copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:47 21-02-2022

Դիվերսիան Հայաստանի նկատմամբ սկսվել է

Վերջին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում շատ քիչ քանակությամբ գյուղնշանակության հող է գնվում։ 2020թ․-ին գնվել է ընդամենը 22 միավոր այդպիսի հող, որից 21-ը՝ ՌԴ քաղաքացիների կողմից, մինչդեռ վաճառվել է 377 միավոր հող, որից 340-ը՝ դարձյալ ՌԴ քաղաքացիների կողմից։

2021թ․-ին ՀՀ-ում օտարերկրացիները ձեռք են բերել ընդամենը 5 միավոր գյուղնշանակության հող, մինչդեռ օտարվել է 516-ը։
Հասկանալի է, որ վաճառողների բացարձակ մեծամասնությունը երկքաղաքացիություն ունեցող ՌԴ-ի մեր հայրենակիցներն են։ Մյուս երկրների պարագայում, ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, ԱՊՀ-ի մյուս պետությունների, առուվաճառքի թվերն այնքան փոքր են, որ հիշատակման արժանի չեն։ Նույնն է նաև Իրանի ու Սիրիայի պարագայում։ Այս պետությունների քաղաքացիները (ոչ հայազգի) վերջին 10-15 տարիներին ՀՀ-ում հող են գնել ու հիմնականում այգիներ հիմնել։ Որպես կանոն, սրանք մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հեկտար հող են գնել՝ առավելապես Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Արագածոտնում և Տավուշում։ Բայց վերջին տարիներին ավելի շատ վաճառում են։

Այս ֆոնին ամենահետաքրքիրն այն է, որ հողի շուկայում գները կայունորեն աճում են։ Հողի եկամտաբերությունը, դրանից ստացվող շահույթը տարեցտարի նվազում է, չմշակվող հողատարածքներն ավելանում են, մինչդեռ նույն ընթացքում հողը թանկանում է։ Կոտայքի մարզում 1 հեկտարի մեկնարկային գները 10-15 հազար դոլարի շրջանակում են։ Միջին գինը՝ 20 հազարից բարձր։ Քիչ թե շատ լավ հողերի գները, որ ասֆալտին մոտ են, ոռոգման ու խմելու ջրի առումով լուրջ խնդիրներ չունեն, 30 հազար դոլարից են սկսում։ Հողեր կան, որ վաճառվում են 40-50 հազարով։ Ընդ որում, այնպես չէ, որ բոլոր այդ տարածքներում ջերմոցներ են կառուցվելու, և տասնյակ տարիներ չի պահանջվելու ներդրումները հետ բերելու համար։

Շատ մեծ չէ գների տարբերությունը Աշտարակի տարածաշրջանում։ Արարատի ու Արմավիրի մարզերում մինչև 3-4 տարի առաջ մեկ հեկտարի գինը 5-6 հազար դոլարից մինչև 10 հազար էր։ Հիմա արդեն 10-15 հազար ու ավելի։ Աշխարհում հողի շուկայական գինը համարժեք է 10 տարվա ընթացքում ստեղծած շահույթին։ Հայաստանում այս ոլորտում շուկայական տրամաբանություն չի գործել և այնպես չէ, որ մեզանում այն սկսում է աշխատել։
Մարդը վերջին տասնամյակում գեթ մեկ անգամ իր հողում չի եղել։ Մի քանի (գուցե նաև մի քանի տասնյակ) հեկտար պատված է մոլախոտով, տարիներ ի վեր այդ տարածքները չեն մշակվել։ Հիմա նա փաստաթղթերը ձեռքին փորձում է կռահել, թե մոտավորապես որը պետք է լինի իր հողը և, հաստատ տեղը չգտած, գին է «կրակում»․ «25 հազար դոլարից պակաս չեմ տա»։ Հարցնում ես ոռոգման ջրի առկայության մասին, հիշում է, որ 2014թ․-ին, երբ ցորեն էին քաղում․․․

Վերջին տարիներին ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ սահմանները բացվեցին, թուրքերը Հայաստանի հողերը թեկուզ թանկ գնով գնելու են։ Դա միանշանակ այդպես է։ Ընդամենը մի քանի հարյուր միլիոնով Արարատյան դաշտն ու նախալեռնային գոտին գնելու են։ Հասկանալիորեն, բոլորովին էլ ո՛չ գյուղատնտեսություն զարգացնելու ցանկությամբ, ո՛չ էլ բիզնեսի։ Երկիրը հնարավորինս արագ ամայացնելու նպատակով։ Դրա համար ո՛չ շատ ժամանակ կպահանջվի, ո՛չ էլ ջանք։ Իսկ մինչ այդ վերոնշյալ խիստ նպատակային իրականացվող քարոզչությունը բերել է նրան, որ հանրապետությունում չեղած հողի շուկան աննորմալ դրսևորումներ է ցուցաբերում։ Դրան նպաստում էր նաև պետության կողմից կիրառվող, ոչնչով չհիմնավորված սուբսիդավորումը։ Որոշ փողատերեր մտածում են՝ հիմա արագ տեմպերով գնեն, առաջիկայում թուրքերին թանկ գներով վաճառելու համար։ Նաև դա է պատճառը, որ շատերը սևեռվել են իրենց ունեցած հողը թանկ գնով վաճառելու վրա։ Գնորդ փողատիրոջ երազանքն էլ հաստատ ցորեն մշակելը չի։ Թերևս այդ տրամաբանության մեջ էր նաև նախարար Քերոբյանի հայտարարությունն առ այն, որ արդեն Հայաստանում սեփականություն ունեցող ադրբեջանցիներ կան։ Այնպես որ, դիվերսիան Հայաստանի նկատմամբ սկսվել է, և ոչ այսօր, ու մենք էլ, մեր քերոբների ու կառավարության հետ մեկտեղ, ակտիվորեն լծվել ենք դրան։

Ամենից շատ դիտված