Ներքին 4 տարի առաջ - 19:22 15-03-2022

Շուկայի փոքրացումը միայն օգուտ կտա Հայաստանին. Wildberries-ի մասնաճյուղի տնօրեն

Ռուսական Wildberries առցանց խանութների ցանցում արդեն 2 oր ծրագրային խնդիրներ կան: Ծրագրային խափանումը առաջացրել է բազմաթիվ երևանցիների դժգոհությունը:

Ջրվեժ համայնքում ապրող Սյուզի Անդրեասյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ իր բազմաթիվ պատվերներ տեղ չեն հասել, իսկ Ջրվեժում գործող մասնաճյուղի աշխատակիցը չգիտի` երբ կլուծվի խնդիրը․ «Ես շատ եմ պատվերներ արել, ու էսպիսի բան դեռ չէր եղել: Հարցնում եմ` ում կարող եմ դիմել, պատասխանում են, որ խնդիրը գլոբալ է և այստեղ` Հայաստանում, առանձին պատասխանատու չկա»:

Ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքում ունի ավելի քան 500 մասնաճյուղ, բայց չունի առանձին վերահսկող գրասենյակ ու պատասխանատու, այսինքն` յուրաքանչյուր մասնաճյուղի անհատ ձեռներեց ինքն է տնօրինում իր մասնաճյուղը:

Oragir.news-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաղքի Wildberries մասնաճյուղի տնօրեն Ռուստամ Հակոբյանի հետ: Նա ասաց, որ հաճախորդների շրջանում խուճապ, իհարկե, նկատվում է, բայց այսօր երեկոյան կամ ամենուշը` վաղը առավոտյան խնդիրը կլուծվի․ «Շատերին հենց Wildberries-ը ծանուցում է ուղարկել, բայց մարդիկ կան, որ չեն հասկանում ինչ անել և զանգահարում են մեզ, բայց մեծ խուճապ չկա»:

Նա նաև անդրադարձավ այն խնդրին, որ միջազգային որոշ քարտեր արգելափակված են Ռուսաստանում և այդպիսով Հայաստանից պատվերներ կատարելը անհնար է դառնում: «Օրինակ ես օգտվում եմ հայկական բանկերից մեկի մաստերքարտից և 2 օր առաջ Ռուսաստանից հաջողությամբ գնում եմ արել: Քարտեր կան, որ ասում են՝ չի լինում, բայց ես գիտեմ, որ հաստատ չի լինում միայն ВТБ քարտի դեպքում: Ես կարող եմ նաև ասել, որ ոչ մի կերպ չեն անդրադարձել այդ սահմանափակումները պատվերների վրա, հակառակը՝ ես աճ եմ նկատում, որովհետև ռուբլին իջել է, և մարդկանց ավելի ձեռնտու է հիմա գնումներ կատարելը, նույնիսկ ես կասեի, որ ինձ մոտ 5-6 տոկոսի աճ կա»:

Ռուստամ Հակոբյանը խոսեց նաև ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Wildberries-ից դժգոհություններից և պատվերների ուշացումներից․ «Երբ այս խանութների ցանցը եվրպական շուկա դուրս եկավ, այդ ժամանակ տրանսպորտի (լոգիստիկայի- Oragir.news) հետ կապված խնդիրներ ուներ: Այդքան ապրանք համակարգել, ուղարկել, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, մյուս կողմից` Եվրոպա, չէր հասցնում, դրա համար ուշացումներ կային, իսկ հիմա, երբ Եվրոպան փակվել է, Հայաստանում էլ ուշացումներ չեն լինի: Տենդենց կա, որ արդեն 7-8 օրվա մեջ չեն հասնելու ապրանքները, այլ` ավելի շուտ: Շուկայի փոքրացումը միայն օգուտ կտա Հայաստանին»,-ասաց Հակոբյանը:

Ըստ Wildberries-ի այսօր տարածված հայտարարության՝ փորձագետները վերացրել են բջջային հավելվածների և կայքի աշխատանքներում տեխնիկական սխալների 70 տոկոսը. «Հարգելի գնորդներ, մարտի 14-ին ընկերության բջջային հավելվածների և կայքի աշխատանքներում տեխնիկական սխալներ են գրանցվել։ Մեր փորձագետները վերացրել են դրանց ավելի քան 70%-ը. բջջային հավելվածներում պատվերներն ու վճարումները կատարվում են սովորականի պես։ Մնացած բոլոր սխալները շուտով կշտկվեն: Հարկ է նշել, որ մեր օգտատերերի անձնական և ֆինանսական տեղեկատվությունը չի տուժել. բանկային քարտի տվյալները ապահով կերպով պաշտպանված են՝ համաձայն Payment Card Industry Data Security Standard-ի (PCI DSS), որը մշակվել է վճարումների ոլորտում առաջատար միջազգային խաղացողների կողմից»։

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին