Երևան +16°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:51 25-01-2022

Մի ժամանակ, երբ թուրքերը ուզում էին զվարճանալ, ռուս աղջիկներ էին տանում Անթալիա, հիմա՝ հայ պաշտոնյաներ․ Աշոտյան

Այսօր «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանի հյուրն էր Արմեն Աշոտյանը, ով անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին։

«Ինչպես միշտ այնպես էլ երեկ Փաշինյանը աչքի ընկավ հետևողական մի քաղաքականությամբ, որի ամբողջ նպատակը հայ ժողովրդի մտքում Արցախի այլևս երբեք հայկական չլինելն է։ Հայաստանը երբեք չի հետապնդելու Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այս ամենի համար նա մի շարք ջանքեր գործադրեց, սակայն պարզ դարձավ, որ և՛ ստերի որակն է ընկել և՛ քանակն է պակասել։ Նա երեկ ժողովրդին փորձում էր խաբել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը տեղի է ունեցել 1991-92թթ-ին, և մենք այն ժամանակներից սկսած՝ Արցախի հայկական մնալու համար ռումբեր ենք տեղադրել։ Մենք կարող ենք փաստել, որ հայկական նախորդ երեք նախագահների օրոք Արցախը հայկահան էր և անկախ։ Տարբեր պետություններ, որոնք իրար հետ ունեն չլուծված սահմանային խնդիրներ, անդամակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների։

Այս կազմակերպություններին միանալով՝ պետք է ճանաչես փոխադարձ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Եթե մի կառույց մտնելով պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա ինչպես է, որ Ռուսաստանը և Ճապոնիան ունեն տարածքային խնդիրներ, բայց գտնվում են ՄԱԿ-ի կազմում,- նշեց Աշոտյանը։

«Հերթական անգամ Նիկոլը առաջ է տանում այն թեզերը, որոնք տարիներ շարունակ առաջ է տարել Ադրբեջանի ղեկավարությունը՝ Արցախի խնդիրը ներկայացնելով որպես տարածքային վեճ, անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքը, որի վրա խարսխված է Արցախի խնդիրը և երբևէ որևէ առնչույուն չի ունեցել տարածքային ամբողջականության հետ։ Եթե Հայկական իշխանությունները 90-ականներին իրենց ձեռքերը լվացել են Արցախի խնդրից, ինչպես Նիկոլն է փորձում ներկայացնել, ապա Մինսկի խումբը ի՞նչ էր անում»։

Աշոտյանը նաև հարց բարձրացրեց․ «Եթե Մադրիդյան հիմնարար սկզբունքները վատն են, ինչո՞ւ է Նիկոլը իր ծրագրում գրել, որ շարունակելու է այդ սկզբունքներն ու տարրերը, եթե վատն է, ինչո՞ւ է գրել։ Երկրորդ կարևորագույն թիրախը, որ Նիկոլը ընտրել է, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգային ճանաչումն է»։

«Նիկոլը երեկ փորձեց մարդկանց «ֆռցնել»՝ միջազգային ճանաչումը նույնականացնելով «Հայ դատի» հետ, այնինչ դրանք տարբեր են «Հայ դատը» շատ ավելի կոմպլեքս երևույթ է մեր իրականության մեջ։ Հայոց պետականության խնդիրը եղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, իսկ Նիկոլը երեկ ասում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել է սփյուռքի խնդիրը։ Մինչև Երրորդ Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 2 պետություն՝ Կիպրոսը և Ուրուգվայը։ Երբ որ մենք ունեցանք Երրորդ Հանրապետություն, Հայոց Ցեղասպանությունը ճանաչեց ավելի քան 20 պետություն և շատ այլ միջազգային կազմակերպություններ։ Դա ստացվեց սփյուռքի և Հայաստանի ջանքերով, դա չի եղել միայն սփյուռքի ջանքերով։ Նիկոլը երեկ իր ասուլիսում վախեցավ խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրից՝ ասելով, որ այդ ամենը կառավարւթյան ծրագրում կա։ Նիկոլը թուրքերի վրա ծախում է Ցեղասպանությունը՝ որպես հայկական ինքնության գործոն և պահանջատիրություն։ Փաշինյանը դարձել է հայախոս Ալիև և ավելի լավ է պաշտպանում Ալիևին, քան ինքն իրեն։ Մեր ղեկավարը արդարացնում է Ալիևին և սա անմարդկային բան է»։

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև լրագրողների մասին ԱԺ ամբիոնից հնչեցված կարծիքներին։

«Հաջորդ սուտը, որ նա երեկ ասաց, վերաբերում է լրագրողների մասին իր «ուսապարկերից» մեկի հնչեցրած կարծիքին։ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում ասաց, որ հայկական բանակը այլևս չի լինելու նվաճողական, լինելու է պաշտպանողական, այնինչ հայկական բանակը երբևէ նվաճողական չի եղել։ Մյուս սուտը, որ Նիկոլը ասաց, վերաբերում էր բուհերի ապաքաղաքականացմանը։ Նիկոլն ասաց, որ Պապիկյանին տարել է ԵՊՀ, որպեսզի լինի ապաքաղաքական։ Ասուլիսի ժամանակ հնչեցված հաջորդ միտքը, որին կուզեի անդրադառնալ Թուրքիայի հրավերն է Անթալիայում արտգործնախարարների հանդիպմանը, որին Նիկոլը ցանկություն ունի մասնակցելու։ Մի ժամանակ երբ թուրքերը ուզում էին զվարճանալ ռուս աղջիկներ էին տանում, հիմա հայ պաշտոնյաներ են տանում»,- եզրափակեց Աշոտյանը։

Լիլիթ Հարությունյան