Երևան +12°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:20 16-02-2022

Գյումրեցիներին ևս սարսափեցնում են թափառող շները

Գյումրիում թափառող շների խնդիրը շարունակում է մնալ օրակարգային։ Վերջերս համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում պատկերված էին մասնատված և գլխատված թափառող կենդանիները։ Թափառող շների խնդրով Oragir.news-ը փորձեց պարզաբանումներ ստանալ թե՛ Գյումրու համայնքապետարանից, թե՛ Գյումրու թափառող շների ստերիլիզացման կենտրոնից։

Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գյումրիում իրականացվում է թափառող կենդանիների վնասազերծման՝ ստերջացման ծրագիր։ Եղել է հայտարարված մրցույթ, կա հաղթող ճանաչված ընկերություն, որն էլ իրականացնում է այդ գործընթացը: «Ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 500 շան ստերջացման համար: Այս ծրագրով իրականացվելու է ոչ միայն ստերջացում, այլ շների պարտադիր թեստավորում, պատվաստում կատաղության դեմ: Քնեցվելու են այն շները, որոնք վտանգ են ներկայացնում հանրության համար: Իսկ ինչ վերաբերում է վերջին 1-2 օրվա ընթացքում համացանցում տարածվող լուսանկարներում առկա իրավիճակին, համայնքապետարանը որևէ առնչություն չունի»:

Դիտարկմանը, որ 500 շան վնասազերծումը այդքան էլ քիչ չէ, և հարցին, թե կա՞ հատուկ մոնիթորինգ՝ շների հայտնվելը քաղաքում հիմնականում ինչո՞վ է պայմանավորված․ գյուղական համայնքների՞ց են գալիս, թե՞ տնակների ապամոնտաժման արդյունք է, Առաքելյանն արձագանեք․

«Խոսքը մոտ 2000 թափառող կենդանիների մասին է, բայց սա հստակ թիվ չէ, գուցե ավելի շատ է, գուցե ավելի քիչ, հնարավոր չէ հստակ ասել: Այո, այդ խնդիրը ևս կա, հարակից համայնքներից ևս հնարավոր է, որ բերում և շներին բաց են թողնում այստեղ: 2020-2021թթ.-ին ևս Գյումրիում իրականացվել է ստերջացման ծրագիր, որի շրջանակներում ստերջացվել են մոտ 1580 շներ»:

Ստերջացման աշխատանքները ինչպե՞ս են կազմակերպվում․ առանձին թաղամասերով վերցվա՞ծ, թե՞ պատահականության սկզբունքով։ «Ահազանգերի միջոցով տեղեկացնում են ընկերության աշխատակիցներին, նրանք էլ բռնում և տեղափոխում են կենտրոն: Իսկ եթե մարդը չգիտի ո՛չ կազմակերպության տեղը, ո՛չ անունը, ո՛չ հեռախոսահամարը, ո՛չ իրավասու մարմնին, այդ դեպքում ի՞նչ է անելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ գործընթացն անարդյունավետ չի՞ դառնում՝ հարցրինք ․ «Այստեղ կան նաև նեղ մասնագիտական նրբություններ, որոնց ես չեմ տիրապետում։ Մասնագիտական հարցերով արդեն կարող եք դիմել կազմակերպությանը կամ ղեկավարին։ Կարող եմ միայն ասել, որ ոչ միայն ահազանգի միջոցով է աշխատանքներ իրականացվում, այլ նաև կենտրոնն է աշխատանքներ տանում այդ ուղղությամբ»,- ասաց Առաքելյանը։

Oragir.news-ը զրուցեց նաև «Գյումրու թափառող շների կենտրոն»-ի անասնաբույժ Արսեն Սումբուլյանի հետ։ Նրան հարցրինք՝ որքա՞ն է կազմում բնակիչների կողմից արված զանգերի օրական թիվը։ Սումբուլյանն ասաց․ «Այս պահի դրությամբ, առաջին օրերի հետ համեմատած, զանգերի թիվը մի փոքր կրճատվել է, քանի որ կազմակերպությունը ակտիվ աշխատանքներ է տանում՝ շների ստերջացման աշխատանքները լիարժեք իրականացնելու համար։ Համայնքապետարանը կնքել է 500 թափառող շան ստերջացման համար, բայց դատելով քաղաքում առկա շների քանակից և ահազանգերի թվից՝ այս թիվը բավականին փոքր է»։ Հարցրինք նաև, թե ի՞նչ մեթոդներով են շներին տեղափոխում կենտրոն․ քնեցնելո՞վ, թե՞ սթափ վիճակում։ «Շները կենտրոն տեղափոխվում են հատուկ մեքենայով, որը կահավորված է շների համար նախատեսված հատուկ վանդակներով, քնեցումով չենք տեղափոխում, բերում ենք սթափ վիճակում։ Այդ ընթացքում օգտագործվում են հատուկ գործիքներ, որոնք անվտանգ են թե՛ շան, թե՛ որսորդի անվտանգության համար»։

Հետաքրքրվեցինք նաև, թե ստերիլիզացման աշխատանքների համար որքան ժամանակ է պահանջվում։ «Բուն գործընթացը՝ վիրահատական միջամտությունը, տևում է մաքսիմում 15-20 րոպե, կենդանի կա 7-9 րոպե, նույնիսկ ավելի կարճ ժամանակում։ Տեղում ուսումնասիրվում է՝ արդյոք շները հիվա՞նդ են, թե՞ ոչ։ Եթե բացահայտվում են, հասարակության առողջության համար վտանգավոր հիվանդություններ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։ Բոլոր շները կլինինիկա ընդունվելու պահին անցնում են նախնական զննում, հիվանդությունների առկայության կասկածների դեպքում անցնում են թեստավորում։ Հասարակության և կենդանիների առողջության համար վտանգավոր հիվանդությունների բացահայտման դեպքում կենդանիները քնեցվում են։ Իսկ եթե բուժվող հիվանդություններ են ապա կենդանասերների հետ փորձում ենք համագործակցել, որ վերցնեն իրենց խնամքի տակ, տեղափոխեն մասնավոր կլինիկաներ, քանի որ մեր կլինիկան հարմարեցված է միայն ստերիլիզացիայի ծրագիրն իրականացնելու համար։

Իսկ եթե բացահայտվում են անբուժելի հիվանդությունները, ապա կենդանիները քնեցվում են։ Խնդրի առնչությամբ Oragir.news-ը զրուցել է նաև գյումրեցիների հետ։ Նրանք փաստում են, որ շների թիվը ամեն օր ավելանում է, նույնիսկ բակերում հայտնվում են շներ, որոնց նախկինում չեն տեսել։ Ասում են՝ սոված են, հետևաբար նաև հնարավոր է հարձակումներ լինեն։

Ֆոտոշարք