, իսկ 2021 թվականին նման խնդիր չկար․ եթե վարչապետը հրաժարական էր ներկայացրել, այդ նույն Ալեն Սիմոնյանը, որ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ էր, պիտի նաև տեղյակ լիներ, որ Ազգային ժողովի պարտավորությունն էր ընտրել նոր վարչապետի։ Իրենք արհեստական կերպով են երկրում ստեղծել ճգնաժամ և նոր վարչապետ ընտրելու փոխարեն գնացել են արտահերթ ընտրությունների, իսկ հիմա իրենք նման քայլի չեն գնում, քանի որ վստահ են՝ ընտրություններում որևէ մեկը իրենց օգտին չի քվեարկելու, իսկ իրենք առաքելություն ունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեբեփ Թայիփ Էրդողանի առջև»։

Ալեն Սիմոնյանի միտքն այն մասին, որ իրենց իշխանությունն առաքելություն ունի Հայաստան ու տարածաշրջան խաղաղություն բերել, Ղազարյանը թշնամական շահերը սպասարկելու հանձնարարություն որակեց․

«Դա ոչ թե առաքելություն է, այլ հանձնարարություն է մեր թշնամիներից սպասարկելու նրանց թշնամական շահերը։ Սա է Ալեն Սիմոնյանի և իր մասնակցությամբ Քաղաքացիական պայմանագիր անունը կրող կազմակերպված հանցախմբի դերը մեր երկրի հանրային կառավարման համակարգում»։

Շարունակելով մեկնաբանել Սիմոնյանի՝ իշխանության կողմից Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն բերելու առաքելության մասին միտքը, Ղազարյանը հավելեց․

«Ինքը տեղյա՞կ է, որ մեր երկրում ու տարածաշրջանում պատերազմ և անկայունություն եղել է միայն 2018 թվականի ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո․ սկսվել է ու չի ավարտվում։ Ինքը տեղյա՞կ է, որ Հայաստանի պատմության մեջ ռազմական դրություն հայտարարվել է միայն իրենց իշխանության օրոք։ Ինքը տեղյա՞կ է, որ Հայաստանում արտակարգ դրություն հաստատվել է ամբողջ երկրի մասշտաբով մեկ տարուց ավելի ժամկետով միայն իրենց պաշտոնավարման օրոք։ Իրենց պատկերացումները և իրենց իրական գործողությունների մեջ տարբերությունները շատ մեծ են։ Այս երկրում ու տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանում իրենք վռնդվեն իշխանությունից, և հայ ժողովրդը վերականգնի օրինական իշխանությունը՝ ազատագրվելով Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և ադրբեջանաթուրքական ռեժիմին սպասարկող այլ գործիչներից»։

Oragir.News-ի հեր զրույցում Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաև Ալեն Սիմոնյանի այն մտքին, թե իրենք կներկայացնեն իրենց տեսլականը, ընդդիմադիրները՝ իրենց, ու Հայաստանի ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրությունների ու կընտրի այն իշխանությանը, որին ճիշտ կգտնի։

«Ես կարծում եմ՝ ազատազրկման վայրում գտնվողները նման հնարավորությունից օգտվել չեն կարող, իսկ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի միակ տեղը, որտեղ պետք է իրենք բացատրություններ տան և ներկայացնեն իրենց տեսակետները, պետք է լինի Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննիչի աշխատասենյակը»։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր նաև այն մասին, որ Ուկրաինայի նախագահի այցը կլինի տարածաշրջանային, այլ ոչ թե Հայաստան, Ղազարյանն այսպես մեկնաբանեց․

«Նշանակում է, որ Ալեն Սիմոնյանը տեղեկություններ ունի ոչ միայն Հայաստանի վարչապետի, այլ նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, այլապես որտեղի՞ց նա պիտի իմանա, թե Ուկրաինայի նախագահը Ադրբեջան գնալո՞ւ է, թե՞՝ չէ։ Եթե նա նման տեղեկություններ ունի, նշանակում է՝ այդ տեղեկությունները ստացել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից՝ ավելի հաստատելով ադրբեջանական կողմի շահերը սպասարկելը և նրանց հետ կապի մեջ լինելու ենթադրյալ կասկածը, ավելի շուտ՝ համոզմունքը»։

Oragir.News-ի հետ զրույցը ամփոփելով՝ Ղազարյանը կարծիք հայտնեց նաև Զելենսկու այցի մասին Հայաստան՝ նշելով, որ այցն անթույլատրելի է՝ պայմանավորված Հայաստանի հանդեպ Ուկրաինայի իշխանությունների՝ մինչև հիմա դրսևորած վերաբերմունքով․

«Կարծում եմ, որ անթույլատրելի է Ուկրաինայի նախագահի այցելությունը Հայաստան՝ պայմանավորված Հայաստանի հանդեպ Ուկրաինայի իշխանությունների՝ մինչև հիմա դրսևորած վերաբերմունքով։ Արդեն ինչքան ժամանակ է՝ Ուկրաինան Հայաստանում նույնիսկ դեսպան չի նշանակում՝ իր արհամարհական վերաբերմունքը արտահայտելով մեր պետության նկատմամբ, էլ չասած՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական և այլ տիպի աջակցության մասին և Ադրբեջանի հետ ունեցած իրենց փոխգործակցության մասին։ Կարծում եմ՝ Հայաստանի հանդեպ նման վերաբերմունք ունեցող իշխանության ներկայացուցիչը Հայաստան այցելելու իրավունք չունի»։