Երևան +16°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:49 01-04-2022

Վանաձորում շները ամեն օր մարդ են կծում

Թափառող շները Վանաձորում ամեն օր մարդ են կծում, երբեմն էլ հոշոտում։ Շատացել են քաղաքում թափառող շները և դրանց շատացման հետ նաև հարձակումների ու կծելու դեպքերը։ Շների հարձակման խնդրով Վանաձորի անունը առաջին անգամ չէ, որ հիշատակվում է մամաուլում, այս մասին բազմիցս գրվել և խոսվել է գրեթե յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո, սակայն դեպքերի թիվը շարունակում է ավելանալ։ Վերջերս կրկին մի քանի երեխա շների հարձակման և կծելու հետևանքով հայտնվել է հիվանդանոցում տարբեր աստիճանի վնասվածքներով։

Oragir.news-ը զրուցեց մի քանիսի ծնողների հետ, ովքեր ասացին, որ երեխաները արդեն լավ են, բայց այլևս հնարավոր չէ Վանաձորում մենակ տանից դուրս գալ։ Տուժած երեխաներից Միքայելի մայրն էլ ասաց, որ իրենց դեպքը քչերից չէ, և նման դեպքերի մասին ամեն օր լսում են։ «Դեպքը առավոտյան է եղել՝ դպրոց գնալիս։ Մենք միշտ միասին ենք գնացել, բայց այդ օրը ես իր հետ չկարողացա գնալ։ Ճանապարհին շներ են հավաքված եղել, սկսել են հաչալ, ու երեխայի ասելով շունը հաչալով եկել, հետևից բռնել է։ Երեխան հիշում է, որ շան ականջի նշանը չի եղել, դե նշան ունեցող շները գոնե գիտենք, որ կատաղություն չկա, այդքան չենք վախենում իսկ առանց դրա ավելի վախենալու է դառնում։ Մեր ապահովության համար 3 անգամ պատվաստել ենք, հուսով եմ խնդիր չի լինի։ Անցած տարի, ամբողջ օրը թողել եմ երեխան մենակ բակում խաղա, հիմա խայտառակություն է, մանավանդ երբ սկսում է մի քիչ մթնշաղ դառնալ, ուղակի խայտառակություն է, 8-ով, 10-ով լցվում են բակերում։ Որևէ մեկն էլ այս հարցով չի զբաղվում, առաջ այսքան չկային, բայց հիմա այլևս հնարավոր չէ։ Նման դեպքեր ամեն օր լսում ենք, նույնիսկ աղբ թափելու ժամանակ են հարձակվում։ Վերջերս էլ մի կնոջ աղբանոցում 3-4 շներով գզել են, եթե չեմ սխալվում 12 պատվաստում է ստացել»-ասաց Միքայելի մայրը։

7 ամյա Ռուբիկի մայրն էլ հավելեց, որ իր երեխային ինչ-որ մեկի շունն է կծել, բայց թափառող շները ավելի մեծ վտանգ են ներկայացնում։
«Շունը հարձակվել էր տղայիս վրա և կծել էր ոտքը։ Ճիշտ է վնասցածքը շատ խորը չէր, ատամները չէր մտել մսի մեջ, բայց քերել էր մաշկը։ Երեխային տարել ենք հիվանդանոց, այդ օրը պատվաստեցին, բայց հաջորդ պատվաստումը պետք է պոլիկլինիկայում լիներ, բայց իրենք այդ դեղերից չունեին, նորից տարանք հիվանդանոց։ Ասում են, դա ինչ-որ մեկի տան շունն էր, որը փախել էր, բայց այնպես է, որ փողոցի շներն էլ շատ-շատ են ու ավելի վտանգավոր, արդեն ես վախենում եմ երեխային թողնել որ տնից դուրս գնա։ Մենակ չենք թողնում դպրոց գնա-գա, բակում խաղալն էլ վտանգավոր է դարձել։ Այն ժամանակ Ռուբիկը չէր վախենում, հիմա արդեն ինքն էլ է վախենում դուրս գա, մենք էլ։ Հիվանդանոցում էլ էի շատ հանդիպում պատվաստվողների շան կծածի դեմ, անգամ մի մեծ կին կար, ում վրա 10 շուն էր հարձակվել ու կծել։ Էսպիսի դեպքերը շատ-շատ են, ամբողջ փողոցը մենակ սոված թափառող շներ են։ Աղբամանների կողքին առավել ևս շատ են, աղբ թափելու ժամանակ էլ են հարձակվում մեզ վրա, ահավոր վիճակ Է, ոհմակներով ման են գալիս, չգիտեմ այսպես որ շարունակվի ինչ վիճակ կլինի» ասաց Ռուբիկի մայրը։

Oragir.news-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն ասաց, որ գրեթե ամեն օր լինում է շան կծածով հիվանդանոց դիմող անձ․ «Նման դեպքեր գրեթե ամեն օր լինում են, ամեն օր կա շան կծածով հիվանդանոց դիմող անձ։ Առհասարակ թափառող շներ ամբողջ Հայաստանով կա, երբ օրենք ընդունվեց, որ այդ շներին չի կարելի ֆիզիկապես ոչնչացնել, շների պահման տեղեր չկան Հայաստանում, որ այդ շներին տանեն ստերիլիզացիա անեն, կերեկրեն, բուժեն, այդ խնդիրը միշտ կա, Գյումիրում էլ, Երևանում էլ, Վանաձորը դրանով առանձնահատուկ քաղաք չի։ Ես կողմ եմ, որ չսպանեն շներին, բայց պետք է ստերիլիզացիա անեն։ Օրինակ՝ Հոլանդիայում թափառող շներ չկան, բոլորը համարակալված, սերիլիզացիա արված են։ Առաջ մեզ մոտ կրակում- սպանում էին, իսկ հիմա չի կարելի։ Հիմա թափառում են փողոցներում, բազմանում են, նորից ստերիլիզացիա են անում, ականջներին այդ նշանները խփում։ Այսինքն ինքը ստերիլիզացիա արած է, բայց էլի կարող է ցրտից,սովից կամ այլ հիվանդությունից ագրեսիվ լինի և կծի»- ասաց Մկրտչյանը։

Զրուցեցինք նաև Վանաձորի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի հետ, հարցնելով, թե համայնքը նախատեսո՞ւմ է այս հարցին որևէ լուծում տալ, Քալանթարյանը պատասխանեց, որ այժմ ավագանու նիստ չի գումարվում, որ այդ հարցը քննարկվի։
«Արդեն 5-6 ամիս է ավագանին չի գործում, նիստեր չեն գումարվել և այս հարցը վերջին ժամանակներում ընդհանրապես չի հնչել։ Որտեղի՞ց պետք է հնչեր, եթե նիստեր չեն գումարվում։ Իհարկե լավ չի որ այդպես է, համենայն դեպս քաղաքապետարանը իր կազմով գործում է, և օրենքի շրջանակներում կարող են անել, բայց երևի իրենց հայտնի է, որ կենդանիների սպանելը օրենքով թույլ չի տրվում, այլ պետք է ունենալ տեղ, որտեղ նրանց կպահեն»- ասաց Քալանթարյանը։