Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:16 13-03-2022

Համազգային շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն հայրենիքի առաջընթացի. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ միասնականությունը կարող են լինել երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթհարելու գրավական. Համազգային շահերի հրամակայանը պահանջում է գործի դնել ամեն ջանք: Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում՝ երդմամբ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում:

Նախագահը ընդգծեց՝ անցած 30 և ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էին հայ ժողովրդի համար, ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան կորուստներ, անդառնալի կորուստներ: «Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին, ՀՀ քաղաքացիներին, որոնք զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը: Հավերժ փառք ու պատիվ բոլորին»,-ասաց Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ սա մեծ ցավ է բոլորի համար, բայց, մյուս կողմից, պարտադրանք իշխանությանը՝ փոխելու իրավիճակը, համախմբելու ՀՀ քաղաքացիներին, համայն հայությանը, վերականգնելու երկրի տնտեսական հզորությունը, ամրապնդելու անվտանգային համակարգերը և այլն:

Նախագահը 2018-ի թավշյա հեղափոխությունը համարեց արդյունք՝ նոր նպատակների իրականացման մեծ հույսի և ակնկալիքի, որ կար հանրության գերակշող մասի մոտ: «Մինչհեղափոխական շրջանն արդեն հասցրել էր մարդկանց հուսալքել, հիասթափեցնել, հոռետեսության մթնոլորտ ձևավորել: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների: Եվ դրանք 2018-ի ապրիլին իրականություն դարձան: Սա էլ հերթական նոր փորձություն էր պետության, քաղաքացիների համար, վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար է լինելու, ժամանակ պահանջող, հույսն ու հավատը, սերն ու համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականը պետք է լինեն»,- ընդգծեց Խաչատուրյանը:

Նա շեշտեց՝ այսօր էլ՝ աշխարհաքաղաքական վերափոխումների, հետպատերազմյան այս ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսային անորոշությունները դեռ շարունակվում են, և տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, երբ դեռ չեն վերացել նոր բախումների և պատերազմների հնարավորությունները, երբ Արցախի հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, բոլորին, պետությանը, առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր՝ հայրենիքի, միմյանց նկատմամբ՝ միաբան աշխատելու և նոր Հայաստան կերտելու համար:

ՀՀ նախագահն իրավիճակը փոխելու, նախատեսված հեռանկաարային ծրագրերն իրականացնելու համար կարևորեց իրականության հետ առնչվելու համարձակությունը և պատրաստակամությունը, տարածաշրջանային համագործակցության սահմանների ընդլայնումը, խոչընդոտների վերացումը, սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառությունը և պատասխանատվությունը, ապագային միտված ծրագրերի իրականացումը: Ըստ նրա՝ Հայաստանի ապագան պայմանավորված է լինելու մարդկային կարողություններով, գիտելիքով, բարձր տեխնոլոգիական տնտեսությանը միտված մարդկային մտքի, գիտելիքի կիրառմանը նպաստող համապատասխան միջավայրով: Ապա Խաչատուրյանն ընդգծեց՝ որպես նորընտիր նախագահ՝ գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնում է, այն մարտահրավերները, որ կան և կարող են լինել ՀՀ նախագահի Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնելիս»:

«Համազգային և համապետական շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հայրենիքի առաջընթացի: Դա էլ իր հերթին նախևառաջ նշանակում է հանրության և համազգային լայն շրջանակների հետ աշխատանք: Առանց դրա հնարավոր չէ գնահատել իրականությունը, երկրի իրական վիճակը, ուղղել բացթողումները և գտնել զարգացման նոր հնարավորություններ: Համոզված եմ, որ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ միասին մենք կարող են բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում»,- նկատեց ՀՀ նախագահը:

Ըստ նրա՝ միասնությունն ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է: «Մենք առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլ այլընտրանք չունենք: Մեր միասնությունը, միասնականությունը կարող են դրա գրավականը լինել: Փոքրիկ ժողովուրդները պետք է ավելի նորարար լինեն, ավելի ստեղծագործ: Այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով, որը հնարավորություն կտա յուրացնել գործող և ստեղծել նորագույն տեխնոլոգիաներ: Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել: Այս ամենին հասնելու համար մեզ հարկավոր են լայն քննարկումներ և համազգային ներառականություն՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մասնակցությամբ, հստակ տեսիլ, պատկերացումներ, գործունյա պետական ինստիտուտներ և ամուր պետություն, որտեղ մարդը և քաղաքացին կլինեն կենտրոնում, իսկ պետությունը երկրում կստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ բոլոր քաղաքացիները կլինեն ազատ, հավասար հնարավորություն կունենան բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդները: Այս ամենի ապահովման և պետական ինստիտուտների սահուն աշխատանքի, ի շահ մեր պետության պետք է լծված լինի նաև ՀՀ նախագահը»,- հայտնեց ՀՀ նախագահը:

Ձեզ գուցե հետաքրքրի