copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:44 24-01-2022

Ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողությունները շարունակվելու են․ Մաքսիմ Վասկով

Արցախյան հարցի կարգավորման ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, «Խաղաղությունը Կովկասում» միջազգային վերլուծական կենտրոնի ղեկավար Մաքսիմ Վասկովի հետ։

Արցախյան հարց. Ի՞նչ դիրքորոշում ունեն արտասահմանյան մասնագիտական շրջանակներում այս հարցի վերաբերյալ. Ե՞րբ սկսվեց հակամարտությունն ու ինչի՞ց

Դիրքորոշումը մեծապես կախված է քաղաքական հայացքներից ու դրանից բխող՝ իրավիճակին տրվող գնահատականից: Անձամբ ինձ համար դա Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիա էր: Անխոս: Ես տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցի «վանդալները» ավերում հայկական գերեզմանների խաչքարերն ու հուշարձանները, ինչպես են նպատակաուղղված ոչնչացնում հայկական քրիստոնեական սրբավայրերը: Երբ պատերազմից հետո ես եկա Արցախ, ինձ անմարդկային կադրեր ցույց տվեցին, թե ինչպես էին ադրբեջանցիները ոչնչացնում խաղաղ բնակչությանը: Այդ ինչպե՞ս պետք է կտտանքների ենթարկես մարդուն, որ անգամ ոսկորների վրա հետքերը մնացած լինեն: Ինչպիսի՞ անմարդկային հոգեբանություն պետք է ունենալ: Նման բան անելու համար առնվազն պետք է «դժոխքի ծնունդ» լինել: Այն ամենն, ինչ Արցախի հայկական հողի վրա արել են ադրբեջանցիները, թուրքերն ու նրանց դաշնակից ահաբեկիչները, ոչնչով չի տարբերվում հիտլերյան Գերմանիայի կատարած հանցագործություններից: Իսկ բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանում ու այլ երկրներում շնորհավորում էին Ադրբեջանին «հաղթանակի» կապակցությամբ, կարելի է համեմատել համակենտրոնացման ճամբարների կապոների հետ (կապո- հատուկ կարգավիճակով բանտարկյալ նացիստական համակենտրոնացման ճամբարներում, ովքեր համագործակցում էին ղեկավարության հետ ու մատնում էին իրենց բանտակից հայրենակիցներին - խմբ․): Բանականություն ունեցող ցանկացած մարդու համար այս կոնֆլիկտը, ընդ որում թե՛ պատմական ակունքներում, թե՛ ժամանակակից դրսևորումներում, միանշանակ ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից կազմակերպված ագրեսիա է: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտության պատճառն ընդհանուր առմամբ արդյունքն է բոլշևիկների ոչ թե անհեռատես, այլ հանցագործ քաղաքականության: Նրանք զոհելով հայ ժողովրդի ու Ռուսաստանի շահերը փորձում էին Թուրքիային դարձնել իրենց «դաշնակիցը»: Դրան զուգահեռ էլ միամտաբար հավատում էին հեղափոխությունը դեպի Մերձավոր Արևելք «արտահանելու» խոստումներին: Ընդ որում, բոլշևիկները թքած ունեին անգամ Ռուսաստանի պատմական շահերի վրա ու առանց երկմտելու աջ ու ձախ բաժանում էին Ռուսաստանի պատմական տարածքները: Սա վերաբերում է հատկապես Ուկրաինայում գտնվող Ռուսաստանի պատմական տարածքներին, որոնք ամբողջությամբ բնակեցված էին բնիկ ռուս ազգաբնակչությամբ: Իսկ 1954-ին էլ փոխանցեցին Ղրիմը: Սրով պարտադրված խաղաղությունը, որը հիմնված է անարդարության ու պատմական իրողությունները ժխտելու քաղաքականության վրա, միշտ էլ դատապարտված է եղել: Եթե խոսենք մեր օրերի մասին, պետք է ընդգծել, որ չնայած խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծելու մասին բազմաթիվ հայտարարություններին ու բիրտ ուժի կիրառման ժխտումներին՝ Ադրբեջանն, այնուամենայնիվ, սանձազերծեց արյունալի ու նվաճողական պատերազմ: Ու այս ամենի կոնտեքստում հղում անել ԽՍՀՄ սահմաններին ու պահանջել հայկական Արցախը, դա երեսպաշտության գագաթնակետն է: Արցախում հայ ժողովուրդն ապրել է դեռ անտիկ ժամանակներից, իսկ թուրքերի նախնիներն այդ ժամանակ դեռ քոչում էին ինչ-որ տեղ Ալթայի մատույցներում: Միջազգային հանրության աչքի առաջ, նրանց լռության պատճառով, Արցախի հայ բնակչության գլխին նորից փորձանք եկավ ու ողբերգությունը կրկնվեց: Պրոֆեսիոնալիզմը չպետք է տարանջատված լինի արդարադատության ընկալումից ու օբյեկտիվությունից, իսկ դրանք հստակ մատնացույց են անում, որ ճշմարտությունը հայկական կողմում է:

Ի՞նչ զարգացումներ եք տեսնում ներկա իրավիճակում

Ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողությունները շարունակվելու են ու արցախահայությանն իրենց պատմական հայրենիքից դուրս հանելու ակտիվ փորձեր են արվելու: Այստեղ հարցը հայերի կամքի մեջ է, որոնք ապրում են իրենց հարազատ հողի վրա, որի նկատմամբ Ադրբեջանը, որը յուրացնում է այլոց պատմությունը, որևէ իրավունք չունի, առավել ևս, որ հիմա այնտեղ ռուս խաղաղապահներ են կանգնած: Պետք է ընդամենը դիմանալ: Հայ ժողովուրդը բազմաթիվ ողբերգական էջեր է վերապրել, ու ամեն անգամ ցույց է տվել վերածնվելու ու ապրելու իր կամքը: Ներկա փուլում հենց սա է կարևոր: Ես ավելի քան համոզված եմ, որ բոլոր այս փորձություններն իրենց արդյունքներով, որոնք պատերազմի հետևանքներն են, միմիայն կամրապնդեն արցախահայերի կամքն ու ցանկությունը հասնել խաղաղության, որը հիմնված կլինի արդարացի որոշումների վրա, դրանք են՝ կարգավիճակ ու անվտանգության երաշխիքներ:

Եթե 5 տարի անց Ադրբեջանը որոշի հրաժարվել խաղաղապահներից, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումն այդ պարագայում։

Ես գրեթե վստահ եմ, որ ադրբեջանցիները փորձելու են ազատվել խաղաղապահներից շատ ավելի շուտ։ Բավական է միայն հետևել, թե ինչքան սադրանքներ են տեղի ունենում ադրբեջանական կողմից։ Ալիևյան վարչակարգի համար հիմա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Նրանք չեն հասել իրենց առաջ դրված բոլոր նպատակներին։ Անգամ հայկական կողմի ակնհայտ անպատրաստ լինելը պատերազմին, ամբողջ պատերազմի ընթացքում եղած խնդիրներն ու հայ զինվորների հերոսությունը և Ռուսաստանի միջնորդությունը թուրքերին թույլ չտվեցին ստանալ այն ամենն, ինչ ուզում էին։

Հիմա Ռուսաստանի դիրքորոշումը ոչ այնքան ռազմավարական է, որքան իրավիճակային, սակայն Ռուսաստանի շահերից չի բխում Արցախի հայաթափումը։ Այստեղ պատճառները կապված են նաև արտաքին քաղաքական իրավիճակով ու Ռուսաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով, քանի որ իրավիճակի հետ կոնկրետ առնչություն ունեն ոչ միայն հայերը, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, այլև հենց ռուս ազգաբնակչությունը։ Ինչպե՞ս աշխարհը կընդունի այն իրավիճակը, երբ Ռուսաստանը հայերի նոր ցեղասպանություն թույլ տա՝ խաղաղապահներին հետ քաշելով ու չկատարելով Հայաստանի ռազմական պոտենցիալն ամրապնդելու իր պարտավորությունը։ Դրանից հետո Ռուսաստանի ներկայացրած որևէ երաշխիքն ամբողջ աշխարհում ի՞նչ գին կունենա։ Մոսկվայում այդ ամենը շատ լավ են հասկանում։

Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները ներկա իրավիճակում։ Հնարավո՞ր է, որ կրկնվի նույն սցենարը, ինչ Բելառուսի հետ, նկատի ունեմ միութենական հանրապետությունը։

Հայ ռուսական հարաբերությունները ներկա իրավիճակում շատ բարդ քաղաքական-հոգեբանական երևույթ են իրենցից ներկայացնում։ Մեզ շատ բան է կապում, ինչպես պատմական, այնպես էլ ակտուալ քաղաքական առումով։ Սակայն կան շատ գործոններ, որոնք վտանգավոր են թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար։ Ես չեմ կարծում, որ ներկա իրավիճակում հանրավոր է Հայաստանի հետ կրկնել Բելառուսի սցենարը։ Ոչ Հայաստանում են համապատասխան տրամադրությունները, ոչ էլ, խոշոր հաշվով Ռուսաստանում։

Այստեղ հարցը ընդհանուր հետաքրքրությունների շահերի ու նպատակահարմարության մեջ է։ Սուվերենության հարց էլ կա։ Ու ամենամեծ հարցը՝ ընդհանրապես ինչքանո՞վ դրական փորձ ու հաջողված քայլ կարելի է համարել Ռուսաստանի ու Բելառուսի՝ միութենական պետություն ստեղծելու քայլը։ Կան թե՛ պլյուսներ, թե՛ մինուսներ։ Այստեղ հարցը բոլոր պոտենցիալ մասնակիցների ընդհանուր շահն է, առավել ևս, որ արդեն կան բավականին հաջողված ինտեգրացիոն ձևաչափեր, ինչպիսիք են Եվրասիական միությունը, որոնք կապված են շատ կոնկրետ տնտեսական շահերով, կամ Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը անվտանգության ոլորտում։

Ես կարծում եմ, որ դաշնակցային հարաբերությունները պետք է կառուցվեն վստահության հիման վրա, պետք է հարգալից վերաբերմունք դրսևորվի Հայաստանի սուվերենության ու նրա ազգային հերոսների նկատմամբ։ Ինչո՞ւ առաջարկել այնպիսի բանաձևեր, որոնք հայ հասարակությունում լարվածություն են առաջացնում ու Հայաստանին տանում են քաղաքական բևեռացման։

Ռուսաստանի ու Հայաստանի ինտեգրացիան, իմ տեսանկյունից, անհրաժեշտ է ու անխուսափելի։ Իհարկե, Հայաստանի համար շատ կարևոր է չեզոքացնել Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքը, քանի որ կարևոր է, որպեսզի այն երկրների հետ, ում հետ ունես ուղիղ սահման, չլինի որևէ սպառնալիք։ Դա պետք է անել առաջին հերթին։ Բայց, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականության բնույթը, ի՞նչ գին կարժենա իրավիճակի կայունացումը, էլ ի՞նչ նոր տարածքներ կցանկանա զավթել Ադրբեջանը, որտեղ ատելությունը ամեն հայկականի հանդեպ սերմանվում է դեռ մանկուց ու իրենց պետական քաղաքականության մաս է կազմում։

Հաշվի առնելով բոլոր բաց հարցերն ու խութերը հայ-ռուսական հարաբերություններում, հենց Ռուսաստանն է Հայաստանի միակ բնական ու ամենամոտ դաշնակիցը։

Ամենամեծ մոլորությունն այն է, որ մարդիկ բազմադարյա հարաբերություններին նայում են, որպես ի վերուստ տրված մի բան, որը պահպանելու համար պետք չէ մշտապես ջանք գործադրել։

Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կան բազմաթիվ ուժեր, որոնց ձեռնտու է երկու երկրների հարաբերությունների խզումը, կամ վատթարացումը։ Այստեղ աշխատում են ինչպես էմոցիաներն ու մոլորությունները, այնպես էլ գիտակցված գործողությունները։

Ադրբեջանական կողմը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի մանիպուլացնի ռուս հասարակության կարծիքն, Ռուսաստանի ներսում հակահայկական տրամադրություններ սերմանի։

Բավական է միայն հիշել այն մեծածավալ ապատեղեկատվությունը, որը ադրբեջանական կողմը տարածում էր ռուսական ԶԼՄ-ներով Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։

Հատկապես ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եպիսկոպոսության դիրքորոշումն է շատ ամոթալի։ Սա պատմության մեջ միակ դեպքն է երևի, երբ մի կրոնի ու եկեղեցու ներկայացուցիչը շնորհավորում է մյուս կրոնի ներկայացուցչին մեկ այլ քրիստոնյաների նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս հարցը պետք է դառնա համաքրիստոնեական քննարկման առարկա։ Պատրիարք Կիրիլն ու Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդը պետք է հստակ գնահատական տան Բաքվի թեմի գործողություններին։ Կարևորը թույլ չտալ, որ նրանք լռեն։

Հետքրիր է՝ ի՞նչ կարծիք ունեն Ռուս Ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմի ներկայացուցիչներն այս դեպքի կապակցությամբ։ Նշենք, որ Ռուսաստանում ու աշխարհի բազմաթիվ այլ երկրներում մահմեդական եկեղեցու առաջնորդները կոչ էին անում վերջ տալ արյունահեղություններին։

Հայաստանում ես նկատում եմ, որ բավականաչափ մեծացել են հակառուսական տրամադրությունները։ Բավական է միայն հետևել սոցցանցերին։ Բայց հետաքրքիր է, այն մարդիկ, որոնք տուրք են տալիս այս տրամադրություններին ու վիրավորական արտահայտություններ են անում ոչ միայն Ռուսաստանի Կառավարության, այլև ռուս ազգի վերաբերյալ, գիտակցո՞ւմ են, թե ինչքան շատ են իրենց հայացքներն ու ցանկություննեը համընկնում թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունների հետ։ Անկարան ու Բաքուն նույնպես շատ են ցանկանում հեռացնել ռուսներին տարածաշրջանից ու սրել հայ-ռուսական հարաբերությունները։

Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը շատ բանով կախված է այն բանից, թե ինչ հիմքերի վրա կկառուցվի տեղեկատվական համատեղ քաղաքականությունը։ Այս հարցում, ցավոք, լավատեսության ներշնչող դեռ քիչ բան կա։ Հիմա ակնհայտ են ինչպես հայկական փափուկ ուժի խնդիրները Ռուսաստանում, այնպես էլ Ռուսաստանինը՝ Հայաստանում։ Ռուսաստանում մեծ հաշվով քիչ բան գիտեն ժամանակակից Հայաստանի մասին, քիչ բան գիտեն մեր դարավոր բարեկամության մասին, ռուսական պետականության հիմնադրման ու զարգացման գործում հայերի ունեցած ներդրման մասին։ Ու դա այն պայմաններում, երբ Ռուսաստանում հայկական շատ մեծ համայնք կա, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն գրեթե բոլոր համայնքների ներկայացուցիչների ու ղեկավարների հետ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ հարազատ քաղաքում՝ Դոնի Ռոստովում, կա պատմական Նախիջևան շրջանը, որտեղ դարեր շարունակ ապրում են շատ տաղանդավոր հայեր։ Բայց այս ռեսուրսները հաճախ չեն խաղում այն դերն ու չեն ունենում այն դրական ազդեցությունը, որը կարող էին։

Հայաստանում էլ մեծ խնդիրներ կան Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականության հետ ու տեղեկատվական պրովոկացիաների համար պարարտ հող է երկու երկրների համար էլ։

Որպեսզի երկու երկրների հարաբերությունների ամրապնդումն իրականություն դառնա, պետք է մեծ ջանքեր գործադրել ոչ միայն պետական քաղաքականության առումով, այլև պետք է ակտիվ աշխատի նաև ժողովրդական դիվանագիտությունը։

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները