Երևան +29°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:15 22-03-2022

Իսկ մենք կա­ռա­վա­րու­թյուն ունե՞նք. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ուկրաինական հակամարտության սրացումը փոփոխում է գործող աշխարհակարգը՝ նոր գործընթացների պատճառ դառնալով, որոնք տեսանելի են ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող շարժերի շրջանակներում։ Մասնավորապես, Ուկրաինայում ընթացող ռազմական էսկալացիան և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության մեջ էական խաթարումներ են ի հայտ եկել ապրանքների մատակարարումների, պարենամթերքի ապահովման, հումքի և էներգակիրների ներմուծման հարցերում։

Եվ բազմաթիվ մասնագիտական կառույցներ արդեն իսկ իջեցրել են համաշխարհային տնտեսության աճի իրենց կանխատեսումները։ Սակայն ամենալուրջ խնդիրը, որը մեծապես մտահոգում է բազմաթիվ պետությունների կառավարությունների, համաշխարհային շուկայում առաջացող աննախադեպ գնաճն է։ Պատահական չէ, որ սպառողների շրջանում մի շարք ուղղություններով արդեն իսկ խուճապային տրամադրություններ են նկատվում, երբ մարդիկ չափից շատ գնումներ են կատարում։ Իսկ վերջին օրերին նմանատիպ խուճապային գնումների ականատես եղանք նաև Հայաստանում։ Տեղի տալով մի շարք ապրանքների դեֆիցիտի ու սպասվող անասելի գնաճի մասին խոսակցություններին՝ սպառողներից շատերը սկսեցին մեծ քանակությամբ գնումներ կատարել՝ խանութներից ու սուպերմարկետներից սրբել-տանելով հատկապես որոշ պարենային ապրանքներ։

Եվ օգտվելով առիթից՝ մատակարարները, ապրանքների հետ կապված պակասի ու սահմանափակումների տպավորություն ստեղծելով, շեշտակի բարձրացրեցին գները։ Դրանից հետո էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հավաստիացնելով, որ որևէ ապրանքատեսակի գծով Հայաստանում պարենի դեֆիցիտ չկա։ Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, թե Հայաստանում պարենի գները թանկանալու են, սակայն որևէ ապրանքի դեֆիցիտ չկա։ Բայց այստեղ նորանոր հարցեր են առաջ գալիս, որոնց պետք է պատասխանեն իշխանությունները՝ մարդկանց խուճապային գնումների մեջ մեղադրելու փոխարեն: Ի վերջո, անբարոյականություն է մարդկանց դրանում մեղադրել, երբ ինքդ ես խոստովանում, որ գնաճ է լինելու, իսկ մեր հանրության զգալի մասի համար ամեն մի 100 դրամ թանկացումը էական նշանակություն ունի: Եվ վերջապես, չէ՞ որ այնքան են խաբել, որ այս իշխանություններին այլևս մարդիկ չեն հավատում:

Հիմա հարցերը: Նախ՝ եթե դեֆիցիտ չկա, ինչո՞ւ նախօրոք չէին հայտարարում և սպասում էին մինչև մարդիկ խանութները դատարկեն, հաջորդը՝ նախքան նոր ներկրումներն ինչո՞ւ են եղած պարենամթերքի գներն արհեստականորեն բարձրանում, և ինչո՞ւ կառավարությունը համապատասխան գործիքներ չի կիրառում արհեստական գնաճը զսպելու ուղղությամբ։ Վերջապես, ինչպե՞ս է ստացվում, որ դոլարի կուրսը բարձրանում է, գներն անմիջապես արձագանքում են (հիշեցնենք՝ խոսում ենք առկա, ոչ թե նոր ներկրված ապրանքների մասին), իսկ երբ դրամն է արժևորվում, գները մնում են բարձր... Նման պայմաններում թանկացումները զսպելու նպատակով ԿԲ-ն ստիպված է լինում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 1,25 կետով՝ այն հասցնելով 9,25-ի։ Այսպիսի գործողությունների արդյունքում ԿԲ խորհուրդն ակնկալում է, որ գնաճն աստիճանաբար կնվազի և, կանխատեսումների համաձայն, կմոտենա նպատակային 4 % ցուցանիշին։

Տնտեսագետներն ասում են՝ այս պարագայում սխալ որոշում է: Սակայն խնդիրն այն է, որ միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ազդեցության վրա չի կարելի հույս դնել, քանի որ դրա արդյունքում թանկանում է փողը, ինչը միաժամանակ խոչընդոտում է տնտեսության ընդլայնմանը՝ պատճառ դառնալով վարկավորման տոկոսադրույքների բարձրացման։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը ևս սինխրոն քայլեր ձեռնարկի ԿԲ-ի միջոցառումների հետ մեկտեղ։ Իշխանությունները պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնեն տնտեսական ակտիվության խթանմանը, որպեսզի երկրի առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական վիճակն ավելի չծանրանա։ Իսկ այն պարագայում, երբ սպառողների եկամուտները նույնն են մնացել, և նրանք այդ գումարով ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ կարող են ձեռք բերել, սոցիալական լարվածությունն անխուսափելի է։ Իսկ ի՞նչ կոնկրետ քայլեր կարող են անել իշխանությունները։ Ելքերից մեկը աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն է։ Օրինակ՝ ահռելի գնաճային ճնշման պայմաններում այդպիսի լուծման են գնում ՌԴ իշխանությունները։

Դրա համար էլ այդ երկրի նախագահ Պուտինը հայտարարեց նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև թոշակներն ու նպաստները բարձրացնելու մտադրության մասին։ Տարբերակներից մեկն էլ շուկայի վերահսկումն է ու հատուկ գործիքների կիրառումը, որ ապրանքների արհեստական դեֆիցիտ ու գների անհարկի բարձրացումներ տեղի չունենան։ Օրինակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է՝ 7-8 դրամից դառնալով 4-5 դրամի շրջանակներում, ապա ՌԴ-ից ներկրվող ապրանքները համեմատաբար էժան կարող են ներկրվել։ Ուստի չպետք է թույլ տալ, որ որոշ տնտեսվարողներ ու մատակարարներ փորձեն օգտվել առիթից ու գերշահույթներ ստանալ։

Իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ կարելի է սուբսիդավորել որոշակի ուղղություններով։ Այլապես եթե անտրամաբանական թանկացումների այս տեմպը շարունակվի, ապա սոցիալական բունտը սարերի հետևում չէ։ Ուղղակի մնում է վերջին հարցը՝ իսկ մենք կառավարություն ունե՞նք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում