Երևան +14°
Ներքին 2 տարի առաջ - 14:24 10-02-2022

Ինչու են ԱԱԾ-ի « լրտեսները» կարդում իրենց խոստովանությունը

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Բանակում օտարերկրյա լրտեսական ցանց է բացահայտել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ բանակի մի քանի զինծառայողներ գումարի դիմաց Զինված ուժերին, բանակային ծառայությանը, զինվորական ստորաբաժանումներին և սպառազինությանը առնչվող տեղեկություններ են փոխանցել օտարերկրյա գործակալներին։ ԱԱԾ-ն հաղորդագրությանը կից նաև տեսանյութ է հրապարակել, որում ենթադրյալ լրտեսները ինքնախոստովանական ցուցմունք են տալիս։ Սոցցանցերում, սակայն, օգտատերերը կասկած են հայտնում ԱԱԾ-ի բացահայտման ճշմարտացիության առումով, իսկ կասկածի պատճառն էլ մեղադրյալների՝ իրենց խոսոտովանությունը ակնհայտ կարդալն է։ Այսինքն՝ նրանք իրենց արարքը չեն խոստովանում իրենց բառերով, այլ մի կերպ, հազիվհազ կարդում են արդեն իսկ գրված տեքստը (Նշված հատվածը ստորև տեղադրված է տեսանյութում

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ՝ հարցնելով, թե ինքն էլ է տպավորություն ստացել, որ մեղադրյալները կարդում են տեքստը։ Նշենք, որ Հարությունյանը մեղադրյալների պաշտպանը չէ, նրան դիմեցինք մասնագիտական կարծիք լսելու համար․

«Այո, կա այդ տպավորությունը, բայց դրա մասին պրոֆեսիոնալ կարծիք արտահայտելը դժվար է։ Կարող է՝ իրենց ասել են, թե ինչ ասեն, բայց ոչ թե ասեն այն, ինչը չկա, այլ ասեն այն, ինչը պետք է տեսախցիկների առաջ հնչի, հնարավոր է՝ դրա համար են այդպես անգիր արած ասում»,- ասաց Հարությունյանը։

Հարցրինք՝ դա ընդունվա՞ծ պրակտիկա է, չէ՞ որ մարդիկ ցուցմունք պետք է տան իրենց բառերով՝ նկատի ունենալով, որ ավելորդ մասերը, որոնք նախաքննական քաղտնիք կարող են պարունակել, պարազապես կարող են մոնտաժել և հեռացնել․

«Բայց դա ցուցմունք չէ, դա տեսախցիկների առջև ինչ-որ․․․, մամուլի հաղորդագրության համար։ Ցուցմունքի դեպքում էլ այդքան էլ այդպես չէ, այն, ինչ իրենք իրենց բառերով, ոչ գրական լեզվով շարադրում էին, իրենք, կարող է, իրենց բառերով ասած լինեն, քննիչը կարող է խմբագրական փոփոխություններ անել, որպեսզի գրական լեզվի մեջ տեղավորվի, բայց գլոբալ առումով միտքը չփոխվի։ Ես հասկանում եմ, թե Դուք ինչ նկատի ունեք, հնարավոր է, բան չունեմ ասելու, բայց չեմ կարծում, որ այդպիսի ավանտյուրա անեին, հետո այդ գործը դատարան պիտի գնա, իմանալու ենք, չէ՞»,- պատասխանեց փաստաբանը։

Վարազդատ Հարությունյանին հարցրինք նաև՝ նորմա՞լ է, երբ ԱԱԾ-ն հարուցված քրգործին առնչվող նման ծավալի տեղեկություն է հրապարակում, մինչդեռ այլ քրեական գործերի դեպքում նույնիսկ ընդհանուր բնույթի, ոչ այդքան էական նշանակության ինֆորմացիայի հարցման դեպքում մերժում են՝ ասելով, որ նախաքննական գաղտնիք է։ Փաստաբանը պատասխանեց․

«Ընդհանրապես, նույն նախաքննական մարմինն է որոշում նախաքննության գաղտնիքի սահմանները, չեմ բացառում, որ մի քանի անգամ ավելի մեծ ծավալի բովանդակություն կա, որը չի բացահայտվել։ Այս հաղորդագրության տարածումը ինձ համար այնքանով էր հետաքրքրական, որ սրանց իշխանության գալուց հետո ես չեմ հիշում դեպք, որ օտարերկրյա լրտեսների կամ գործակալների բռնած լինեն։ Կարող է՝ անցած տարի՝ պատերազմի օրերին ինչ-որ բաներ եղել են, ես բաց եմ թողել, որովհետև ես այստեղ չեմ եղել, պատերազմի դաշտում եմ եղել, բայց ես գոնե դրանից առաջ՝ 2018-ից մինչև պատերազմը, չեմ հիշում այդպիսի դեպք, որ ԱԱԾ-ն ինչ-որ լրտես կամ գործակալ բացահայտի։ Նախորդ իշխանությունների օրոք, առանց գովաբանման որևէ միտումի ասեմ, որ անընդհատ՝ մի քանի ամիսը մեկ անգամ, մեկին բռնում էին, համենայն դեպս շատ էին բռնում, իսկ հիմա մի հատ հավ գողացող բռնում են, մի քանի ամիս «բռնաբարում են» իրենց ռելիզներով, բա որ լրտես բռնեին, ի՞նչ կանեին։ Նախկին իշխանության օրոք էլ հաղորդագրություններ եղել են, ուղղակի հանրության ընկալունակությունն էլ է թույլ եղել այսպիսի բաների նկատմամբ, որովհետև բոլորը հանգիստ են եղել․ եթե լրտեսական ինչ-որ ցանցեր կան, ապա ԱԱԾ-ն դրանցով զբաղվել է։ Կոպիտ ասած՝ իշխանության նկատմամբ դավաճանության կասկածներ չեն ունեցել, այսինքն՝ լրտես են բռնել, մարդիկ նորմալ են վերաբերվել, որովհետև եթե էլի լինի լրտես, ԱԱԾ-ն էլի բռնելու է։ Հիմա մարդիկ զարմանում են, որովհետև արդեն 3-4 տարի է այսպիսի բան չի եղել, որ լրտեսական ցանց բացահայտեն, մինչդեռ բոլորս իմացել ենք, որ վխտում են, և երկրորդը՝ այս իշխանությունները, որ ԱԱԾ-ին իրենց հիմնական գործառույթից կտրել էին և որպես կապիտալի վերաբաշխման գործիք էին ծառայեցնում, այդ մարդկանցից լրտես բացահայտելու ակնկալիքները հանրությունը կորցրել է, դրա համար են այսպես զարմացել։ Տարբեր տեղերի մեկնաբանությունները նայեք, տեսեք՝ շատերն ասում են՝ «սուտ է, չենք հավատում» և այլն»,- ասաց փաստաբանը

Նշենք, որ Վարազդատ Հարությունյանը թեմայի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ ևս մեկ միտք էր հայտնել․

«Կարդացի ու լսեցի ԱԱԾ ռելիզը լրտեսական ցանցի հայտնաբերման վերաբերյալ: Ռելիզում որևէ կերպ չի հիշատակվում, որ գործակալական ցանցը հավաքագագրող երևակայական ու պայմանական «օտարերկրյա պետությունը» հենց ադրբեջանն է: Ի՞նչ է, վախենում եք տրամաբանական հակասություն կառաջանա ինտենսիվորեն բացվող խաղաղության դարաշրջանի ու ձեր սիրելիների թշնամական գործողությունների միջև»,- գրել է Հարությունյանը։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ