Երևան +17°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 21:18 23-03-2022

Բանակը հասարակության արտացոլումն է. ռազմական հոգեբան

Oragir.news-ը զրուցել է ՀՀ ԶՈւ սպա-հոգեբան, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանի հետ:

-Ապրիլյան քառօրյա և Արցախյան քառասուչորսօրյա պատերազմների օրերին որքանո՞վ էր հաջողվում լուծել պատերազմի վարման ժամանակ ծագող հոգեբանական խնդիրները:

-Կատարվածը փաստեց, որ պատերազմի, ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների մոտ դրսևորվել են դեպրեսիայի, տագնապի, լարվածության, վախի վիճակներ։ Ի հայտ է եկել հոգեբանական և ֆիզիկական առողջությանը սպառնացող վտանգի գիտակցում։ Որպես հոգեբանական առաջին օգնություն՝ մարտական ոգու բարձրացումն է, վստահության, ինքնավստահության ապահովումը, հաղթողի հոգեբանությամբ ոգեշնչումը։ Անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել հոգեպես ընկճված, բարձր հուզականությամբ աչքի ընկնող զինծառայողներին և որոշակի պարբերականությամբ զրուցել,ինչպես նաև տալ հնարավորություն՝ արտահայտելու իր հուզականությունը։ Ոչ մի դեպքում չթողնել մեկուսանալ, ավելին՝ պետք է նրան ներգրավել գործողության մեջ։ Չեմ կարող չնշել, որ շատ զինծառայողներ ասել են, որ ամենաթեժ պահերին իրենց օգնել է միասնական ուժը, երգը, պարը, հումորը և ամենակարևորը՝ սերը, սեր` հայրենիքի, ընտանիքի, սիրած աղջկա հանդեպ։

-Ի՞նչ հոգեբանական աշխատանքներ պետք է տարվեն նախազորակոչային և զորակոչային տարիքում գտնվող տղաների հետ:

-Նախազորակոչային ու զորակոչային տարիքը արդեն իսկ մի մեծ դպրոց է։ Բանակի և զինծառայության դրական բարձր վարկանիշը անհրաժեշտ է, որ նորակոչիկի մոտ ձևավորվի և դառնա սկզբունքային նպատակ։ Դպրոցում նախնական զինվորական պատրաստության դասաժամերին, դեռևս խաղաղ ժամանակ, ուսուցման և դաստիարակության ընթացքում ուսուցանվողը պետք է «հայտնվի» այնպիսի պայմանների մեջ, որ նրա մոտ մշակվեն մարտական խնդիրների կատարամանն անհրաժեշտ հոգեբանական որակներ:Նորակոչիկի մոտ որքան մեծ լինի ապագա մարտական իրավիճակին ծանոթ լինելը, այնքան ավելի քիչ կլինի անորոշության վիճակի մեջ ընկնելու հավանականությունը։

Իմ աշխատանքային գործունեության ընթացքում, որոնք եղել են տարբեր ուսումնական հաստատություններ` Շիրակացի ճեմարան, Ֆիզմաթ դպրոց, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ինչպես նաև զինվորական հավաքակայանում ընդգրկված հանձնաժողովում եղած ժամանակահատվածում, մեծապես աշխատանքս ծավալվել է հենց այդ տարիքային խմբի հետ։
Առաջին հերթին` կատարվել է հոգեբանական դիագնոստիկա, տարբեր սոցհարցումների միջոցով վերլուծվել և առանձնացվել են ռիսկային խմբերը, որոնց հետ իրականացվել է խորքային աշխատանք։ Իսկ զորակոչվելուց առաջ «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկում» կատարվել է գրառում, որպեսզի տվյալ զորամասի սպա-հեգեբանն իրականացնի շարունակական աշխատանք` հետագա դժվարությունները կանխելու նպատակով:

-Ի՞նչ հոգեբանական խնդիրներ են առաջանում պետերի և ենթակաների փոխհարաբերություններում: Հաջողվո՞ւմ է լուծել այդ խնդիրները:

-Ոչ միայն պետ-ենթակա, այլև ցանկացած փոխհարաբերություններում պետք է ունենալ ճկուն ինքնաճանաչման հմտություն։ Յուրաքանչյուր մարդ պիտի զբաղվի անձնային աճով, հասկանա սեփական խնդիրները, մտածողության մակարդակում կատարի փոփոխություն, և ընդունի, որ եթե չի կարող փոխել իրավիճակը, ապա պետք է փոխի վերաբերմունքն իրավիճակի նկատմամբ։ Պետք է կարողանանք սիրել, որպեսզի սիրվենք, կարողանանք հարգել, որպեսզի հարգվենք։

-Բանակում գրեթե միշտ լինում են վեճեր, ընդհարումեր, որոնք հաճախ ողբերգական ավարտ են ունենում: Հոգեբանական ճնշումները միջանձնային հարաբերություններում ինչպիսի՞ դրսևորումներ են ունենում, և ինչպե՞ս կանխել դրանք:

-Նման իրավիճակում շատ է օգնում զրույցի մեթոդը։ Խոսքը զորեղ է. հարկավոր է միշտ մոտիվացիան գործածել։ Այն մեծ ազդեցություն է ունենում հատկապես դժվար իրավիճակներում։ Բանակում ոչ մի վայրկյան զինծառայողը չպիտի պարապ մնա։ Պարապ զինվորը «հանցագործ է»: Խնդիրների առաջացման հիմնական պատճառը ժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումն է, ինչպես նաև, չեմ բացառում, նախատրամադրված բանակ զորակոչվելը։

-Պատերազմի հետևանքով շատ տղաներ հաշմանդամություբ ձեռք բերեցին: Ի՞նչ պետք է անել, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ և հաղթահարեն հետպատերազմական հոգեբանական խնդիրները:

-Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցողները ամենախոցելի և մեկուսացված խմբերից են։ Իրենց խնդիրների և իրավունքների նկատմամբ հասարակության մեջ պետք է ձևավորել առավել նպաստավոր վերաբերմունք։ Այսօր մեզ մոտ կան կենտրոններ, որոնք համապատասխան մասնագետների շնորհիվ մեծածավալ աշխատանք են իրականացնում այդ ուղղությամբ։

-Դուք աշխատոմ եք նաև զոհված կամ անհետ կորած տղաների ընտանիքների հետ: Ի՞նչ հիմնական առանձնահատկություններ ունի նրանց հետ շփումը հոգեբանական տեսանկյունից:

-Զոհված, վիրավոր, գերեվարված և մինչ օրս գտնվելու վայրն անհայտ զինծառայողների հարազատների, ընտանիքի անդամների հետ պատերազմի առաջին իսկ օրվանից հանդիպում եմ։ Տարիներ են պետք ներկայացնելու համար...Ապրումակցում եմ։ Իրենց վիշտն իմն է, իրենց ուրախությունն իմն է։ Խորությամբ, աննկատ թափանցել է պետք յուրաքանչյուրի հույզերի մեջ և առանց վնասելու՝ ներարկել ապրելու ցանկություն։ Շնորհակալ եմ Բարձրյալին՝ իմ՝ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին հայտնվելու համար։

-Կա՞ն այնպիսի հոգեբանական հիմնական մոտեցումներ, որոնցով պետք է առաջնորդվել զոհված կամ անհետ կորած տղաների հարազատների հետ շփվելիս:

- Յուրաքանչյուրի դեպքը յուրովի է, ուստի`յուրատիպ, անհատական մոտեցում է պետք։ Թեպետ հերոսածին մայրերի հետ շարունակական հանդիպումներ եմ ունենում տարբեր խմբերով, միևնույն է, յուրաքանչյուրի համար իրենն ամենածանր վիշտն է համարվում։ Պետք է խորը մասնագիտական կարողություններ օգտագործել և անչափ նրբանկատ լինել, երբեք ու երբեք չհանձնվել։ Բանակը մշտապես եղել է հասարակության արտացոլումը․ առաջ գնալ, ապրել և ապրեցնել պարտավոր ենք։

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին