Երևան +21°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:18 19-03-2022

Մեզ մսաղաց են տանում, մամայիս լավ կնայեք, չգիտեմ՝ ես հետ կգա՞մ, թե՞ չէ. զոհվածի մայրը՝ որդու մասին

«Շատ հետաքրքիր երեխա էր, անծանոթ բան որ տեսնում էր, անպայման պետք է մեջ ընկներ։ Էլեկտրականության հետ սեր ուներ, մի բան որ տեսնում էր՝ պտուտակահանը վերցնում՝ քանդում-հավաքում էր»,- այսպես սկսեց պատմել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված որդու՝ 19-ամյա Գառնիկ Հովհաննիսյանի մասին մայրը՝ Նարինե Հովհաննիսյանը։

Մայրը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել, դառնալ սպա, բայց ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ սովորեց Գյումրու տնտեսագիտական վարժարանում՝ էկոնոմիկա և ֆինանսներ բաժնում, բայց իր սրտով չէր, ուզում էր ծրագրավորող դառնալ։ Տեղափոխվեց Գյումրու Պոլիտեխնիկ ինստիտուտի ավագ դպրոցը, ավարտեց ու ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ՝ էլեկտրոնիկայի բաժին։ Դպրոցի հետ մեկտեղ պատանի երկրապահ կամավորական ջոկատի անդամ է եղել ու ստացել կրտսեր սերժանտի կոչում. «Զինվորական չդարձավ, որովհետև սիրած աղջիկ ուներ ու ամբողջ ժամանակը չէր կարող տրամադրել ծառայությանը։ Դաջվածք անող սարք էր դիրքերում սարքել, դաջվածք էր անում տղաներին։ Ինքն էլ ուներ։ Մի օր տուն եկավ, վզին խաչ էր դաջված, բայց ռիսկ չէր անում մեզ ցույց տալ։ Խաչերի սիրահար էր, շատ հավատում էր Աստծուն, հիմա ուսանողական որ տետրը բացում եմ ՝ հետևի էջում խաչեր է նկարած»։

Մայրը պատմում է, որ ծառայության հենց սկզբից եղել է Մարտունի 2 զորամասում, զինկոմիսարիատի կողմից երեք ամիս հաճախել է վարորդական դասընթացների։ «Մինչև հունվարի վերջ հնարավորություն կար, որ մնար, բայց պավեստկան հունվարի 7-ին տվեցին։ Ես սրտանց ուզում էի, որ մնար, անընդհատ մտքումս կրկնում էի, որ սա իր վերջին Ամանորն է։ Հիմա եմ հասկանում, որ մայրական սիրտս էր գուշակում գալիքը»։

Ինչպես ասաց մայրը, տղան ութ ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը, կարանտինի պատճառով արձակուրդ չեն տվել, իսկ ամռան ամիսներին եղել է դիրքերում, բայց կարող էր չգնալ, որովհետև վարորդ էր։

«Ծառայության վեց ամիսը երբ լրացավ, երկու ամիս թոքաբորբով Խոջալուի հոսպիտալում պառկեց, հետո ջրծաղիկ հանեց, ու մենք չկարողացանք տեսնել։ Վերջին անգամ որդուս տեսել եմ 2020 թվականի փետրվարի 1-ին՝ պրիսյագի օրը»,- պատմեց մայրը։

Շարունակելով խոսքը՝ մայրն ասաց, որ արդեն հունիսի 3-ին կամավոր գնացել է դիրքեր, որտեղից իջել է սեպտեմբերի 12-ին։ Սեպտեմբերի 24-ին նրան տարել են Մարտունի 2-ի դիրքեր. «Ճիշտ է, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, բայց իրենք արդեն 24-ից գիտեին, որ պատերազմ է, որովհետև արդեն տեսել էին, որ իրենց հրետանին սահմանի ամբողջ երկայնքով կանգնած է։ Ինձ հետ հեռախոսազրույցում ասաց, որ էլ չի կարող զանգել՝ հանգիստ լինենք։»

Հայրը որոշեց կամավոր գնալ, քանի որ գիտեին Գառնիկի անհանգիստ բնավորությունը. «Ես չէի ուզում, որ ամուսինս գնար, բայց նա ինձ ասաց, որ անգամ եթե Գառնիկին չգտնի էլ, ում էլ օգնի՝ էլի իր տղաներն են»։

Մարինեն պատմում է, որ Ֆիզուլիի կամավորական ջոկատում է եղել ամուսինը, այնտեղ է եղել մինչև հոկտեմբերի 7-ը, իսկ ինքը որդու հետ խոսել է այդ ընթացքում, միշտ ասել է, որ իրենց դիրքը հանգիստ է, բայց խաբել է, որովհետև առաջնագծում է միշտ եղել. «Հենց խոսում էինք, ասում էր՝ հանգիստ եղիր, մամ ջան, պատերազմ է, էլի, կանցնի, ի՞նչ է եղել մեզ, Աֆղանստան կռված տղա ենք։ Այդ խոսքն էլ իմ հորեղբորից մնաց, կռվել էր Աֆղանստանում, ու Գառնիկը միշտ ասում էր, որ հորեղբորս նման պատերազմի պետք է մասնակցի, միշտ զգում էր։ Մինչև ամսի 7-ը, իր ասելով, հանգիստ է եղել, բայց այդ ընթացքում 4-5 տանկ են խփել մի քանի հոգով, ու առաջնագիծն, ըստ ընկերների, իրենք են պահել»։

Մայրը պատմում է, որ որդու ծննդյան նախորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, գնացել է Գառնիկի ընկերոջ՝ Ռոմանի տուն, ու խոսել իրենց հետ. «Ռոմանի հետ խոսեց, ասեց՝ Ռոմ ջան, մեզ մսաղաց են տանում, մամայիս լավ կնայեք, չգիտեմ՝ ես հետ կգա՞մ, թե՞ չէ։ Հեռախոսազրույցից հետո՝ հոկտեմբերի 8-ին, Արարատի ու Վայքի զորքը տարել էին Ջրականի մարտերին մասնակցելու, երբ ՀՀ ու Արցախի զորքերն արդեն միացրել էին իրար»։

Հայրը որդուն պատերազմի ժամանակ մի կերպ է գտել, ավտոմատով քնած է եղել մեքենայի մեջ, արթնացել է, հորը տեսնելուց զարմացել է, ասել, թե ի՞նչ գործ ունի այդտեղ. «Ասում էր՝ մամա ջան, էս իրանց կռիվը չի, հանկարծ պապային չթողնեք գա։ Միասին գնացել են Ջրական։ Ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին, քանի որ ամուսինս ոտքերի տրոմբ ուներ, մեքենայի մեջ է եղել, իջել է ու վերադառնալիս տեսել է, որ Գառնիկն ուզում է մեքենա բարձրանա, չի թողել, քաշել է մի կողմ, ու այդ պահին մեքենան պայթել է ԱԹՍ-ի հարվածից։ Ուրախությունից գոռում էր, հորը շատ էր կարոտել։ Հետո ուրախ զանգեց ինձ, ասաց՝ մամ ջան, Աստված ծնունդիս օրով ինձ երկու մեծ նվեր արեց՝ պապային գտա, ու ծնունդիս օրով Աստված էլի կյանք նվեր տվեց ինձ, ու ասաց, որ Աստված կյանքը թողել է իրեն, ու էլ անհանգստանալու կարիք չկա»։

Գառնիկն ու հայրը նոյեմբերի 1-ին Ջրականից հետ են եկել, քանի որ իրենց դիրքն արդեն գրավված է եղել, ու ջոկատով ընկել են շրջափակման մեջ։ Իրենց հետ վերցրել են երկու ամսվա զինծառայողի, ով վատ վիճակում է եղել, հոգեկան խնդիրներով։ Լելե Թեփեի բարձունքում են եղել, կրակի տակ։ Գառնիկը այդ տղայի կյանքն է փրկել, իր մարմնով ծածկել ու գլորել իջեցրել է նրան, որ բան չլինի։ Իջեցրել է ներքև, գնացել է հոր մոտ, միասին հետ են եկել Մարտունու իրենց դիրքը։ Ապաստարանում են մնացել երկու օր, այնտեղից դուրս են եկել ու միացել աշխարհազորայիններին. «Երեկոյան զանգեց, որը մեր վերջին խոսակցությունն էր, լսում էի կրակոցի ձայները, հատկապես իր հետ խոսելուց աշխատում էի չլացել, ու ինքն ինձ միշտ ասում էր՝ ինչ էլ լինի, խոսք տուր, որ լաց չես լինի»։

Մայրը, պատմելով որդու մահվան մասին, ասաց, որ դիրքերը հանձնել հետ են եկել, սոված են եղել, մեքենան նոր է հացը բերած եղել։ Որդին նստել է հաց ուտելու ու ասել, որ չի կարող առանց տղաների հաց ուտել, կուլ չի գնա. «Ինքն այդպես էր, բրդուճները տղաներին տանելուց հայրը տեսել է, որ վերևում ԱԹՍ է պտտվում, ասել է՝ Գառնիկ, մի՛ գնա, բայց որդիս չի լսել, հացերը վերցրել ու վազել է, ու այդ պահին ԱԹՍ-ի բեկորը խփել է գլխին։ Հացերը ձեռքի մեջ են մնացել, կապիշոնը ամուսինս հողի տակ է տեսել, այդպես է գտել։ Գառնիկս գիտակցություն չի ունեցել, բայց մինչև վերջին պահը սիրտն աշխատել է, որը ամուսնուս մեծ հույս է տվել, որովհետև ասում էր, որ Գառնիկն էլ չշնչեր՝ ինձ կգցեի կրակների տակ։ Սկզբից ամուսինս բերել է Մարտունու հոսպիտալ ու խելագարի պես զանգել բոլորին, որ ուղղաթիռ հասցնեն ու բերեն Երևանի հոսպիտալ, բայց այնտեղ սկզբից էլ տեսել են, որ չի փրկվի, որովհետև ուղեղը վնասված է եղել ամբողջությամբ։ Երկու ժամ ապարատին են միացրել, հետո բժիշկներն ամուսնուս ասել են, որ անգամ մեկ տոկոսի հույս գոնե լիներ՝ մենք կուղարկեինք նրան Երևան, ավելի լավ է՝ ապարատը անջատենք, որ չտանջվի։ Հայրն էլ թույլ է տվել, որ ապարատից անջատեն թթվածնի սարքը»։

Գառնիկը թաղվել է Գյումրու Շիրակ պանթեոնին կից ընտանեկան գերեզմանատանը։ Ունի երկու մեդալ։


Քնարիկ Պետրոսյան


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված