Ուկրաինացի երգչուհի Ալինա Պաշը հայտարարել է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին այն բանից հետո, երբ նրան մեղադրել են բռնակցված Ղրիմում համերգ անցկացնելու և թերակղզի անօրինական մուտք գործելու մեջ։ Իր Instagram-ում 28-ամյա երաժիշտը հայտնել է, որ ինքը ճնշման, սոցցանցերը կոտրելու, սպառնալիքների և ոտնձգությունների զոհ է դարձել։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։ Պաշը մրցույթի համար ընտրվել էր փետրվարի 12-ին։ Նրա հաղթանակը սոցիալական ցանցերում քննադատության էր արժանացել: Երգչուհին ընդգրկվել է «Խաղաղարար» կենտրոնի տվյալների բազայում՝ 2015 թվականին Ղրիմում իր ելույթի համար։ Երաժշտին մեղադրել են, որ նա Ղրիմ է մուտք գործել ուկրաինական օրենսդրության խախտմամբ՝ Ռուսաստանի տարածքով։ Ընտրությունից առաջ Պաշի թիմը Ուկրաինայի հանրային հեռարձակողին է տրամադրել փաստաթուղթ, որ նա մուտք է գործել Խերսոնի շրջանով։ Երկրի սահմանապահ ծառայությունը, սակայն, հայտնել է, որ նման վկայական չի տրամադրել։ Իսկ 2019-ին տված հարցազրույցում Պաշն ասել էր, որ Ղրիմ է թռչել Մոսկվայով։ Եվրատեսիլի» ընտրության ուկրաինական կանոնների համաձայն՝ մասնակիցն իրավունք չունի ելույթ ունենալ կամ մասնակցել Ռուսաստանում կամ Ղրիմում կայանալիք միջոցառումներին։ Առաջիկայում Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը նախատեսում է հայտարարություն անել Պաշի՝ մրցույթին մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ։