Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:20 24-02-2022

Կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն ընդգծել է, որ արժեքային, գաղափարական, մշակութային նմանությունները մեծապես նպաստում են կողմերի միջև հարաբերությունների զարգացման արագ դինամիկային: Անդրադարձ է եղել խորհրդարանական դիվանագիտության դերին:

Արման Եղոյանի խոսքերով՝ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մեծ ուշադրություն է հատկացվում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերին, որոնք անկյունաքարային տեղ են զբաղեցնում արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգում: Նա հավելել է, որ բարեփոխումների գործընթացին նպաստում է 2021թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի օրենսդրական դաշտի արդիականացման համար:

Խոսելով վերջին երկու տարիներին մարդկությանը պատուհասած մարտահրավերների մասին՝ հայկական կողմի համանախագահն ընդգծել է հատկապես COVID-19 համավարակի հաղթահարման հարցում Եվրոպական միության աջակցության կարևորությունը մեր երկրին: Արման Եղոյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համավարակի ընթացքում խախտվեց ուժի չկիրառման սկզբունքը. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կողմից ենթարկվեց հարձակման:
«Կործանարար պատերազմը հազարավոր զոհերի պատճառ դարձավ, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, շատ գերեվարվածներ պատերազմից 15 ամիս անց դեռ տուն չեն վերադարձել: Տարիներ շարունակ հայկական կողմը խոսել է միջազգային դերակատարների կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելու մասին, ինչը տարածաշրջանային անվտանգության և կայունության ձևավորման վրա ազդող գործոն է: Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկումները, ընդունված բանաձևերը վերահաստատում են, որ Եվրոպան Հայաստանի հետ կիսում է նույն համոզմունքները»,- ասել է պատգամավորը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը:

Բացման խոսքում Մարինա Կալյուրանդը նշել է, որ Հայաստանը և ԵՄ-ն աշխատում են մի շարք ռազմավարական ոլորտներում բարեփոխումների շուրջ՝ նշելով. «Մեր ընդհանուր նպատակն է ունենալ անվտանգ, ժողովրդավար և բարգավաճ Հայաստան»: Նա նշել է, որ ԵՄ-ն սատարում է Հայաստանին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման և ժողովրդավարության զարգացման գործընթացում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ համանախագահը նշել է, որ այն դեռևս լուծված չէ, ինչը միակողմանիորեն պնդում է Ադրբեջանը: Ըստ նրա՝ պատերազմը խնդրի լուծում չէ. համապարփակ համաձայնություն պետք է լինի, բանակցություններ պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ: Հյուրի համոզմամբ՝ խնդրի երկարաժամկետ լուծումն ու նպատակը պետք է լինի խաղաղությունը:

Պատվիրակը կարևորել է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, անդրադարձել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Մարինա Կալյուրանդը խոսել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման մասին: Նրա խոսքերով՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և այլ անձինք պետք է ազատ արձակվեն, ու քանի դեռ խնդիրը չի լուծվել, ինքը շարունակելու է բարձրաձայնել այդ հարցը:

«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկում. ԵՄ աջակցությունը Հայաստանին» թեմայի շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Օրակարգային հարցի շրջանակում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսլականին, մեր երկրում իրականացվող բարեփոխումների շրջանակին է անդրադարձել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Այնուհետև քննարկվել են մեր երկրում ընթացող քաղաքական զարգացումներին և բարեփոխումներին վերաբերող հարցեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Տաթևիկ Գասպարյանը, «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խոսել են ինչպես իրականացված բարեփոխումների, այնպես էլ մի շարք ոլորտներում առկա բացթողումների մասին:

Քննարկվել են ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է, իհարկե, դեռևս կան բացթողումներ, որոնք պետք է շտկվեն: Նա հատկապես անդրադարձել է արդարադատության և դատական համակարգերում բարելավումների անհրաժեշտությանը, սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:
Օրակարգային թեմաներից է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և տարածաշրջանային անվտանգային զարգացումներին վերաբերող հարցը: Պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին: Կարևորվել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձը, ինչը եռակողմ հայտարարության դրույթների խախտում է: Ընդգծվել է միջազգային հանրության հասցեական գնահատականն Ադրբեջանի գործողություններին, խոսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական արժեքների պահպանության առաջնահերթության մասին: Այս համատեքստում ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը:

Կոմիտեի հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարի:

Նիստի ավարտին ընդունվել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի ու Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը:

Ամենից շատ դիտված