Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:23 16-03-2022

Ներկայիս ռեկտորը գողացել է Արամ Սիմոնյանի նախագիծը. Սիմոնյանի համար կարևորը նախագծի իրականացումն է

Երևանի պետական համալսարանի ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի գաղափարը սեփականաշնորհել և ներկայացրել է որպես իրենը։ Բանն այն է, որ Երևանի ավագանին երեկ ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի միջնորդությամբ պատրաստված նախագիծը, ըստ որի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի պատրաստած նախագիծը երեկ տեղի ունեցած նիստում ընդունվել է 41 կողմ և 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ:

Ըստ նախագծի՝ Այգեստանի թվերով (անանուն) նշված փողոցները, ի նշանավորումն անվանի գիտնականների, կանվանակոչվեն պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի, բուսաբան Արմեն Թախտաջյանի, ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի և լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անուններով: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, թե փողոցների անվանակոչության այս որոշմամբ կամբողջացվի քաղաքի դիմագիծը, և կհավերժացվեն մեծ հայրենասերների, կրթության ու գիտության զարգացման ջատագովների և անվանի համալսարանականների անունները:

Թե՛ ավագանու նիստում և թե՛ ԵՊՀ-ի տարածած հայտարարության մեջ որևէ տեղ նշված չէ, որ այս նախագիծն ու դրա գաղափարը պատկանում են ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Նա նույնիսկ ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ այդ նախագիծը ներկայացրել է ավագանուն, սակայն Երևանի ավագանին միայն Հովհաննես Հովհաննիսյանի «գողացածն» է ընդունել։

Oragir.news-ը զրուցեց Արամ Սիմոնյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ ինքը նման նախագիծ էր ժամանակին ներկայացրել: «Այո, բայց չընդունվեց այն ժամանակ, ինչ-որ պատճառաբանություններ բերեցին, թե դժվարություններ կան՝ կապված փողոցների վերանվանման հետ, և այլն, բայց դա լավ գործ է, դա անպայման պետք է անել, որովհետև մեր մեծերի անուններով անպայման պետք է այդ փողոցները կոչել»,- պատասխանեց Սիմոնյանը։ Հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Հովհաննես Հովհաննիսյանը այդ ծրագիրը ներկայացրել է որպես իր սեփական գաղափարը, նախկին ռեկտորը պատասխանեց. «Ոչինչ, կարևորը՝ դա լինի, թե ո՞ւմ մտահղացումն է, ի՞նչ կապ ունի։ Կարևորն այն է, որ դա լինի, դա լավ գործ է, պետք է դա անել»։