Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:42 02-04-2022

Սթրեսի էի ենթարկվում, երբ տղայիս գիժ էին ասում. աուտիզմ ունեցողի մայրը՝ որդուն պահելու դժվարությունների մասին

Ապրիլի 2-ը նշվում է որպես աուտիզմ ունեցող մարդկանց իրազեկման միջազգային օր։ Oragir.news-ը զրուցել է «Սովորեցրու ինձ ավելին - ուսուցման և զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ, TMM SOFT ՍՊԸ ղեկավար, ԴՎՄ մեթոդի համահիմնադիր Լենա Հարությունյանի հետ, որը պատմեց աուտիզմ ունեցող որդու՝ 15-ամյա Նարեկի մասին. «Եթե անկեղծ ասեմ, ապա ես ինձ շատ յուրահատուկ եմ զգում։ Նախկինում ես ինձ սովորական ու հասարակ մարդ էի համարում, բայց չէի գիտակցում։ Մինչև Նարեկն արժեքներ կային կյանքում, որ չգիտեի՝ ինչ են, կյանքն ինչ է, ինչ կարելի է քաղել կյանքից։ Բայց երբ հասկացա, որ Նարեկն ինձ համար մեծ ուսուցիչ է, դարձա յուրահատուկ մամա»։

Լենան, անդրադառնալով աուտիզմ ունեցող Նարեկին ընտանիքում, շրջապատում ընդունելու հարցին, ասաց, որ խնդիրների բախվել են, երբ տղան 1.5 տարեկան է եղել։ Երբ հասկացել է, թե ինչ է աուտիզմը, մտածել է, որ դա ճակատագրական հարված է, ինքը դատապարտված է, սակայն վստահ է եղել, որ նույն իրավիճակում հայտնված բոլոր մայրերն էլ ունեցել են նույն զգացողությունները։
Այն ժամանակ, երբ ախտորոշվել է որդու հիվանդությունը, ՀՀ-ում հոգեբույժներ կային, որոնք դեմ էին այս երեխաների՝ ընտանիքներում մեծանալուն, Լենան անգամ որոշել էր լքել Հայաստանը. «Միշտ ինձ հարցնում էի, թե ինչի՞ց կարող է լինել Նարեկի աուտիզմը, գուցե գենետիկ խնդիրներ կան, միգուցե ինձնից է, անընդհատ դատապարտում էի ինձ, որ ես եմ մեղավոր, համեմատում էի այլ երեխաների հետ ու սկսում ինքս ինձ մեկուսացնել, պայքարում էի ինքս իմ դեմ։ Ութ տարի պայքարում էի, ամենքս մեզ համար առանձին տանջվում էինք։ Ամուսիններով երկար ժամանակ գրեթե չէինք խոսում, փորձում էինք թաքցնել երեխայից իրողությունը: Եթե ես այս գիտելիքներն ի սկզբանե ունենայի, ապա այսքան փորձությունների միջով չէի անցնի»։

Խոսելով որդու հիվանդության մասին իմանալու և սկզբնական շրջանը հաղթահարելու մասին՝ ասաց, որ առաջին փուլը դժվար է եղել, մտածել է, որ ճանապարհ չկա, թեպետ ընտանիքը՝ ամուսինն ու աղջիկը, կողքին են եղել. «Հույզերս շատ են, նախ՝ որպես մայր, ես շատ եմ ուզում, որ մեր երեխաներն ընդունելի լինեն հասարակության կողմից, մենք ունենք լուրջ դժվարություններ, և աուտիզմ ունեցող ցանկացած երեխայի դեպքում փոքր դժվարությունից մինչև մեծ դժվարություն տարբերվում է։ Գլոբալ առումով դրանք հաղորդակցման հետ կապված դժվարություններ են, որոնք խանգարում են հասարակության մեջ ճիշտ ներառվելուն։ Այսպիսի մի խոսք կա՝ ես նման չեմ ձեզ, բայց ձեզանից մեկն եմ։ Մենք պետք է հասարակության մեջ ճիշտ վերաբերմունք ձևավորենք, որ նման երեխաները լինեն հասարակության լիարժեք անդամ: Մենք, իհարկե, միայնակ չենք կարող հաղթահարել նշված խնդիրները, որովհետև հենց ինքներս էլ՝ ծնողներս, հաճախ կբախվենք հաղորդակցման այդ խնդիրներին։ Մենք պետք է ծնողներով հաղթահարենք դա և չմեկուսանանք»։
Լենան, հաղթահարելով իր մեջ բոլոր բարդույթները, այժմ ունի ՀԿ, որը զբաղվում է աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրներով՝ նպատակ ունենալով իրազեկելու հասարակությանը, որ աուտիզմ ունեցող երեխաները հասարակության լիարժեք անդամ են և ընդունելի պետք է լինեն։

«Կան երեխաներ, որոնց ուզում ենք հասցնել այն աստիճանի, որ նրանց ընդգրկենք սոցիալական միջավայրում, և հասնենք ընդհուպ նրան, որ ունենան աշխատանք։ Հասարակության մեջ ունենան տեղ ու դեր, բայց կան նաև երեխաներ, որոնց պետք է օգնենք, որ մեծանան ու հասկանան, թե ինչով են զբաղվելու, որ տանը չպարփակվեն»,- նշեց Լենան։

Նա, խոսելով որդուն մեծացնելու ընթացքում իր հուսախաբությունների և դժվարությունների մասին, ասաց, որ առաջին անգամ հուսախաբ է եղել այն ժամանակ, երբ որդուն տարել է մանկապարտեզ ու հասկացել, որ նա հաղորդակցման խնդիր ունի, առողջ երեխաների հետ չի կարող հաճախել մանկապարտեզ, առողջ չէ, նման չէ մնացածին ու խանգարում է մյուսներին. «Երբ գիտակցեցի, որ նրան պետք է ներառեմ միջավայրում, արդեն իսկ ինձ համար դժվար էր։ Միայն միտքը, որ մենք խանգարում ենք մնացածին ապրել, արդեն մեծ սթրես էր, որը մինչև հիմա չեմ կարողանում հաղթահարել։ Ամենադժվարը երեք տարեկան Նարեկի մանկապարտեզի այդ դեպքն էր։ Ես այդ օրվանից հասկացա, որ մենք պետք է շատ աշխատենք, կարծրատիպեր կոտրենք, հետո նոր սևեռվենք մնացած խնդիրների վրա։ Հիշում եմ՝ մի անգամ այնքան հուսահատված էի, որ շորերով կանգնել եմ սառը ցնցուղի տակ, որպեսզի ջուրը մաքրի բոլոր հուսահատություններս»։

Լենան վստահ է՝ երբ դրսում չես կարողանում հաղթահարել խնդիրները, դրանք տուն ես բերում, սկզբնական փուլում չի էլ հասկացել, թե ինչպես պետք է պաշտպանի երեխային. «Ցավոք, հաճախ էի պատահական լսում, որ տղաս գիժ է, նորմալ չի։ Մի բան ասեմ. պետք է հաղթահարենք կոմպլեքսները, հասարակությանն իրազեկենք ու դառնանք այն մեխը, որ փոփոխության սկիզբ կդառնա հաջորդ սերնդի համար»։

Նարեկն այժմ 15 տարեկան է, սովորում է դպրոցում ու մայրիկի կենտրոնում էլ է ակտիվ։
«Տարիների աշխատանքի արդյունք է, որ դուրս գա, շփվի, հիմա ամենադժվար տարիքն է, պետք է շատ ու ճիշտ աշխատենք, որ կարողանանք այդ փուլն էլ հաղթահարել»,- եզրափակեց Լենան։


Քնարիկ Պետրոսյան