copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:08 15-02-2022

Իշխանությունների ճամարտակությունները հաշվետվողականության ու թափանցիկության վերաբերյալ և իրականությունը

Գործող իշխանություններն իրենց հռչակել են ժողովրդավարության ռահվիրաներ։ Արևմտյան որոշ գործընկերներ ևս համարում են, որ նրանց շնորհիվ ժողովրդավարությունը լուրջ առաջընթաց է ապրել Հայաստանում։ Մի կողմ թողնելով ժողովրդավարության բազմաթիվ ցուցիչների առնչությամբ առկա խայտառակ վիճակը, կենտրոնանանք դրանցից ամենաանմեղներից մեկի վրա։ Հայտնի է, որ կառավարման ոլորտում հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ժողովրդավարության կարևոր ցուցիչ է, իսկ հաշվետվողականության որակից ու բովանդակությունից էլ մեծապես կախված է կառավարման արդյունավետությունը։ Ստորև ներկայացնում ենք գործադիրի հաշվետվողականության հետ կապված մի քանի մակերեսային փաստեր՝ գործող իշխանությունների հաշվետվողականության «հանձնառությունների» ֆոնին։

Այսպես, կառավարության 2019թ․ գործունեության ծրագրում հաշվետվողականությունը հռչակված է որպես կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ (բառը գործածվում է 11 անգամ)։ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում թեև հաշվետվողականությունն այլևս չի հռչակվում որպես գործունեության ուղենիշ (բառն էլ գործածվում է 6 անգամ), այդուհանդերձ հանրային խոսքի մեջ վարչապետն ու նրա որոշ թիմակիցներ շարունակում են ի ցույց դնել իրենց հավատարմությունը հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքին։

Թե որքանով են գործող իշխանությունները կառավարման մեջ հաշվետվողական ու թափանցիկ, կարելի է չափել բազմաթիվ մեթոդներով ու մոտեցումներով։ Ամենապարզ ու հասանելի ձևերից մեկը, այդուհանդերձ, դիտարկումն է, թե գործադիրի մարմինների կայքէջերում որքանո՞վ է հասանելի նրանց գործունեությունը հանրությանը։ Այս տեսանկյունից պատկերը բավական տխուր է։

Նախարարությունների և վարչապետին ենթակա մարմինների կայքէջերի փետրվարի 15-ի դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ անցած հաշվետու տարվա՝ 2021 թվականի գործունեության վերաբերյալ ամբողջական հաշվետվություն չկա և ոչ մի մարմնի կայքէջում։ Միայն առողջապահության նախարարության կայքէջում է, որ 2021 թվականի հաշվետվությունը ներկայացված է նախարարի մամուլի ասուլիսի հաղորդագրության տեսքով, որտեղ ոչ մասնագետ մարդկանց համար պարզ չի դառնում նախարարության գերակայությունները ինչպես կատարված, այնպես էլ պլանավորված աշխատանքների առնչությամբ։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջում 2021թ․ 1-ին եռամսյակում կատարված աշխատանքներն են ներկայացված, որոնք վերաբերում են միայն աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրից բխող ԱԻՆ միջոցառումների կատարման ընթացքին։ 2021թ․ -ին կատարված աշխատանքների վերաբերյալ հանրությանը հաշվետվություններ չեն ներկայացրել արդարադատության և շրջակա միջավայրի նախարարությունները։ Ոչ միայն 2021, այլ նաև 2020 թվականին կատարված աշխատանքները հանրությանը չեն ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունները։ Պետական վերահսկողական ծառայության կայքէջում 2020 թվականի միայն առաջին կիսամյակի աշխատանքների հաշվետվությունն է առկա։ Էկոնոմիկայի նախարարությունն իր կայքէջում չի ներկայացրել ոչ միայն 2020, 2021, այլ նաև 2018 թվականի հաշվետվությունները։

Մեկ այլ հարց է հաշվետվությունների որակը, որոնց մեծագույն մասը զուտ նկարագրողական է, գրված չէ ընդունված ռազմավարությունների կատարողականի վերլուծությամբ, այսինքն՝ վերլուծված չէ, թե ինչը ինչքանով է կատարված, եթե կատարված չէ ապա ինչու, ինչ հանգամանքների բերումով և այլն։ Սա ևս կարևոր հանգամանք է այն առումով, որ հասարակությունը, հարկատուները հնարավորություն ունենան հասկանալու, թե որքանով է իրենց քվեն ստացած իշխանությունը կարողանում ծրագրերով ստանձնած պարտավորությունները կատարել։ Այնպես որ, երբ ամեն պատեհ-անպատեհ առիթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեքստից դուրս տվյալներ է ներկայացնում այս կամ այն ոլորտում գրանցված «հաջողության» մասին, հարկատուները ճիշտ կանեն, եթե փորձեն հասկանալ, թե այդ «հաջողությունների» հիմքում ի՛նչ ծրագրեր, կամ, առավել ևս, նախընտրական ի՛նչ խոստումներ են ընկած։