Երևան +10°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:42 18-02-2022

Բլինկենն ու Լավրովը կհանդիպեն, եթե Ռուսաստանը չհարձակվի Ուկրաինայի վրա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 17-ի երեկոյան, հայտարարել են ԱՄՆ Պետդեպում։ Նոր հանդիպման նպատակն է փորձել հասնել դեէսկալացիայի ուկրաինական ճգնաժամի շուրջ։

Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, Էնթոնի Բլինկենը Սերգեյ Լավրովին հրավիրել է հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում։ «Ռուսական կողմը պատասխանեց՝ առաջարկելով հանդիպման ամսաթիվը, որին մենք համաձայնվեցինք՝ պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա», - AFP-ն մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերը: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշի բաց ռազմական առճակատման գնալ, դա «ակնհայտ կնշանակի, որ ռուսական կողմը երբեք լուրջ չի վերաբերվել դիվանագիտությանը»։

Հինգշաբթի ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինա ներխուժման հավանականությունը դեռ «շատ մեծ է»:

Այս ուրբաթ Բայդենը հեռախոսազրույցներ կանցկացնի իր «անդրատլանտյան դաշնակիցների» հետ ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի շուրջ։

Բլինկենը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակում նախապատրաստելու մեջ

Փետրվարի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ամերիկյան դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինկենն ասել է, որ, ԱՄՆ-ի կարծիքով, Ռուսաստանը պատրաստ է ներխուժել Ուկրաինա։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է ներխուժման պատրվակ փնտրել և կարող է, օրինակ, անօդաչու թռչող սարքի հարված հասցնել խաղաղ բնակչությանը կամ նույնիսկ կազմակերպել «իրական հարձակում՝ քիմիական զենքի կիրառմամբ»։

«Ի պատասխան այս շինծու սադրանքի՝ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը կարող է ներկայացում կազմակերպել՝ հրավիրելով արտակարգ հանդիպումներ՝ քննարկելու այս այսպես կոչված ճգնաժամը և ասել, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ռուսներին կամ Ռուսաստանի քաղաքացիներին», - առաջարկել է պետքարտուղարը (մեջբերում է BBC-ն):

Նա Մոսկվային հորդորել է չգնալ պատերազմի ճանապարհով։ «Ամբողջ աշխարհին դա հստակ և պարզ ասեք, իսկ հետո ցույց տվեք՝ ձեր զինվորներին, տանկերն ու ինքնաթիռները հետ ուղարկելով զորանոցներ, իսկ ձեր դիվանագետներին՝ բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Պետքարտուղարության ղեկավարը։

ԱՄՆ հետախուզության գնահատականներով՝ Ռուսաստանը մոտ 150 հազար զինվորական է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ։ Մոսկվան իր հերթին երեքշաբթի և չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանից զորքերը դուրս բերելու և զորավարժությունների դադարեցման մասին։ Սակայն փետրվարի 16-ին Էնթոնի Բլինկենն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները ռուսական ռազմական գործողությունների դադարեցման նշաններ չեն տեսնում։ Նույն օրը նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Մյունխենում բացվել է անվտանգության 58-րդ համաժողովը

Իր հերթին Գերմանիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը մեղադրել է Ռուսաստանին եվրոպական անվտանգությանը վտանգելու մեջ՝ Արեւմուտքին «սառը պատերազմի պահանջներ» ներկայացնելով։ Այս մասին ասված է գերմանական դիվանագիտության ղեկավար Աննալենա Բերբոկի կոմյունիկեի մեջ։ Միաժամանակ նա հորդորել է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ։ «Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության բոլորի անվտանգության մասին։ Նույնիսկ ամենափոքր քայլերը դեպի խաղաղություն ավելի լավ են, քան մեծ քայլերը դեպի պատերազմ»,- հավելել է նա: Նրա խոսքերը մեջբերում է AFP-ն։

Այս ուրբաթ Մյունխենում բացվում է անվտանգության համաժողովը։ Դրան կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ընդհանուր առմամբ, Բավարիայի մայրաքաղաքում կհավաքվեն շուրջ 600 քաղաքական ու հասարակական գործիչներ։

Մյունխենի համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը ֆորումին մասնակցելուց Ռուսաստանի մերժումը սխալ է համարել։ Նրա խոսքերը մեջբերում է DW-ն։

Համաժողովի մասնակիցները երեք օր շարունակ կքննարկեն պաշտպանության և անվտանգության հարցեր։ Գլխավոր թեման, ըստ Իշինգերի, կլինի այն հարցը, թե «ինչ է պետք անել, որպեսզի ռուսական կողմը հրաժարվի ուկրաինական սահմանի երկայնքով սպառնացող սցենարից և վերադառնա դիվանագիտական ​​բանակցությունների սեղանի շուրջ»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին