Երևան +13°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:24 26-03-2022

Ով կփոխարինի ռուս խաղաղապահին Արցախում

Արցախը հայաթափելու դեմ հանրային դիմադրությունը շարունակվում է։ Լարվածությունը պարպելու դիվանագիտական ջանք է գործադրվում։ Երեկ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ միակողմանի հեռախոսազրույցի ժամանակ հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին։ Ի՞նչ հետաքննության մասին է խոսքը։

ՀՀ իշխանություններն այսպիսի հարց բարձրացնում են առաջին անգամ, ինչը խիզախ հարցադրում է։ Եթե իրականությունը քողարկելու խնդիր չկա, ապա հետաքննությունը կարճ կտևի, քանի որ ականատեսներ կան, որոնք հատվածաբար պատմում են, թե ինչ են արել ռուսները։ Օրինակ՝ Արցախի ՊԲ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մարտի 25-ին ԱԺ-ում լրագրողների հարցին պատասխանելիս նշել է. «Հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի Ասկերանի շրջանի այդ բարձունքը, որովհետև իրենց իսկ առաջարկով ենք դիրքերը հանել»։ Այնպես որ՝ եթե քննիչները հետաքննություն անցկացնեն, ապա վկաների պակաս չեն ունենա։

Այս իրավիճակում ՀՀ իշխանություններն ունեն երկու տարբերակ։ Կա՛մ ամբողջությամբ կհրապարակեն, թե ինչու են ռուսների առաջարկով դիրքերը հանել, կա՛մ հանրությանը կներկայացնեն իրականության հետ կապ չունեցող, հորինված մի պատմություն, որով կփորձեն քողարկել խաղաղապահների հակախաղաղապահական քայլերը։

Եթե ռուս խաղաղապահները հակահայ բաներ չեն արել, ինչի մասին ակնարկում է ՀՀ վարչապետը, ապա կարող են իրավիճակի լարվածության մասին զեկույց հրապարակել և փորձել արդարանալ, թե ինչու են հայերին իջեցրել դիրքերից, այդ դիրքերը հանձնել ադրբեջանցիներին և օժանդակել նրանց Փառուխը հայաթափելու և Քարագլխի բարձր դիրքը գրավելու գործողություններում։ Եթե ռուսները ՀՀ վարչապետի հարցադրումն անարձագանք են թողնում, նշանակում է՝ իրենց քայլերն արդարացնելու խնդիրը թողնում են ՀՀ իշխանություններին։ Եթե այդպես է, ապա ՀՀ իշխանություններն առաջիկայում ստիպված կլինեն սուտ խոսել։

Կա նաև լավատեսական վարկած։ ՀՀ իշխանությունները հետաքննությամբ կարող են մերկացնել ռուսների հակահայ քայլերն Արցախում, դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բարձրացնել ռուս խաղաղապահին այլ երկրի, օրինակ՝ Ֆրանսիայի, խաղաղապահով փոխարինելու հարցը։ Եթե այդպես լինի, ապա միջազգային օրակարգ կմտնի նաև Արցախի ազատության խնդիրը։ Ի դեպ՝ նշենք, որ Ֆրանսիան օրերս պասիվ դիրք է գրավել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Ենթադրելի է, որ այս պասիվության դիմաց ՌԴ-ն խոստացել է, որ Արցախից դուրս գալուց առաջ իր դիրքը կզիջի Ֆրանսիային։ Չի բացառվում նաև, որ այս սցենարը քննարկվել է շաբաթներ առաջ Փաշինյանի՝ Փարիզ այցի շրջանակում։