Ներքին 4 տարի առաջ - 12:53 15-02-2022

Երևանի Կենդանաբանական այգում յագուար է սատկել

Երևանի Կենդանաբանական այգում յագուար է սատկել։ Այս մասին հայտնել է Կենդանաբանական այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանը։

«Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած:

Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:

Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել:

Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր:

Այսօր իմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:

Նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի:

Լրացուցիչ իրականացրել ենք տոքսոպլազմոզի ստուգում՝ դրական ելքով (որի համար կա հավանական 2 պատճառ՝ տարածքի թափառող կատուներ + սննդակարգի վարակված միս, բայց սա մահվան պատճառ լինել չէր կարող), նմուշի մանրէաբանական լաբ. ստուգում, ինչպես նաև թունաբանություն՝ բացառելու համար բոլոր այլ գործոնները:

Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես կհրապարակեմ:

Նախքան դա, խնդրում եմ բոլորին նվազագույնը սպասել մասնագիտական եզրահանգմանը և զերծ մնալ սուբյեկտիվ դատողություներից ու չհիմնավորված ենթադրություններից:

Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել:

Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային-թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետեւանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի:

Յագոն իմ սիրելին էր՝ Երեւանին նվիրաբերված առաջին կատվազգին…»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են