Միտք 4 տարի առաջ - 16:18 04-04-2022

Պրոռուսական գամբիտ…

Ուկրաինական մարդակուլ ճահճում խրված «վելիկոռուսական պախանատը» ցայտնոտի մեջ է… Լիովին գիտակցելով ցուգցվանգային իրավիճակի վտանգավորության ռեալությունը՝ նա իրեն պատեպատ է զարկում՝ փորձելով «էշի» վրայից իջնելու արժանապատիվ ելքեր մոգոնել՝ այդ կերպ թաքցնելով բլից կրիգի տապալմամբ պայմանավորված ակնառու ֆիասկոն: Առաջնային ճակատից հանրային ուշադրությունն ամեն կերպ շեղելու, «էշի վրա նստելու այիբը» նրբորեն քողարկելու նպատակով էլ նա սկսել է մտմտալ «պլան-բ»-ի գործարկման հաշվին երկրորդ ճակատում լոկալ զարգացումներ հրահրելու քանիցս փորձարկված տարբերակը: Ադրբեջանի նկատելի ակտիվությունն ու արցախյան վերջին զարգացումները Փառուխի և Խրամորթի ուղղությամբ հարկ է դիտարկել հենց այս հոլովույթում: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել ատամները կրճտացնող ագրեսիվ հարևանի անհագուրդ ախորժակը զսպելու, նրան կարգի հրավիրելու համար: Այսօրինակ իրավիճակների մասին, որպես կանոն, ազգովին սկսում ենք մտածել, երբ բանը բանից անցած է լինում, երբ «մեր հույս մնաց օրորոցին»-ի դառը իրողությունը նկատելի տեղատվությամբ է մեզ հասու դառնում… Սա, ինչպես ընդունված է ասել, մտորման համար:

Ի տարբերություն հայաստանաբնակների գերակշիռ մասի, ներկա պահին բոլորին մտատանջող գլուխկոտրուկի պատասխանը միանշանակ գիտի միայն իրավիճակի շտկումը բացառապես Փաշինյանի գահընկեցությամբ պայմանավորող նորահայտ միավորի՝ միութենական պետության կազմում ընդգրկվելու անթաքույց ցանկություն ունեցող և ռուսական «գուբերնիա» դառնալու երանությունը կանխավայելող խորհրդարանական «ընդդիմությունը»: Մինչ աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհայինի շեմին, մինչ սովորական մահկանացուները մտածում են իրենց սերունդների խիստ մշուշոտ ապագայի մասին, նույն այդ ընթացքում մեղսավոր նախկիններն ու անմեղսունակ ներկաները հայտնվել են հանրահայտ անեկդոտի ամենաանկախ երկրի՝ Մոնղոլիայի դերում: Ի սեր անկեղծության հարկ է նկատել,որ նրանք այլևս կարիք էլ չեն զգում թաքցնելու, որ իրենցից ոչինչ էլ կախված չէ, որ իրենք քաղաքական պոդիումի վրա հայտնվել են մեն մի՝ «Լավագույն վասալ» անվանակարգում «հաջողություն» գրանցելու ու այդ մրցույթի հաղթողի «դափնիներն» առինքնելու համար: Անտեսելով անկախ պետականության գլխին կախված կորստյան ակնառու վտանգը՝ նրանք շարունակում են երերուն կամրջի վրա միմյանց միջև ծայր առած մահաբեր գզվռտուքը: Այդպես էլ՝ սևն ու սպիտակը, ներկան ու նախկինը, ճիշտն ու սխալը, միախառնվելով ու իրար հերթ չտալով, սողոսկում են բանից անտեղյակ օգտատերերի «կուսական» ուղեղները: Վախի աչքերն ավելի մեծացնելու գործում իրենց անուրանալի մասնակցությունն են ունենում նաև լվից փիղ սարքելու անզուգական վարպետ՝ ԶԼՄ ներկայացուցիչները: Ու սա միտում ունի շարունակվելու մինչ այն պահը, երբ կհայտնվի «անտառապահը»:

Հիշեցի՞ք… Հարձակվում են կարմիրները՝ սպիտակներն են նահանջում, հարձակվում են սպիտակները՝ կարմիրներն են նահանջում, ու այսպես շարունակ, մինչև այն պահը, երբ այդ ամենը սկսում է ձանձրացնել «Անտառապահին», ու նա երկու կողմին էլ ուղարկում է գրողի ծոցը… Իսկ սա, ավաղ, կործանում է նշանակում ու պետականության կորուստ նշանավորում…


Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ