Երևան +17°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 22:16 07-02-2022

ԵՄ պատվիրակության ղեկավարն այսօր «փիառվում» էր գերիների ֆոնին. Ռուբեն Մելիքյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, որը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որ հարցեր ու ասելիք ունի Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին և այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին՝ ժամը 14:00-ին, հայտարարում է հավաք Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև։

Իրավապաշտպանի խոսքերով՝ այսօրվա որոշումը ցույց տվեց, որ մենք արդեն որևէ զարմանալու տեղ չունենք և դատավորի նկատմամբ ոչ միայն քրեական հետապնդում՝ այլև կալանք տեսանք։

«Ինչ չէինք տեսել՝ տեսանք, դատավորի կալանք վերջին անգամ, ես հիշում եմ, կիրառվեց հինգ-վեց տարի առաջ, երբ կաշառք վերցնելու պահին օպերատիվ նկարահանմամբ, նույնիսկ տեսանյութը հրապարակվեց, և հանրության համար գոնե հասկանալի էր պատճառը»,- նշեց նա։

Մելիքյանի խոսքերով՝ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրում են իր գործը կատարելու համար, այսինքն` որպես դատավոր, որն այլ մոտեցում ունի այդ գործունեության իրավաչափության հետ կապված ԱԱԾ-ում։ Եթե ԱԱԾ-ն, ունենալով այլ մոտեցում, կարողանա դատավորների նկատմամբ ոչ միայն բողոքարկի՝ այլև քրեական պատասխանատվության հարց առաջացնի՝ մի բան էլ կալանավորի, մենք չենք կարող ասել, որ դատարանները՝ անգամ եթե նրանց համոզմունքն այլ է, կկարողանան իրականացնել դատախազության, ԱԱԾ մոտեցումները։

«Ես կուզեի այս հարցին անդրադառնալ այլ համատեքստում, մեր համար կասկած չի հարուցում, որ այս իշխանություններն ամեն ինչի պատրաստ են, միջազգային հանրության, կառույցների մոտեցումները, և եթե մի քանի օր առաջ էլ տեսանք, որ եվրոպական կառույցները ոչ թե ժողովրդավարության հետընթաց են արձանագրում, այլ մի բան էլ արձանագրում են ժողովրդավարության առաջընթաց, դա ուղիղ կանաչ լույս է այս ամենի համար։ Ես ուզում եմ ընդգծել, որ այս գործողություններն ուղիղ կապի մեջ են, ասեմ ավելին, մենք ժամանակին կրկնում էինք, որ եվրոպական պատվիրակությունը, նրա ղեկավարը իրեն իրավունք է վերապահում հայտարարություններ տարածել, ժողովրդավարությունը քննադատել նախորդ իշխանությունների օրոք, ու սա ծիծաղելի այն ամենի համատեքստում, որը հիմա կատարվում է այս իշխանությունների կողմից, և հիմա՝ քար լռություն»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ արդյունք կտա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առջև հավաքը՝ ասաց, որ նախ իրենք պահանջատեր են առաջինը եվրոպական կառույցների նկատմամբ, և պետք է հասկանանք, ի վերջո, գործ ունենք հարևա՞ն պետությունների հետ, թե՞ այս վերաբերմունքն ունեցող պետությունների հետ, որովհետև նրանց գործողությունների արդյունքում մենք ունենում ենք լրջագույն խնդիրներ, և այդ խնդիրները կուտակային են, և այդ խնդիրները նշանակում են, որ ինչ-որ մի օր ինչ-որ մարդկանց մտքով անցնելու է նույն կերպ վարվել դատավոր Դավիթ Արղամանյանի հետ, որովհետև նա նույնպես, մեղմ ասած, այնպիսի որոշումներ է կայացրել։

«Ես այս ամենի պատասխանատուին համարում եմ եվրոպական կառույցներին, որովհետև մենք այլևս այս իշխանություններից որևէ պահանջ չունենք, այլ գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրենց իշխանությունը պահելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնի»։

Խոսելով սպասվող հավաքի մասին՝ նշեց, որ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սպասում է, թե ինչ հրապարակային հայտարարություն է անելու կամ չանելու ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը։

«ԵՄ պատվիրակության ղեկավարն այսօր փիառվում էր վերադարձված գերիների ֆոնին, և այսպիսի գործողությունները չեն ազդի մեր վճռականության վրա, և այդ մարդիկ թող հասկանան, որ աբորիգենների հետ գործ չունեն, եթե նրանք կարծում են, որ գործ ունեն հեռավոր մայրցամաքի աբորիգենների հետ՝ սխալվում են, և թող նույն վարքագիծը դրսևորեն, մենք այլ բան չենք պահանջում, ինչպիսի վերաբերմունք դրսևորում էին չորս հինգ տարի առաջ, իրենց իրավունք են վերապահում հայտարարություններ անելու, նրանք, մեր պատկերացմամբ, պարտավոր են հայտարարել, որ ՀՀ բարեկամը չեն և ցանկանում են, որ հայրենական հասարակությունը ընկղմել լրջագույն խնդիրների մեջ, կամ՝ թող ընդամենը դրսևորեն մի վարքագիծ, որ դրսևորում էին տարիներ առաջ»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված