Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:52 30-03-2022

Կսպանեմ, եթե պապային ասես, մերոնց խաբել եմ, կամավոր գնում եմ Արցախ՝ կռվեմ. զոհվածի քույրը՝ եղբոր մասին

«Երաժշտական դպրոց ու ըմբշամարտի էր գնում դպրոցի հետ միաժամանակ, աշխույժ էր շատ»,- Oragir.news-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Վախթանգ Օհանյանի քույրը՝ Շաքե Օհանյանը։

Ինչպես պատմում է Շաքեն, եղբայրը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Ակոռի գյուղում, դպրոցն ավարտելուց հետո Վախթանգն ընդունվել է Ոստիկանական ակադեմիա, մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է բանակ, սովորել Արտաշատի ուսումնական զորամասում։

«Երբ պատերազմը սկսվեց՝ այդ օրը հենց մամայի հետ էր խոսել, մաման զգուշացրել էր, որ չգնա, Վախթանգն ասել է, որ եթե իրենից բացի մի տղա էլ ունենային՝ ինքը հաստատ կգնար, բայց քանի որ մենակ ինքն է, չի գնա». Վախթանգն այդկերպ խաբելով հանգստացրել էր մորը ու առաջիններից է եղել, որ գնացել է պատերազմի մասնակցելու։ Ցերեկը ակադեմիայում է սովորել, գիշերը՝ աշխատել։

Պատերազմի լուրն իմանալուց անմիջապես հետո Վախթանգը գնացել է Երևանի զինկոմիսարիատներ՝ կամավորագրվելու, այնտեղ ասել են, որ պետք է գնա իր տարածքային զինկոմիսարիատ, քանի որ թղթեր կային, որ պակասում էին, որոնք Ալավերդիում էին մնացել. «Հետո գնացել է Սպիտակի զինկոմիսարիատ, այդտեղ ասել են՝ մնա քո տարածքում։ Երկար պրոցես է եղել, մինչև եկել է մեր զինկոմիսարիատ, Ալավերդիի զինկոմիսարիատի աշխատողները պապային ծանոթ են եղել, ասել են, որ եկել կամավորագրվել է»։
Պատերազմի հենց առաջին օրերին՝ սեպտեմբերի 27-28-ին, Վախթանգը եղել է հորաքրոջ տանը, իսկ սեպտեմբերի 29-ին անսպասելի եկել ընտանիքի անդամներին ասել է, որ զինկոմիսարիատից իրեն կանչել են. «Դա մեր վերջին տեսակցությունն էր, ու երեկոյան զանգեցինք, կես ժամվա մեջ տեսանք արագ: Էլի խաբեց՝ իբր գնում է Նոյեմբերյան՝ զորավարժությունների, տան դռան մոտ հաջող արեց բոլորին։ Երբ գնաց հասավ մեքենայի մոտ, ինձ ասաց՝ Շաքե, կսպանեմ, եթե պապային ասես, Արցախ եմ գնում կամավոր, որպեսզի կռվեմ»։
Սկզբում տարել են զորավարժությունների՝ Դիլիջանի զորամասում, հաջորդ օրը տարել են Նոյեմբերյանի զորամաս։ Պատերազմի թեժ օրերին գնացել է, հոկտեմբերի 6-ից, բայց Վախթանգին չեն ցանկացել տանել ծանր քաշի պատճառով, բայց վիճել է, ասել է, որ մեկ է՝ պետք է գնա։ Ասել է՝ տանում եք, տարեք, ավելի լավ է օրինական ձևով կռվեմ, քան անօրինական լինի, և ճանապարհի կեսից բռնեն, միևնույն է՝ պետք է կռվեմ։

Հոկտեմբերի 9-10-ին, որ արդեն տեսել են՝ ինչ իրավիճակ է, ընկերները Վախթանգին ասել են, որ հետ գնա, իսկ Վախթանգը միանգամից կոպիտ հակադարձել է:

«Ինքը մեր կողքի գյուղի տղաներից առանձին է եղել, կրակակետում են եղել, երբ ասել են՝ հետ գնանք, Վախթանգն ասել է՝ չեք ջոկե՞լ՝ ուր եք եկել։ Ես հետ չեմ գնալու, գնամ ասեմ՝ փախե՞լ եմ պատերազմից, բա որ դիպլոմս վերցնեն, ասեն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ո՞ւր ես եղել, ի՞նչ պատասխան եմ տալու»,- պատմում է քույրը։

Շաքեն պատմում է, որ եղբայրը Ջաբրայիլում՝ Մեխակավանում է կռվել ու զոհվել ԱԹՍ-ի հարվածից։
«Երբ ԱԹՍ-ն հարվածել է, գլուխը բարձրացրել ասել է՝ ժամկետայինները հետ գնան, միայն թե իրենց բան չլինի, իսկ երբ Երևանում էր ծառայում, ասում էր՝ ինձանից ի՞նչ ծառայող, պետք է դիրքերում կանգնած լինեմ»,- շարունակում է պատմել քույրը։

Վախթանգ Օհանյանը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։ Թաղվել է Ալավերդիի իրենց ընտանեկան գերեզմանատանը, ունի երկու մեդալ՝ Արիության և Մարտական խաչի։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված