Հայաստան ներկրվող ցորենի մոտ 90 տոկոսը գալիս է Ռուսատանից, մնացածը ներկրվում է Ուկրաինայից և Վրաստանից։ Հացահատիկ Արցախից ավելի քիչ է ներկրվում․ եթե առաջ մոտ 100-120 հազար տոննա էր բերվում, հիմա չորսից երեք անգամ պակաս է՝ մոտ 40 հազար տոննա, ոչ ավել։ Իրավիճակի պատճառն այն է, որ Արցախի շատ ցանքատարածքներ և հողեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Oragir.news-ը փորձեց պարզել, թե սպասվու՞մ է արդյոք հացահատիկի սակավություն, կլինե՞ն սահմանափակումներ Ռուսաստանի կողմից, կա՞ արդյոք հացի թանկացման ռեալ խնդիր և առկա խնդիրը լուծելու ի՞նչ այլընտրանքային տարբերակներ կան։
‹‹Հացահատիկի սակավություն, կարծում եմ, Հայաստանում չի լինի, իսկ Ռուսաստանը սանկցիաների պատճառով շատ երկրների ցորեն չի վաճառում, նույն սանկցիաների պատճառով Ռուսաստանում բավականին քանակով հացահատիկ կա, ներմուծման դեպքում էլ մեր ռուբլու արժեզրկումը ավելի էժան հնարավորություններ է ստեղծում՝ էժան գներով ներմուծելու։ Կարծում եմ, որ Հայաստանը խնդիր չի ունեա››,-ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
‹‹Ցորեն արտադրող երկրներ շատ կան, բայց այստեղ խնդիրն այն է, որ մենք ընտրել ենք Ռուսաստանը, որովհետև այն առավել հարմար է լոգիստիկայի առումով, բայց այնպես չէ, որ Ռուսաստանը աշխարհում միակ ցորեն արտադրող երկիրն է, կամ Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կրիտիկական շատ է։Եթե չեմ սխալվում՝ Ռուսաստանը 20 տոկոսով մասնակցություն ունի շուկայում, իսկ 80 տոկոսը լրացնում են այլ երկրները››,-ասաց Արմեն Քթոյանը:
Արցախից տարեկան ներկրվել է մինչև 150 հազար տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, Ռուսաստանից, նախանցած տարվա տվյալներով, ներմուծվել է մոտ 390 հազար տոննայի չափով հացահատիկ:
Oragir.news-ի այն հարցին, թե հնարավո՞ր են արդյոք Ռուսաստանի կողմից հացահատիկի ներկրման սահմանափակումներ, տնտեսագետ Արմեն Քթոյանը պատասխանեց.
‹‹Սահմանափակումները ԵԱՏՄ տարածքին՝ մասնավորապես Հայաստանին չեն կարող վերաբերել. այդ սահմանափակումները ավելի շատ վերաբերում են այն երկրներին, որոնք ավելի շատ ոչ բարեկամական քայլեր են կատարում Ռուսաստանի նկատմամբ, այս պահին արտահանումը սահմանափակելը Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետև բյուջետային եկամուներ ստանալու խնդիր կա, իսկ Ռուսաստանից ցորենի արտահանումը դեպի Հայաստան փակելու նախադրյալներ այս պահի դրությամբ չկան, հետևաբար հիմք չկա համարելու, որ մենք կարող ենք ինչ-որ դեֆիցիտի առաջ կանգնել››,- ասաց Արմեն Քթոյանը:
Ըստ Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանի՝ սակավություն չի լինի, իսկ հացահատիկի և հացի գինը կթանկանա, որովհետև ապրիլի մեկից թանկանալու է նաև գազի գինը, դրա հետ մեկտեղ կբարձրանա ցորենի արժեքը մինիմում 20-ից 30 դրամ. հացի գինը բարձրանալու է մոտ քսան տոկոսով:
Մնացականյանի խոսքով՝ առկա խնդրից դուրս գալու և մոտ 50 տոկոսով բացը լրացնելու լավագույն այլընտրանքային տարբերակը տեղական հողերի օգտագործումն ու մեծացումն է:
Մարիամ Ստեփանյան