copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:15 12-10-2023

Տարբեր դպրոցներում ուսուցիչները տարբեր աշխատավարձ են ստանում

2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդել, որի առաջնային նպատակը կրթական միջավայրի բարելավումն ու տրամադրվող պետական միջոցների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով նախատեսված մեծածավալ փոփոխությունը սկզբնական փուլում պարզաբանումների կարիք ունի, քանի որ տեղերում նոր մոդելի ճիշտ ներդրումը՝ համապատասխան հաշվարկների իրականացումը, տրված լիազորությունների և պարտավորությունների համադրումը անչափ կարևոր են: 2020 թվականի հունվարի 1-ից գործում էր ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված ուսուցչի նվազագույն դրույքաչափ՝ 108.800 դրամի չափով։ Ֆինանսավորման նոր կարգով նվազագույն դրույքաչափը բարձրացվել է և սահմանվել ավելի քան 119.000 դրամ:

«Մինչ այս, դպրոցներում միջին դրույքաչափը տարբեր է եղել. կան դեպքեր, երբ փաստացի դրույքաչափը եղել է ավելի ցածր, քան ներկայում սահմանված նվազագույն չափն է, կան նաև դեպքեր, երբ ավելի բարձր է եղել։ Կարգում սահմանված է, որ եթե կոնկրետ դպրոցում դրույքաչափն ավելի բարձր է, ապա պահպանվում է այդ բարձր դրույքաչափը։ Հիմնական խնդիրն առաջացել է այն հանգամանքից, որ հիմք են վերցվել 2021 թվականի դրույքային չափերը, որովհետև կարգը շրջանառվել է այս ընթացքում, մինչդեռ եղել են դեպքեր, երբ դպրոցը 2021 թվականից հետո լրացուցիչ բարձրացրել է ուսուցչի դրույքաչափը՝ տրված լիազորությունների և միջոցների շրջանակում: Նախարարության կողմից արդեն իրականացվում է կարգի լրամշակում, համապատասխան նախագիծը շրջանառվում է, որպեսզի հիմք ընդունվի կիրառված վերջին դրույքաչափը, այն դեպքում, եթե այն նոր կարգով սահմանված դրույքաչափից ավելի բարձր է: Այս մասին նախարարությունն արդեն տեղեկացրել է դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված գործող դրույքաչափի որևէ նվազեցում չիրականացվի»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը՝ շեշտելով, որ գործընթացի արդյունավետ տեղայնացումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Ուսուցիչների փոխանցմամբ, օրինակ անցած ամիս իրենց աշխատավարձը 8000 դրամով նվազել է, ոչ թե բարձրացել։
«Մեր գրավորի և դասղեկության գումարները կրճատել են, մոտ 10.000 դրամ պակասել է մեր աշխատավարձից։ 14 ժամի համար ստացել եմ 65.000 դրամ։ Կոլեգաներից մեկն էլ դասավանդում է 3-րդ դասարանում, ունի 17 ժամ, սեպտեմբերի համար ստացել է 84.000 դրամ, չնայած բացատրել են, որ ժամը մոտ 4000 դրամ են հաշվում, այսինքն, սպասվածից ավելին է ստացել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ուսուցիչներից մեկը։

«Խնդիրն այն է, որ տարբեր դպրոցներում մեկ դրույքաչափի՝ 22 դասաժամի համար ուսուցիչները ստանում են տարբեր աշխատավարձ և դա կապված է աշակերտների քանակից։ Մինչև 2023թ․ սեպտեմբերի 1-ը դրույքաչափը եղել է 108․800 դրամ, իսկ սույն թվականի սեպտեմբերի 1-ից դարձել է 119․808 դրամ»,- նշեց դպրոցներից մեկի տնօրենը։
Նկատենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները վարձատրվում են դրույքաչափով և ժամաքանակով․ որքան մեծ է հանրակրթական ուսումնական հաստատության աշակերտների թվաքանակը և դասարանների (9, 12, 24, 36, 48) քանակը, այնքան բարձր է ստացվում ուսուցչի մեկ դրույքի (շաբաթական 22 դասաժամ) դիմաց ամսական վարձատրությունը, որն իր մեջ ներառում է մինչև 24% հարկային պարտավորություններ և հիմնականում տատանվում է ամսական 108.000-ից մինչև 160.000 ՀՀ դրամի միջակայքում։ Հավելենք, որ ֆինանսավորման նոր կարգը ընթացիկ տարվա սեպտեմբերից արդեն գործարկվել է շուրջ 989 դպրոցում: Դրանցից 505-ում (51 %) ուսուցիչների գործող դրույքաչափը բարձրացվել է՝ նոր կարգի գործադրման արդյունքում։ Շուրջ 439 դպրոցում (44,3 %) դրույքաչափը մնացել է անփոփոխ, և միայն 4,5 %-ում՝ 45 դպրոցում արձանագրվել է դրույքաչափերի որոշակի նվազում: Ընդ որում, 45 դպրոցներից 23-ում աշխատավարձի նվազումը կազմել է 1000 դրամից պակաս։ Շրջանառվող լրամշակված նախագիծը հնարավորություն կընձեռի, որպեսզի այդ 45 դպրոցներում նույնպես դրույքաչափի ու հետևաբար, նաև աշխատավարձի որևէ նվազում չլինի։ Փոքր՝ 100-ից պակաս սովորողներով դպրոցների համար բյուջետային հատկացումներն արվում են նախկին մոդելի պահպանման և որոշակի հավելավճարների տրամադրման սկզբունքով:

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան