Երևան +13°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:36 06-04-2022

Սևանի մակարդակը 2021թ.-ի համեմատությամբ նվազել է ևս 18 սմ-ով

2021թ.-ի մարտի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում էր 1900 մետր 55 սմ։ 2021թ.-ի ապրիլի 1-ին այն 1900 մետր 63 սմ էր։
2022թ. մարտի 1-ի դրությամբ լճի մակարդակը 1900 մետր 39 սմ էր։ Ապրիլի 1-ի դրությամբ՝ 1900 մետր 45 սմ։ Փաստորեն 2022թ.-ի մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 6 սմ-ով։ Մինչդեռ 2021թ.-ի նույն ժամանակամիջոցում այն բարձրացել էր 8 սմ-ով։ Հավելենք նաև, որ 2022թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ լճի մակարդակն ամբողջ 18 սմ-ով ցածր է 2021թ.-ի ապրիլի 1-ի ցուցանիշից, որից հետևում է, որ Սևանա լճում անցած տարվա նույն օրերի համեմատությամբ ջուրը պակաս է շուրջ 230-240 մլն խմ-ով։

Դեռ 2021թ.-ին կառավարության կողմից արված կանխատեսումները, որ 2022թ.-ի հունվարին լճի մակարդակը 2021թ.-ի հունվարի համեմատությամբ կբարձրանա 11 սմ-ով՝ հասնելով 1900 մետր 62 սմ-ի, չիրականացան։ 2022թ.-ի հունվարի 31-ին լճի մակարդակը 1900 մետր 39 սմ էր, ինչը 13 սմ-ով զիջում էր նախորդ տարվա ցուցանիշին։ Փաստացի, փետրվարի 1-ի համեմատությամբ, ապրիլի 1-ին ունեցել ենք ընդամենը 6 սմ աճ, որն էլ գրանցվել է մարտ ամսվա ընթացքում։ Մինչդեռ 2021թ.-ի նույն ժամանակահատվածում լճում ջրի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով։

Անցած տարի մայիսի սկզբներին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021թ. հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։ Այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է, նշել էր նա (թե ինչ կառավարման որակի մասին է խոսում Փաշինյանը՝ գիտի, թերևս, միայն ինքը)։

«2021թ. մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա, մայիսի 13-ին՝ 1900.83 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով։ 2021թ.-ի հունիսի վերջերին լճի մակարդակը 1900 մետր 80 սմ էր, մինչդեռ 2020թ.-ի նույն օրերին՝ 1900 մետր 84 սմ։ 2017թ. մայիսի 26-ին, երբ Արփա-Սևան ջրատարը 10 տարվա շինարարությունից հետո ընդամենը 1.5 ամիս էր գործում, Սևանա լճի մակարդակը հասել էր 1900 մետր 86 սմ-ի։ Փաստորեն, Փաշինյանը, իմանալով հանդերձ, որ իր ասածը բոլորովին էլ չի համապատասխանում իրականությանը, մի քիչ մանևրելով «խայծը գցեց»՝ մեկ էլ տեսար ստացվեց սկզբունքով։ Չստացվեց։ Անմիջապես հրապարակվեցին փաստեր, տվյալներ, համաձայն որոնց՝ 60 տարվա ամենասենսացիոն նորություններից մեկը պարզապես բլեֆ էր։ Իսկ վերջին 60 տարիների իրական «սենսացիոն նորությունը», որը փորձում էր իրեն վերագրել Փաշինյանը, եղել էր «նախկինների» օրոք՝ 2017թ. մայիսին, երբ Սևանա լճի մակարդակը հասել էր 1900.88 մ-ի։

Վերջին առատ տեղումներից հետո մասնագետները անհավանական չեն համարում լճի մակարդակի էլ ավելի բարձրացումը, բայց Փաշինյանը թերևս այս անգամ վախենում է (չնայած նա ստելուց ոչ միայն չի վախենում, այլև վատ չի զգում) նախապես սենսացիոնից խոսել, որովհետև շատ լավ հասկանում է, որ անկախ ջրի պաշարների քանակից, քանի որ ոլորտում կառավարումը զրո է, ամռանը ոռոգման ջրի լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Եվ եթե հիմա խոսի ջրի նոր սենսացիոն քանակներից, ամռանը չի կարող «ոռոգման ձախողումները» բարդել երաշտի վրա։

Հավելենք, որ հանրապետության գրեթե բոլոր արհեստական ջրամբարներում այս պահին կուտակված ջրի ծավալները էապես զիջում են 2021թ.-ի մակարդակը։ Ջրի կուտակման առումով, թերևս, ամենալավ վիճակը Ազատի ջրամբարում է, որտեղ կուտակվել է ջրամբարի տարողության 50%-ից ավելի ջուր (70 մլն խմ տարողության ջրամբարում, վերջին տվյալներով, կուտակվել է 35.3 մլն խմ)։ Անցած տարի նույն օրը ջրամբարում կուտակվել էր 37.7 մլն խմ ջուր։ Բայց, մասնագետների գնահատմամբ, ձնհալը նոր է սկսվում, և մարտի երկրորդ կեսին տեղացած առատ ձյունը լեռներում նոր միայն հալվելու է։ Հետևաբար, ըստ մասնագիտական գնահատականների, վերջին առատ տեղումների շնորհիվ երաշտի վտանգն իսպառ վերացել է, մնում է միայն, որ կարողանան ջրի փոքրիշատե ճիշտ կառավարում իրականացնել։