Այսօր՝ փետրվարի 23-ին, Ստեփանակերտի պատկերասրահում կայացել է արցախցի երիտասարդ քանդակագործ Հայկ Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ արվեստասեր հանրությանն է ներկայացվել հեղինակի ավելի քան հիսուն աշխատանք։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը և շնորհավորել հեղինակին աշխատանքների առաջին ցուցադրության առթիվ։
«Ստեղծագործում եմ դեռևս ուսանողական տարիներից, այդ տարիների աշխատանքներից ևս ներկայացված են ցուցահանդեսին։ Քանդակներից շատերը պատրաստված են գրանիտից, կան նաև բրոնզե գործեր։ Արդեն երկու տարի է՝ ցանկանում եմ անհատական ցուցահանդես ունենալ, իսկ պատերազմից հետո հաստատակամորեն որոշեցի, որ այն պետք է անպայման կազմակերպել»,- մեզ հետ զրույցում նշել է երիտասարդ քանդակագործը։
Երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցն իր խոսքում բարձր է գնահատել Հ. Հակոբյանի տաղանդն ու ընդգծել, որ նա դեռ երկար ճանապարհ կանցնի և ուշադրության արժանի ստեղծագործություններ կարարի։
Ֆոտոշարք