Օրենքի կոպիտ խախտում է ընդդիմադիր պատգամավորներին չթողնել առաջնագիծ. փորձագետներ
copy image url

Օրենքի կոպիտ խախտում է ընդդիմադիր պատգամավորներին չթողնել առաջնագիծ. փորձագետներ

Խոսք 3 տարի առաջ - 20:47 01-02-2022

44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց սահմանների կահավորման հարցը մնում է առաջնային, և ոչ վերջնական լուծված խնդիր։

Oragir.news-ը զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ, որն անդրադարձավ սահմանային կահավորման խնդիրներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատ մանրամասներ չհայտնելով, որոնք մտահոգիչ են բոլորի համար։

Չնայած այն բանին, որ այդ խնդիրները մտահոգիչ են բոլորի համար, և որի մասին բարձրաձայնել են թե՛ պատգամավորները և թե՛ ՄԻՊ-ը բազմաթիվ անգամներ, հարցը շարունակում է մնալ օդում առկախված։

Ադրբեջանցիների հետ քանի դեռ դեմարկացիա և դելիմիտացիա չի արվել, ես կարծում եմ՝ ինչ-որ տեղ խրամատավորումը, կահավորումը և բլինդաժների ստեղծումը, բոլորը մի պահ ժամանակավորապես կասեցնել, քանի դեռ վերջնական հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը չկա, որովհետև սկզբունքորեն, եթե հայկական կողմը սկսեց ինժեներական աշխատանքներ անել ինչ-որ տեղ, հետո պարզվի, որ այդ տարածքը տեսականորեն, ըստ սահմանագծման և սահմանազատման, Ադրբեջանի Հանրապետության տարածքում է։ Հայկական կողմի սպասողական վիճակը ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ, բացատրել, բայց դա դեռ չի նշանակում, որ նվազագույն պայմանները, որտեղ որ զինծառայողներն են՝ չպետք է արվեն։ Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը որտեղ որ եկել է առաջ՝ հաջորդ օրվանից էլ ինժեներական աշխատանքներ է կատարել, որը նշանակում է, որ որտեղ որ եկել է, ասում է՝ դա իմն է, դրա վերաբերյալ երկու տարբեր մոտեցում կա»։

Անդրադառնալով նոր բնագծերի ավելացմանը՝ ասաց, որ այս իշխանության համար առաջնային չի սահմանների կահավորման խնդիրը, և այժմ ավելի շատ կենցաղային խնդիրներն են կարևորվում, քան դա։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ինչո՞ւ են իշխանական պատգամավորներին թույլ տալիս գնալ առաջնագիծ, իսկ ընդդիմադիրներին ՊՆ-ն մերժում է՝ ասաց.

«Կարող ենք ենթադրել, և այդ ենթադրությունն իրականությանը բավականին մոտ է, ընդդիմադիր դաշտի պատգամավորները, եթե գնան, իրենց թույլ տան, և արգելքի համար իրավական և բարոյական հիմնավորում ես չեմ տեսնում։ Ինչո՞ւ են իշխանական պատգամավորները կարողանում գնալ, իսկ ընդդիմադիրները՝ ոչ։ Այդ զանազանումն արդեն հուշում է, որ սահմանում կահավորման հետ կապված ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում են։ Դրա մասին, բնականաբար, ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնելու էին, հանրայնացնելու, որն իր մեջ պարունակում է ռազմական գաղտնիք։ Բայց որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում դա քննարկման նյութ է դառնալու՝ դա ակնհայտ է։ Ուստի արգելքը ընդդիմադիր պատգամավորներին՝ սահմանը տեսնելու, դա փաստում է այն, որ, ցավոք սրտի, սահմանն այնպես չէ, ինչպես պետք է լիներ։ Ցավոք սրտի, դա իրականություն է, և եթե իշխանությունները դա առաջնահերթ չեն համարում, ուրեմն երկու տարբերակ կա. կամ իրենք ցանկացած պահի Ադրբեջանին զիջելու են ցանկացած բան՝ իրենց պահանջով, կամ արդեն ունեն պայմանավորվածություն, որի մասին իրենք լռում են ու չեն բարձրաձայնում։

Թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց մեկ այլ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հասկանալու, թե պատերազմից հետո ինչո՞ւ մինչ այժմ սահմանները կահավորված չեն, որն ասաց, որ դա բավականին պարզ է, քանի որ ՀՀ իշխանությունների համար սահմանային անվտանգությունն առաջնային խնդիր չէ, և վստահ չէ, որ իրենց այդ խնդիրն առհասարակ հուզում է։

«Հանրային ճնշում եթե չլիներ, գուցե դրանով առհասարակ չզբաղվեին, Նիկոլ Փաշինյանի և իր իշխանական խմբի համար մեկ առաջնային և գլխավոր խնդիրը իշխանությունը պահելն է, այսինքն` երբ հարցը իշխանությունը պահելն է՝ ամեն ինչ շատ արդյունավետ անում են, մնացած բոլոր, այդ թվում՝ անվտանգության հարցերը մղում են վերջին պլան, երբեմն նույնիսկ այնպիսի տպավորություն է առաջանում, որ իրենք դա ընկալում են որպես իրենց խանգարող հարցեր»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ընդդիմադիր պատգամավորներին ՊՆ-ն չի թողնում գնալ սահման՝ ասաց, որ ինքը կարծում է, որ իշխանական պատգամավորներին տանում են նախօրոք պատրաստած ցուցադրական տեղեր, որ իրենք էլ այնտեղից ասեն, որ ամեն ինչ լավ է։

«Բնականաբար, ընդդիմադիր պատգամավորները խնդիրներ կարող են առաջացնել, ու վստահ եմ՝ կցանկանան լինել այն տեղերում, որտեղ կան իրական խնդիրներ, որին կուզեն տեսնել, ծանոթանալ։ Այնպես չէ, որ պարզապես ուզում են տեսնել, որովհետև ընդդիմադիր են, այլ իրենց պարտականությունների մի մասն է դա։ Օրինակ՝ ընդդիմադիրներ կան, որոնք ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներ են, որոնց գործառույթն է, օրինակ, գնալ, ստուգել, խորհրդարանական վերահսկում իրականացնել, նույն բացերի մասին խոսել համապատասխան պաշտոնյաների հետ, նույնիսկ անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել ՊՆ-ի վրա, ընդդիմադիր պատգամավորների թվում կան մասնագետներ, օրինակ՝ Տիգրանը Աբրահամյանը, որը մեծ փորձ ունի, տարիներով աշխատել է առաջնագծում, բայց իրեն չեն թողնում, ու միայն այն պատճառով, որ նա մասնագետ է ու նրան հնարավոր չի ինչ-որ սիրուն նկարներ կամ ստվարաթղթից տնակներ ցույց տալ։ Իրականում դա օրենքի կոպիտ խախտում է, որ ընդդիմադիր պատգամավորներին չեն թողնում գնան առաջնագիծ, իրավունք չունի պաշտպանության նախարարը նրանց չթողնել։ Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանը ամենակարևոր մարմինն է պետության, ի վերջո՝ մեր երկիրը խորհրդարանական է, ու դա Սահմանադրության կոպտագույն ոտնահարում է իշխանության կողմից»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին