Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:47 27-05-2023

Տոտալ վերահսկողություն՝ Արցախում․ պատերազմի մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Արցախում դրությունը շատ վատ է, թեև այդ հայտարարությունը սպասելի էր։ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության տողատակերում այն, ինչ ասեց Փաշինյանն՝ արդեն երևում էր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի տնտեսագետ, «arcakh24.info» կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը։

«Սա նման է հիվանդության զարգացման փուլի, վերջը պետք է սա լիներ, այսինքն, եթե կտրուկ փոփոխություն տեղի չունենար, ապա այս զարգացումը տրամաբանական էր։ Ճիշտ է՝ Արցախում դա ցավալի են ընդունում, րոպեներ անց այդ հայտարարությունից հետո սկսվեցին զանգեր, հարցնում էին, թե ինչ է լինելու սրանից հետո, բայց, այնուամենայնիվ, բոլորը ներքուստ պատրաստ էին, որ գալու է մի պահ, երբ անհնար է լինելու խուսափել նման արտահայտություններից»։

Հարցին, թե ինչի շուրջ կարող են բանակցություններ լինել Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև՝ նա պատասխանեց, որ, օրինակ, խոսքը կարող է գնալ ջրամատակարարման մասին, էլեկտրաէներգիայի, Սարսանգի ջրամբարի, անվտանգության մասին։

«Եթե տեղյակ եք, Ադրբեջանը լուրջ պահանջներ է ներկայացնում մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանի գրանցում ունեցող հայերի նկատմամբ և պահանջում է, որ նրանք լքեն Արցախը։ Այդ պահանջը շատ վտանգավոր է, դա նշանակում է, որ թե Արցախի պաշտպանության բանակում, թե անվտանգության մարմիններում փորձելու են ճնշում գործադրել, ու նման տեղեկություն արդեն ստանում ենք, որ մինչև 1993 թ․-ը ՀՀ գրանցում ունեցող անձանց վրա, որպեսզի տարբեր պատրվակներով ճանապարհի բացման առաջին հնարավորության դեպքում իրենք լքեն Արցախը»։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրին, որով ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվում, մասնավորապես, Արցախում սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են բոլոր տեսակի հավաքները՝ Եգանյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը տոտալ վերահսկողություն է փորձում սահմանել Արցախում։

«Սա նշանակում է, որ նա պատրաստվում է լուրջ և ոչ հայանպաստ քայլերի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ նման քայլի նա գնացել է Փառուխի դեպքերի ժամանակ, հիմա ավելի է խստացվում։ Ըստ էության՝ հավաքները չեն էլ ընդհատվել, բայց այդ հավաքները իրականացվում էին իր թիմակիցների կողմից։ Այսինքն, բոլոր ընդդիմադիրները չէ, որ հնարավորություն ունեին հավաքներ անցկացնել։ Սա նշանակում է, որ եթե Արայիկ Հարությունյանը վաղը մի արտահայտություն անի, օրինակ՝ ասի, որ մենք մեր ինքնորոշման իրավունքը հաստատելու համար պետք է մտնենք Ադրբեջանի կազմի մեջ, որ դրանից հետո ասենք՝ էստեղ ենք, սկսում ենք պայքարել։ Ինչպես Փաշինյանն է ասում, որ ինչ-որ տեղ պետք է լինենք, որ դրանից հետո ինքնորոշվենք։ Հիմա նույն բանը եթե ինքն ասի, ու ինչ-որ մեկը փորձի դրա դեմ պայքարել՝ չեն ասելու՝ դու ինքնորոշման իրավունքի համար ես պայքարում»։

Նա նշեց, որ Արայիկ Հարությունյանը փորձում է չեզոքացնել ցանկացած ընդդիմադիր ուժ։ «Արցախի ուժային կառույցները ծառայում են Արայիկ Հարությունյանի քմահաճույքներին։ Վերջերս ինձ հետ հաճախ են կապ հաստատում պատերազմի մասնակիցները, ովքեր առողջություն կամ հարազատ են կորցրել, նրանց նկատմամբ հետապնդումներ են սկսվել, բոլորը խոսում են այն մասին, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել։ Սա ազդակ է, որ իրենք խելոք պահեն իրենց։

Արցախում բարձր պաշտոնների հիմնականում նշանակում են նրանց, ովքեր պատերազմին չեն մասնակցել կամ նկուղներում են եղել։ Արցախում տարածված միտք է, որ Արայիկ Հարությունյանը հենց դասալիքների նախագահն է»։

Մանրամասները՝ տեսանյութում․