Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:53 29-12-2021

Նոր անակնկալ կառավարության կողմից․ 2022-ից կդառնանք անկանխիկ երկիր

Արդեն մեկ ամիս է, ինչ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանափակվում, իսկ որոշ դեպքերում բացառվում է ՀՀ տարածքում գործարքների դիմաց կանխիկ ձևով վճարումը:

Նախագծով կիրառվող սահմանափակումները հիմնականում կարելի է առանձնացնել հետևյալ խմբերի.

1․ 300 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների սահմանափակումներ.

Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 300 000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (ինչպես նաև պասիվ եկամուտների), որի մի կողմը ֆիզիկական անձ է, վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով:

2․ Բացառապես անկանխիկ գործարքներ՝ անկախ գործարքի գնի չափից.

Նախագծով սահմանվում է, որ փաստաբանական ծառայությունների մատուցման, նոտարական գործողությունների իրականացման վճարները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով՝ անկախ գործարքի գնի չափից: Այս սկզբունքը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումներին:

Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը, ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող հատուցումները ևս կատարվելու են բացառապես անկանխիկ ձևով:

3․Սահմանափակումներ ֆիզիկական անձանց միջև գործարքների դեպքում.

Ֆիզիկական անձանց միջև 500 000 ՀՀ դրամը գերազանցող պարտադիր գրանցման ենթակա գործարքները պետք է կատարվեն անկանխիկ ձևով: Նախագծով ֆիզիկական անձանց միջև 300 000 ՀՀ դրամը գերազանցող փոխառությունների գործարքները, իսկ 2023 թվականից սկսած՝ 300 000 ՀՀ դրամը գերազանցող բոլոր գործարքները պետք է կատարվեն անկանխիկ ձևով:

4․ Սահմանափակումներ աշխատավարձի, կենսաթոշակի և այլ վճարումների մասով.

Պետական կամ տեղական բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է իրականացվի անկանխիկ ձևով: Ըստ Նախագծի՝ աշխատավարձերը ևս կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով: Այս կարգավորումների ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է աշխատավարձ վճարող անձի (կազմակերպություն, Ա/Ձ, նոտար, փաստաբան) գործունեության վայրից: Այսպես, կարգավորումները ուժի մեջ կմտնեն հետևյալ ժամանակացույցով՝

· Երևան քաղաքում գործունեություն իրականացնողների դեպքում՝ 2022 թվականի հունվարի 1-ից,

· ՀՀ մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնողների դեպքում՝ 2023 թվականի հունվարի 1-ից,

· ՀՀ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնողների դեպքում՝ 2024 թվականի հունվարի 1-ից:

Վերը նշված ժամանակագրական սկզբունքը կկիրառվի նաև կրթաթոշակների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող վճարումների, բժշկական ծառայությունների բոլոր տեսակի վճարների դեպքում:

Նշված կետերը չկատարելու համար ֆիզիկական անձանց կողմից առաջին անգամ խախտում թույլ տալը կառաջացնի տուգանքի նշանակում 100 000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում, կրկին խախտում թույլ տալը կառաջացնի տուգանք՝ 200 000 ՀՀ դրամ գումարի չափով:

Կանխիկ ձևով գործարքների սահմանափակման կանոնները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ խախտման գումարներ 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 000 ՀՀ դրամը, և ոչ ավելի, քան 2 միլիոն ՀՀ դրամը:

Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ խախտման գումարների 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 միլիոն դրամը, և ոչ ավելի, քան 4 միլիոն դրամը:

Նախ, նշենք, որ նման սահմանափակումների կիրառումը մեծ դեր է ունենալու հայաստանյան հասարակական կյանքում, այն անդրադառնալու է գրեթե բոլոր քաղաքացիների գործարքների վրա և էապես փոխելու է հասարակության անդամների վարքագիծը: Ընդ որում՝ անկանխիկ ձևով վճարումները իրականացվելու են բանկային հաշվի կամ էլեկտրոնային փողի միջոցով, իսկ նման ֆինանսական գործիքներից հասարակության ավելի տարիքով անդամները հիմնականում չեն օգտվում:

Այս պահին հասարակության լայն շերտեր դեռևս ծանոթ չեն նախագծին, տեղյակ չեն, որ կանխիկ գործարքները սահմանափակվելու է և պատկերացում չունեն, թե ինչ է սպասվում 2022 թվականին, երբ երկրորդ ընթերցմամբ կընդունվի նախագիծը:

Առկա իրավիճակում, առանց հասարակությանը նախապատրաստելու նման սահմանափակումների կտրուկ կիրառումը կարող է ցնցումներ առաջացնել, և նախագծի անգամ դրական փոփոխությունները մարդկանց մոտ կընկալվեն բացասաբար:

· Սահմանաչափերի ընտրությունը.

Նման սահմանափակումների անցել են մի շարք զարգացած երկրներ: Հատկանշական է, որ եվրապական երկրներում գործում են սահմանափակման առավել բարձր շեմեր, օրինակ՝ Բելգիայում և Ֆրանսիայում գործում է 3000 եվրոյի, Չեխիայում՝ մոտ 14 000 եվրոյի, Հունգարիայում և Սլովակիայում մոտ 5000 եվրոյի, Պորտուգալիայում՝ 1000 եվրոյի չափով սահմանափակումներ։

Ընդ որում՝ եվրոպական երկրների փորձի և սահմանաչափերի մասին տեղեկություններ են ներառված նաև Նախագծի հիմնավորման մեջ, սակայն նշված չէ, թե ի՞նչն է հաշվի առնվել 300 000 ՀՀ դրամը որպես առավելագույն շեմ ընտրելիս:

· Ժամկետները.

Նախագծով սահմանափակումները գործելու են 2022 թվականի հունվարի 1-ից, ինչը ենթադրվում է կփոփոխվի՝ հաշվի առնելով այն, որ այս տարի Նախագիծը հավանաբար չի հասցնի անցնել երկրորդ ընթերցում:

Այնուամենայնիվ, դեռևս հրապարակային կերպով չի խոսվում օրենքի ուժի մեջ մտնելու նոր ժամկետների մասին:

Առկա խնդիրներով հանդերձ, ընդհանուր առմամբ, կարելի է դրական գնահատել Նախագծի նպատակները, քանի որ ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում էապես կնվազի կանխիկ դրամաշրջանառությունը և կհաջողվի արդյունավետ պայքարել ստվերային տնտեսության դեմ, կձևավորվի անկանխիկ վճարումների մշակույթ: Արդյունքում փոփոխությունները դրական կերպով կարող են ազդել Հայաստանի տնտեսական ցուցանիշների, մարդկանց սոցիալական վիճակի վրա:

Այնուամենայնիվ, նման կտրուկ որոշումները, սահմանափակումների ցածր շեմերը, անցումային կարճ ժամկետների սահմանումը, կազմակերպությունների անկանխիկ վճարման տեխնիկական հագեցվածության բացակայությունը, անկանխիկ վճարումներով ֆինանսական գործիքների նվազ կիրառումը խնդիրներ կստեղծեն հասարակության լայն զանգվածների մոտ և հիմք կհանդիսանան նոր բողոքների համար:

Հուսով ենք, մինչև երկրորդ ընթերցում պետությունը կհրաժարվի սահմանափակումները այս մոդելով ներդնելու մոտեցումից և մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կտարվեն հասարակությանը փոփոխություններին նախապատրաստելու աշխատանքներ:

Եսայի Եսայան

«Ֆիդելիս» իրավաբանական ընկերության համահիմնադիր, փաստաբան։

adv_banner

Ամենից շատ դիտված

22:18 Արմավիրի մարզի գյուղերից մեկում մայրը հայտնաբերել է որդու դին․ shamshyan.com
21:45 Գործարարը շարունակում է տատիկին «կալանքի» տակ պահել՝ առանց լույսի ու ջրի
17:49 Ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ՝ Արևշատ գյուղի ողբերգական դեպքից
20:00 5-10 հազար դրամի համար ոտնահարվելու է Մայր օրենքը․ մեքենաների ներսը կնկարահանվի
21:20 Բոլորի հետ էլ լավ եմ, բոլորի հետ էլ ինձ կարող են ասոցացնել. Գյումրիի քաղաքապետի թեկնածու
19:20 Դեկտեմբերին չբացակայեք, բժշկի թուղթը չի անցնելու․ «Երևան սիթին» սպառնում է աշխատողներին
22:45 Հեռացված վարորդները 4 ժամ է՝ սպասում են. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը դեռ չի ընդունել նրանց
23:12 Նոր լուսանկարներ՝ դերասան Կարո Հովհաննիսյանի հարսանիքից
07:15 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. Ժողովուրդ
15:22 Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը․ shamshyan.com