copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:39 07-04-2022

Եթե մարդիկ տեսնեն, որ արդեն կա QR-ով հուշաքար կամ հուշաքարեր, արդեն իրենք էլ են ցանկանալու պատվիրել

Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում էր մի հայտարարություն, որտեղ ասվում էր, որ այսուհետ հնարավոր է գերազմանաքարի վրա տեղադրել QR կոդ: Անցորդը, սքանավորելով հուշաքարի վրա տեղադրված կոդը, հնարավորություն կունենար բացել հանգուցյալի հիշողության էջը, որը պարունակում է լուսանկարներ, տեսանյութեր, այլ անձնական տվյալներ:

Oragir.news-ը զրուցեց այդ գաղափարի հեղինակի հետ, ով մասնագիտությամբ գերեզմանաքարերի նկարիչ է: «Մեկ տարի առաջ ընկերոջս հետ որոշեցինք այդպիսի բան անել:Հետո արձագանքներից հասկացանք, որ դեռ Հայաստանի համար չի դա,դրա համար կասեցրել ենք, էդպես մնացել է, հիմա չի գործում»:

Մեր զրուցակիցը`Աշոտ Բաղդասարյանը, ասաց, որ ներկայումս Հայաստանում դեռ չկա գերեզմանաքար, որի վրա QR կոդ լինի. «Իրականում, հաճախորդները գաղափարը հավանում էին, բայց, քանի որ մենք մեկ տարի առաջ էինք բացել, շատերը չգիտեին էլ, թե ինչ է QR կոդը:Հիմա, երբ սկսեցին պատվաստումների QR կոդերը շրջանառել, նոր հասկացել են, թե QR կոդը ինչ է»:

Բաղդասարյանը պատմեց, որ արձագանք եղել է, բայց պատվերներ`ոչ: «Ոչ դրական, ոչ էլ բացասական արձագանք էր, ավելի շուտ արտասովոր էր, թե ինչպես կարող է Հայաստանում գերեզմանաքարի վրա QR կոդ լինել: Մեր սովորույթների համար մի քիչ այն չէր երևույթը: Ժամանակ է պետք, որ մարդկանց կողմից ընկալվի: 6 տարի առաջ չկային գունավոր նկարներ գերեզմանաքարերի վրա, նույն կերպ չէին ընկալում, որ բացի սև ու սպիտակից, կարող է ուրիշ գույն լինել գերեզմանաքարի վրա, իսկ հիմա բոլորը ընկնում են գունավոր նկարների հետևից, շատ պահանջված է»:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ մարդիկ հավանում էին գաղափարը, բայց չէին պատվիրում, Բաղդասարյանը պատասխանեց. «Գաղափարը էնպես է, որ բոլորը ցանկանում են, բայց խնդիրը այն է, որ ոչ ոք չի ուզում լինել առաջինը, մյուս խնդիրը նրանում է , որ մահացածի տվյալները, տեսանյութերերն ու նկարները չեն կարողանում հավաքել ու մեզ փոխանցել:Երբ ես ասեմ, որ պետք է այդ տվյալները հավաքեն ու ինձ տան, հնարավոր է, որ էլ չցանկանան:Եթե մարդիկ տեսնեն, որ արդեն կա QR-ով հուշաքար կամ հուշաքարեր, արդեն իրենք էլ են ցանկանալու պատվիրել, բայց ոչ ոք առաջինը չի ուղում լինել: Ոչ առաջինն են ուզում լինել, ոչ`վերջինը»-ասաց նա:

Գերեզմանաքարերի նկարիչը պատմեց, որ ինքն աշխատում է և մայրաքաղաքում, և մարզերում: Նրա խոսքով` մարզերում մի քիչ ավելի ուշ է զարգանում գունավոր նկարների և QR-կոդերի տեղադրման մշակույթը, քան`Երևանում:

«Մեկ տարվա ընթացքում եղել են շատ արձագանքներ հիմնականում երիտասրդների կողմից, քանի որ մեր հայտարարությունը տարածվել էր սոցցանցերում և հիմնականում երիտասարդներն էին կարդացել: Սկզբում մի քանի հոգի հարցնում էին, թե ոնց է աշխատում, ինչ արժե և այլն, բայց հետո համեմատաբար նվազեց հարցնողների քանակը: Վերջին շրջանում նորից սկսեցին տարածել մեր հայտարարությունները, քանի որ QR կոդի մասին շատերն արդեն գիտեն, նկատվում է հետաքրքրվածության աճ»:

Խոսելով QR-կոդերի տեղադրման արժեքի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ եթե գաղափարը կյանքի կոչվի, բոլոր խավի մարդկանց էլ հասանելի կլինի: «Ես իմ աշխատանքային փորձից եմ ասում` եթե խոսքը վերաբերվում է գերեզմաններին, ապա ինչ գին էլ լինի, հաճախորդը տալիս է: Ամենաշատ փողերը Հայաստանում ծախսվում է գերեզմանաքարերի վրա: Սկզբում մենք որոշել էինք մոտավորապես 10 հազար դրամի սահմաններում անել: Այն դեպքում, երբ մի նկարն արժե 20-30 հազար դրամ, կարծում եմ` ամենացածր խավն էլ կհամաձայնի մեր առաջարկած գնին: Ես նույնիսկ մտածել էի, որ արժենար հազար դրամ, եթե տվյալները իրենք լրացնեին, կամ նույնիսկ առաջին մի քանի մարդու համար անվճար կանեի, որպեսզի գաղափարը տարածվեր»:

Աշոտ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում ինքն առաջինն է, ով մտածել է այս գաղափարի մասին. «Երբ գաղափարը առաջացավ մոտս, ես սկսեցի ուսումնասիրել, թե եղել են այսպիսի փորձեր աշխարհի ուրիշ երկրներում կամ գուցե Հայաստանում: Չինաստանում, օրինակ, քարերը համեմատաբար փոքր են, և, քանի որ այնտեղ տեղնոլոգիաները ավելի զարգացած են, տարածված են նաև QR-կոդերով գերեզմանաքարեը:Փորձեր եղել են նաև Ռուսաստանում, բայց չգիտեմ` հաջողվել է, թե`ոչ: Հայաստանում դեռ չի եղել այսպիսի բան, ես երևի առաջինն եմ»:

Նրա խոսքով`հիմա սպասում է նոր արձագանքների, որպեսզի հասկանա` կյանքի կոչի՞գաղափարը, թե` ոչ:

Անահիտ Սվարյան