copy image url
Միտք 2 տարի առաջ - 18:20 16-02-2022

Պատերազմը հետաձգվեց. ռուսներն առանց մարտի կհեռանան

Ռուսների Ուկրաինա ներխուժումը, որը սպասվում էր այսօր, կարծես՝ հետաձգվում է։ Նախօրեին Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների միջև բանակցություններին հետևած համատեղ աուլիսին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է ընդունել։ Այս հայտարարությանն արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլտենբերգը, նշելով՝ «Մոսկվայից ազդակներ են ստացվում, որ դիվանագիտությունը պետք է շարունակվի։ Սա զգուշավոր լավատեսության հիմք է տալիս։ Սակայն մենք մինչև այս պահը չենք տեսել Ուկրաինայում լարվածության թուլացման նշաններ»։

Միաժամանակ, այսօր Ուկրաինայում նշում են միասնության օրը։ Առավոտյան նախագահ Զելենսկին մասնակցել է Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հատուկ հեռուստամարաթոնին և պետական ​​դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ Զելենսկին այսօր երեկոյան Դոնեցկի մարզի Մարիուպոլում կհավաքի օտարերկրյա պետությունների դեսպաններին։ Այս նախաձեռնությունը, որն ըստ էության՝ դիվանագիտական կենդանի վահան է, կարող է զսպել ռուսական ագրեսիվ մտադրությունները։

Այսպիսով, Ռուսաստանը միջազգային հանրության ճնշման ներքո, կարծես, հրաժարվում է Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ նկրտումներից։ Ռուսների վերջին խաղաքարտը Ուկրաինայի բռնազավթված արևելյան շրջանների անկախությունը ճանաչելու մասին ռուս պատգամավորների դիմումն է։ Դրան ի պատասխան՝ Արևմուտքն ակնարկել է, որ եթե Ռուսաստանը անզգուշություն ցուցաբերի և ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, ապա դա կդիրտարկվի որպես պատերազմ Ուկրաինայի դեմ, դրանից բխող հետևանքներով։ Ռուսների այս խաղաքարտը բանակցություններում Արևմուտքից որոշ զիջումներ կորզելու գործիք է, որն էական ոչինչ չի փոխելու։ Արևմուտքն անում է ամեն ինչ, որ Ռուսաստանը հեռանա Ուկրաինայից։ Եթե ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության երկրների ջանքերը հաջողեն, ապա այս հակամարտությունը շուտով կավարտվի ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագրով՝ միջազգային երաշխիքներով։

Հայաստանի համար այս հակամարտությունը հետաքրքիր է, քանի որ Ուկրաինան ռուսական երբեմնի ազդեցության գոտուց դուրս բերելուց հետո ենթադրելի է, որ Արևմուտքը ձեռք կմեկնի նաև Հարավային Կովկասն ազատագրելուն։ Այս ենթադրությունից ելնելով՝ հայ քաղաքական-պետական գործիչները պարտավոր են դիրքորոշում հայտնել, թե ի՞նչ են անելու, եթե Արևմուտքը վաղը նախաձեռնի ռուսներին նաև Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթաց։

Եթե քաղաքական համայնքը կարողանա համարժեք արձագանքել աշխարհաքաղաքական գործընթացներին և չմնա ռուսական հետաքրքրությունները սպասարկելու ավանդական շրջանակում, ապա Հայաստանը, հնարավոր է, միջազգային հանրությունից կստանա իրական աջակցություն Արցախի ազատագրման և ռուս-թուրքական գրոհներին դիմակայալու հարցերում։ Ուկրաինայի համար հակամարտության հանգուցալուծումից դաս քաղելու և ճիշտ դիրք ընդունելու պարագայում Հայաստանը կարող է բարձրացել իր միջազգային հեղինակությունը, ներգրավել արտաքին ներդրումներ և դրանք ուղղել տնտեսության զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության ապահովմանը։

Թաթուլ Մկրտչյան