Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:42 15-10-2022

Եթե մարդ ստանում է 100-150 հազար դրամ աշխատավարձ, տան վարձ որտեղի՞ց է տալու. վարձակալը դժգոհում է բնակարանի գնից

«Տարիներ ի վեր ապրում ենք վարձով։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, քանի որ հոսքը դեպի Հայաստան շատացել է, վարձակալությամբ տրվող բնակարանների գները տանտերերը բարձրացնում են, ասենք՝ եթե եղել է 70000, սարքել են 100000, 120000-ը՝ 160000 և այդպես ավելի բարձր»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Անժելա Եղիազարյանը, ով իր ընտանիքով Հայաստան է տեղափոխվել Սիրիայից և երկար տարիներ բնակվում է վարձով։

Անժելան առաջարկություն է ներկայացնում կառուցապատողներին և նշում, որ իրենց նման շատ վարձակալությամբ ապրող քաղաքացիներ ցանկանում են բնակարան ձեռք բերել, կառուցապատողներին խնդրում է իրենց հատկացնել բնակարաններ, որի համար ամսեամիս վճարումներ կկատարեն, տան վարձակալության համար հատկացվող գումարը կփոխանցեն կառուցապատողին և վերջում բնակարան կունենան։

«Երկրում կան կառուցապատողներ՝ սկսած Գագիկ Ծառուկյանից, Ալեքսանյանից, Սուքիասյանից, ովքեր շենքեր են կառուցում, հատկացնեն տներ, մենք այդ վարձակալության գումարները ամեն ամիս իրենց, պետական բյուջեին, կամ իրենց հաշվեհամարին փոխանցենք, հետագայում 15-20 տարի հետո այդ բնակարանները մեզ կպատկանեն»։

Անժելան ասաց, որ այս պահին իրենց վեցհոգանոց ընտանիքը վարձով բնակվում է Նոր Նորքի երկրորդ զանգվածում. «Բնակարանի համար վճարում եմ 120 հազար, բայց գիտեմ, որ կբարձրացնեն էլի արժեքը։ Ձմեռը այդ 120-ը կոմունալ ծախսերի հետ միասին դառնում է 230»։

Եղիազարյանը նշեց, որ այդ գումարն էլ են շատ դժվարությամբ կարողանում վճարել. «Եթե մարդ աշխատավարձ ստանում է 100 հազար, 150 հազար, տան վարձ որտեղի՞ց է տալու, չհաշված կոմունալները, չհաշված որ այդ տանը կա երեխա, մենք ոնց ենք հասցնելու։ Մերը վեցհոգանոց ընտանիք է, որում կա փոքր անչափահաս երեխա, ամուսինս վատառողջ է, ես ել եմ հիվանդ, ու դեղորայք գնելը շատ ծանր է։ Ես չգիտեմ՝ վաղը արթնանամ, ինչ է լինելու, թանկանալո՞ւ է, թե չէ»։

Եղիազարյանը ասաց, որ ինքը միակը չէ, ով կանգնած է նման խնդիր առաջ, և բոլորը նույն ակնկալիքն ունեն. «Մեր բոլոր վարձով մնացողների բողոքը սա է։ Մենք պետությունից ակնկալում ենք այդպիսի մի բան․ մեզ բնակարաններով ապահովեն։ 30 տարի, 25 տարի, մարդ կա՝ 40 վարձով է ապրում․ դա շատ դժվար է»։

«Սերժ Սարգսյանի օրոք ես ունեցել եմ բնակարան ստանալու որոշում, որը այս պահին իմ ձեռքում է, ես բազմիցս դիմել եմ քաղաքապետարան, ինձ ասել են՝ մենք չունենք համապատասխան տարածքներ, որտեղ ձեզ բնակարան կտրամադրենք»,- նշեց Անժելան։

Հարցին, թե երբևէ փորձել են վարկ վերցնել և բնակարան ձեռք բերել, Անժելան պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ունեինք, բայց քովիդի պատճառով երիտասարդները ընկան սև ցուցակի մեջ, այդ սև ցուցակի պատճառով ոչինչ չենք կարողանում անել։ Հույս ունեինք, որ կկարողանանք բնակարան ունենալ, դա էլ գնաց, ընկավ ջուրը»։



Անժելան oragir.news-ին տրամադրեց իր ծանոթներից մեկի վարձակալած բնակարանի լուսանկարները։
«Բնակարանը գտնվում է Բանգլադեշ ա1 թաղամասում, բնակարանը հենց այս վիճակով են վարձակալել սկզբում վճարել են 100.000 հիմա դարձել է 200.000»,- ասաց Անժելան։