copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:02 02-04-2022

Արցախի խաղաղության ռուսական սցենարը, հավանաբար, կմերժվի

Եվրոպայի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծանում է։ Երեկ Երևանում էր ԵԱՀԿ գործող նախագահը, ՀՀ ԱԽ քարտուղարը ինտենսիվ բանակցություններ է վարում Եվրամիության երկրներում։ Ուշագրավ է, որ ՌԴ-ն ևս դրական է գնահատում Եվրամիության ներգրավվածությունը, կարծես՝ զիջելով Հարավային Կովկասում իր դոմինանտությունը։ Այս բանակցությունների շարքում ամենասպասվածը Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումն է լինելու, որից հայտնի է այն, որ քննարկվելու է նաև Արցախի հարցը։

Մինչև երեկ ենթադրվում էր, որ Արևմուտքը հայ-ադրբեջանական օրակարգում ներկա է միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման հարցերում։ Սակայն Զբիգնև Ռաուի այցից հետո քաղաքական համայնքի տրամադրությունը փոխվեց։ Արարատ Միրզոյանը բովանդակային որակեց զրույցը և ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում։ Մի շարք կուսակցություններ և ՀԿ-ներ ՀՀ իշխանություններից պահանջեցին դիմել ՄԱԿ ԱԽ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք հրավիրեց ապրիլի 5-ին, որտեղ, ըստ կանխատեսումների՝ փորձելու են ցույց տալ Արցախի ազատության համար պայքարող հայ ժողովրդի հաստատակամությունը։ Սա նշանակում է, որ Զբիգնև Ռաուի հետ քննարկվել են Միշել-Փաշինյան-Ալիև օրակարգի որոշ սկզբունքներ։ Եվ եթե Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցություններն, իրոք, շուտափույթ պիտի վերսկսվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո, ապա Արցախում խաղաղության պահպանման ռուսական սցենարի մերժման մասին ևս հայտնի կդառնա ապրիլի 6-ին, և Արցախի ազատության երաշխավոր կկարգվի ԵՄ-ն, որը Հարավային Կովկասում ազատության և խաղաղության հավակնոտ օրակարգ ունի։

Կասկածից վեր է, որ Շարլ Միշելն այս անգամ ևս կփորձի միջնորդել, որպեսզի ադրբեջանական կողմն ազատ արձակի պատանդի կարգավիճակում պահվող հայ ռազմագերիներին։ Ենթադրելի է, որ դա կհաջողվի, որից հետո կբարձրանա Եվրոպայի հեղինակությունը Հայաստանում և Արցախում։ Այդպիսով կապացուցվի, որ Եվրոպան, որպես Հարավային Կովկասում միջազգային միջնորդ ու անվտանգային երաշխավոր, Բաքվում հայ պատանդ պահելը մերժում է գործնականորեն։

Հարավային Կովկասի ազատության համար կա նաև սուբյեկտիվ խնդիր, որը նույնպես կարևոր է։ Հայ քաղաքական համայնքի այն հատվածը, որը մինչև փետրվարի 24-ը Ռուսաստանի հետ էր կապում Արցախի հարցն ու ՀՀ անվտանգային հարցերը, կարող է հասկանալ, որ աշխարհում լուրջ բան է փոխվել։ Ըստ այդմ՝ կարող են խմբագրել քաղաքական խոսույթը։ Լավ կլինի, որ այդ խմբագրումը նկատվի ապրիլի 5-ին։