Երևան +17°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 19:15 14-01-2022

Եթե Նիկոլ Փաշինյանն անգամ Գվատեմալայի հետ բանակցությունների մեջ ընկնի, միևնույն է, հողային կորուստներ ենք ունենալու․ Հայկ Մամիջանյան

Այսօր տեղի է ունենալու առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում: Թե ինչ սպասել այդ հանդիպումից, և որն է այդ հանդիպման նպատակը՝ Oragir.news-ը զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ։

Ըստ Մամիջանյանի՝ խնդիրն այստեղ Նիկոլ Փաշինյանի ուղղորդած, ղեկավարած պատվիրակությամբ որևէ գործընթացի գնալն է, և եթե Նիկոլ Փաշինյանն անգամ Գվատեմալայի հետ բանակցությունների մեջ ընկնի, միևնույն է, հողային կորուստներ ենք ունենալու, ու այստեղ խնդիրը ոչ թե բուն բանագնացի խնդիրն է, ոչ էլ նշյալ մի շարք բաների, խնդիրը այստեղ Նիկոլ Փաշինյանի՝ որպես արտաքին քաղաքականություն վարողի՝ հիմնական բանակցողի մեջ է։

«Տարբեր ձևակերպումներ են եղել տարբեր ժամանակաշրջանում, որովհետև իր հետագիծը Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում, պատերազմի ընթացքում՝ որպես հիմնարար սկզբունք, ուժի չկիրառման հիշատակումով անգամ պաշտոնական հայտարարություն չարեց։ Պատերազմի հաջորդող ժամանակահատվածում չկարողանալ պահել դաշտում այն բոլոր հանցագործությունները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմը օգտագործել է ՀՀ-ի դեմ՝ նկատի ունեմ ինֆորմացիոն և դիվանագիտական դաշտում, ինձ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ այն, ինչ ղեկավարվում է կապիտուլյանտի կողմից, մեզ միայն վնաս է բերելու»,- նշում է պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ նախագահությանը՝ ասաց, որ Փաշինյանն ամեն բան ձախողել է։ «Հիմա կարող եմ լրիվ թարմ օրինակ բերել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել են ՀՀ-ի դեմ զինյալներ, վարձկաններ ու ահաբեկիչներ, բայց այդ հարցը միջազգային դիվանագիտական մակարդակում չէր քննարկվում, ու ՀԱՊԿ-ի տեսակոնֆերանսի ժամանակ Փաշինյանն իր խոսքում, առանց հասցեական հղում տալու, հիշատակում է ահաբեկիչների մասին, ո՞նց հասկանանք դա»։

Պատգամավորը նշեց նաև հայ-թուրքական հարաբերությունները՝ նշելով, որ Անկարան նախորդ ժամանակահատվածում ուներ մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ Արցախի խնդրից հրաժարում և Արցախի անկախության ճանաչում, այնուհետև Ցեղասպանության հարցում դրա ճանաչումից հրաժարվելն է, որը երկրորդ գլխավոր նախապայմանն է, բացի դրանից՝ գոյություն ուներ ֆուտբոլային դիվանագիտություն եզրույթը, որի մասին, վստահ է, որ գիտեն գրեթե բոլորը։

«ՀՀ-ն այն ուժային դիրքում չէ, որ կարողանա մեջբերումներ անել լիարժեք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Մենք Չավուշօղլուից ավելի շատ ինֆորմացիա ենք ստացել, քան Նիկոլ Փաշինյանից, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից կամ հենց Ռուբեն Ռուբինյանից։ Ես մի քանի օր առաջ տեսա գրառում, որտեղ նշված էր, որ բավականին բովանդակային քննարկում է տեղի ունեցել Արարատ Միրզոյանի և Չավուշօղլուի միջև, և նորից հայկական կողմից դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել, ու այսպես կարող եմ շատ երկար օրինակներ բերել։ Այնպես որ, այդ հանդիպումից մեծ ակնկալիք ունենալն անիմաստ է»։

Եզրափակելով իր խոսքը՝ ասաց, որ չնայած նրան, որ Էրդողանի վերընտրվելու շանսերն այնքան էլ բարձր չեն, եկող ղեկավարվող Թուրքիան խիստ տարբերվելու է իր ամբիցիաներով , այսինքն` սկսելու ենք վատագույն անկյունաքարային գործընթաց էլի մի մարդու հետ, որը մի տարվա երաշխիք ունի կառավարելու։

«Հիմա հայ-թուրքական հարաբերությունների վերսկսելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ ՀՀ-ն հիմա գտնվում է հնարավոր դիվանագիտական ապաշնորհ փուլում»։

Քնարիկ Պետրոսյան