Ուղիղ եթեր
Տարբեր Հայաստաններ
copy image url

Տարբեր Հայաստաններ

Միտք 3 տարի առաջ - 20:01 13-01-2022

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և պատերազմը զանգվածային գիտակցության մեջ ստեղծել են տպավորություն, թե մենք այժմ ապրում ենք հետհեղափոխական և հետպատերազմյան Հայաստանում: Արդյոք այդպե՞ս է, և արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ ավարտված են և՛ հեղափոխությունը, և՛ պատերազմը:

Հեղափոխությունը քաղաքական առումով, իրոք, կարելի է համարել ավարտված: 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին ընտրելու իրավունք ունեցող 2.591.316 անձանց քաղաքական նախասիրությունները, ըստ որոնց՝ Ազգային ժողով անցավ քաղաքական երեք ուժ՝ 688 761 ձայն ստացած ՔՊ-ն, 269 481 ձայն ստացած «Հայաստան» դաշինքը և 66 650 ձայն ստացած «Պատիվ ունեմ» դաշինքը: Այդ արդյունքը ցույց տվեց, որ հայաստանցիների քաղաքական պատկերացումները խիստ բևեռացված են՝ «ներկա և նախկին», «նիկոլ և հականիկոլ», «երկիր կործանող և երկիր պահող», «կապիտուլյացիա ստորագրած ղեկավար և երկրի շահերը պաշտպանող ղեկավար» կատեգորիաների միջև: Այսպես կոչված նախկիններին ընտրելը պայմանավորված էր առաջին հերթին նրանով, որ նրանք էին ընկալվում որպես Ն. Փաշինյանի կործանարար քաղաքականությանը հակազդելու իրական ուժ: 2021-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին նաև, որ հայաստանցիները, ամեն դեպքում, էական տարբերություն են տեսնում նախկինների՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև, այն դեպքում, երբ գործող իշխանությունը նրանց երկուսին էլ միավորում էր՝ «նախկիններ» ընդհանուր բնութագրության տակ: Մինչդեռ ակնհայտ է, որ նրանք խիստ տարբեր քաղաքական գործիչներ և ղեկավարներ են եղել, և ընտրողներն այդ տարբերությունները հստակ պատկերացնում են: Դրանով է պայմանավորված նաև այն, որ Ռ. Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ստացավ մոտ 4 անգամ ավելի ձայն, քան Ս. Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը:

Միևնույն ժամանակ, 2021 թվականին խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց ընտրելու իրավունք ունեցող մոտավորապես 1.313.515 անձ, ինչը նշանակում է, որ նրանց համար քաղաքական առումով ընտրություն չկար: Այստեղից կարելի է անել առնվազն երկու եզրակացություն: Առաջին, որ Հայաստանում Ն. Փաշինյանը վերընտրվեց նաև ընտրություններին չմասնակցած մարդկանց շնորհիվ, և երկրորդ, որ հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց նաև քաղաքական ճգնաժամ:

Ամեն դեպքում կարելի է փաստել, որ 2018 թվականի քաղաքական հեղափոխությունը Հայաստանում ավարտվել է և ավարտվել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որի միջոցով հայաստանցիներն արտահայտեցին իրենց քաղաքական դիրքորոշումը՝ մի մասը մասնակցելով (1.281.997 հոգի), մյուս մասը՝ չմասնակցելով ընտրությանը (1.313.515 հոգի):

Իսկ արդյո՞ք 44-օրյա պատերազմով ավարտվեց պատերազմը: Վստահաբար՝ ոչ, և սխալ է այն պատկերացումը, թե մենք ապրում ենք հետպատերազմյան Հայաստանում: Պատերազմը չի ավարտվել, որովհետև շարունակվում են ռազմական գործողությունները, որովհետև չեն արձանագրվել և իրավական կարգավորում ստացել հետպատերազմյան իրողությունները, որովհետև չեն քննվել և իրավական գնահատականի չեն արժանացել պատերազմի տարբեր դրվագներում տարբեր մարդկանց ոչ միանշանակ գործողությունները:

Ուստի կարող ենք արձանագրել, որ մենք ապրում ենք ոչ թե հետհեղափոխական և հետպատերազմյան Հայաստանում, այլ հետհեղափոխական և պատերազմող Հայաստանում: Պատերազմը ենթադրում է ճգնաժամային կառավարում, մոբիլիզացիոն քաղաքականության իրականացում և նմանատիպ այլ գործողություններ, որոնք համարժեք են պատերազմական իրավիճակին կամ դրա իրական, ամենօրյա սպառնալիքին, սակայն նման կառավարում Հայաստանում այս պահին թվում է թե չի իրականացվում: Թերևս 2021 թվականին հայաստանցիներին պակասեց հենց այն բանի գիտակցումը, որ կապիտուլյացիայի ստորագրումով պատերազմը փաստացի չավարտվեց և դեռ ավելին՝ ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության տարածքից տեղափոխվեցին ՀՀ տարածք: Շատ և շատ ընտրողներ մտածեցին, թե պատերազմն ավարտվեց, և շարունակվում է Հայաստանում հեղափոխության ընթացքը, մինչդեռ իրականությունն այն է, որ ավարտվել է հեղափոխությունը, բայց շարունակվում է պատերազմը:

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել