Երևան +25°
Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:52 28-12-2021

Եզն ընկել է, դանակավորները՝ շատացել. պետություն, որտեղ ոչ ոք մեղավոր չէ

Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշօղլուի փոխանցմամբ՝ առաջիկայում Մոսկվայում կայանալու է Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների՝ Քըլըչի և Ռուբինյանի հանդիպումը, որը չի հենվելու նախկին բանակցությունների ավանդույթների վրա։ Ըստ թուրք դիվանագետի՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարության՝ հարաբերությունների կարգավորումը զրոյական կետից մեկնարկելու գլխավոր պատճառն այն է, որ ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ցյուրիխյան բանակցային օրակարգի առանցքային դրույթները։ Սա, իհարկե, Թուրքիայի կանխատեսելի քայլն էր՝ իր կողմից ձախողված արձանագրությունների մեղքն ու պատասխանատվությունը հերթական անգամ հայկական կողմի վրա բարդելու համար։ Բավական է նշել միայն, որ ՀՀ ՍԴ 2010 թվականի հունվարի 12-ի որոշման համաձայն՝ արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում էին ՀՀ սահմանադրությանը։ Եվ հենց Թուրքիան էր, որ 2009 թվականին դարձյալ հիշեց նախապայմանների մասին՝ հայտարարելով, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, իսկ մեկ տարի անց՝ 2010 թվականի ապրիլի 22-ին Ս․ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակելու կարգավորման գործընթացը։ Այսինքն՝ ԱՄՆ-ի ջանքերով մեկնարկած ու Ռուսաստանի ոչ պակաս ջանքերով ավարտված ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց ոչ այնքան հայ-թուրքական, որքան հայ-ադրբեջանական օրակարգի պատճառով։ Ըստ էության, ինչպես ցույց տվեց պրակտիկան, Թուրքիայի համար ոչ այնքան կարևոր էր ՀՀ-ի կողմից Կարսի պայմանագրի ընդունումն ու թուրք-հայկական սահմանի ճանաչումը, որքան Արցախյան հարցի վերջնական լուծումը՝ հօգուտ Ադրբեջանի։ Այս տրամադրվածությունը շարունակում է Անկարայի համար գերակա մնալ նաև այսօր, պարզապես նոր բանակցությունների ժամանակ գլխավորապես առաջ է մղվելու, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի բացման խնդիրը՝ որպես Արցախյան հակամարտության ածանցյալ հարց։ Թեպետ հայկական կողմն էլ իր հերթին առաջ է քաշելու ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերման ու հայ գերիների վերադարձի հարցը, բայցևայնպես, այս պահանջները չեն կարող համեմատվել Թուրքիայի նախապայմանների հետ, հետևապես, դժվար չէ կանխատեսել, որ տապալման են դատապարտված նաև այս բանակցությունները, եթե, իհարկե, իշխող «Իմ քայլը» չգնա Թուրքիայի պահանջների լիարժեք բավարարման։ Իսկ իմքայլականների զիջումները բացառված չեն, քանի որ նրանց ընդդիմացողներին այդպես էլ չի հաջողվում կրիտիկական զանգված հավաքել։ Այդ կրիտիկական զանգվածի շարժիչը կարող էլ լինել քաղաքացիական հասարակությունը, որը ոչնչացած է, կամ գիտական հանրույթը, որը վաղուց արդեն հեղինակազրկված է։

Քաղաքացիական հասարակությունը․ Այն, ինչ այժմ կատարվում է ՀՀ հասարա-քաղաքական կյանքում, աղետ է, որը որևէ կերպ չի հանդիպում կազմակերպված դիմադրության: Քաղաքացիական հասարակության բոլոր այն կարկառուն դեմքերը, ովքեր գործուն պայքար էին ծավալում Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում, ոչ միայն լուռ են, այլև կաշկանդված՝ նախկին իշխանությունների վերարտադրության մտքից: Եթե նախկինում քաղհասարակության ցուցարար ներկայացուցիչները պատրաստ էին կոկորդ պատռելու պուրակի սրճարանների կամ հանրային տրանսպորտի գնարժեքի թանկացման դեմ, ապա ՔՊ կառավարման շրջանում, անգամ 44-օրյա արհավիրքից հետո, նրանց համար երկրորդ պլան է մղվել մարդկային իրավահենք արժանապատվության համար մղվող պայքարի համընդհանուր գաղափարները, քանի որ թե՛ Արցախի կորուստը, թե՛ սպասվող զիջումները՝ հանուն Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտրի կազմակերպման, գերադասելի են նախկին իշխանությունների կամ նրանց հետ ասոցացվող կադրերի վերադարձից: Այլ կերպ ասած, Հայաստանի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության համար Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին հանդուրժելի է այն, ինչը հանդուրժելի չէր լինի Ռ. Քոչարյանի կամ Ս. Սարգսյանի իշխանության շրջանում: Ընդ որում, 2018 թվականի ապրիլյան իշխանափոխությունից հետո հայկական քաղհասարակության լիակատար ձախողման պատճառները ոչ միայն շատ չեն, այլև խորքային չեն և կարիք չունեն համալիր հետազոտությունների և ուսումնասիրությունների: Ամենևին առաջնային չեն պառակտված ընդդիմության, փողոցային ընդվզման ֆինանսական գործոնները կամ հիասթափության համազգային տրամադրությունները, խնդիրն այն է, որ թե՛ քաղաքացիական հասարակությունը, և թե՛ շարքային քաղաքացին չունեն առաջարկվող այնպիսի այլընտրանքներ, որոնք ոչ թե անվանապես, այլ բովանդակային առումով կլինեն այլընտրանք, և երկրորդ, որն ամենակարևորն է հետիշխանափոխական Հայաստանի հասարա-քաղաքական և սոցիալ-տնտեսական ֆիասկոյի հարցում, այն է, որ 2018 թվականի իրադարձություններից հետո իրեն քաղաքացիական հասարակություն հռչակած անձանց ճնշող մեծամասնությունը ստացել է պետական պաշտոն, ինչի արդյունքում ոչ միայն կորցրել է խոսելու ունակությունը, այլև մոռացության է մատնել իր պայքարի և հռետորաբանության անկյունաքարային դրույթները:

Հայաստանում եթե լիներ քաղաքացիական հասարակություն, ապա հարց կբարձրացներ, թե ինչպես ստացվեց, որ «Պարսից ծոց - Սև ծով» տրանսպորտային միջանցքը չի անցնելու Հայաստանի տարածքով և թե ինչպես Ադրբեջանին հաջողվեց համաձայնության գալ Իրանի և Վրաստանի հետ՝ դուրս մղելով Հայաստանի տարբերակը՝ որպես այլընտրանք։ Հայաստանում եթե լիներ քաղհասարակություն, ոչ թե կծաղրեր շարքային քաղաքացուն՝ չպատվաստվելու համար պիտակավորելով դավադրապաշտ, այլ կփորձեր ստանալ այն խայտառակ խտրականության պատասխանը, թե Ինչու որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու հրամանը: Հայաստանում եթե լիներ քաղհասարակություն, ապա կթափահարեր կառավարությանն ու կստիպեր ամբոխահաճո դատարկախոսության փոխարեն ներկայացնել գոնե մեկ դեպք, երբ «կոռուպցիոներ-թալանչի» հայտարարված նախկին չինովնիկը այդպիսին է ճանաչվել նաև օրենքի ուժ ստացած դատական ակտով: Հայաստանում եթե լիներ քաղհասարակություն, ապա կառավարությանը կխնդրեր ներկայացնել գոնե մեկ օրինակ, երբ աշխարհի որևէ երկու ժողովուրդ պատերազմել են, իսկ պարտված կողմը հրաժարվել է բոլոր հավակնություններից ու միակողմանիորեն հայտարարել խաղաղության դարաշրջան:

Ակադեմիական հանրույթը․ Հայաստանի բուհերի պատմության, քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների ամբիոններն ու տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության վերլուծական կենտրոնները «Erasmus+» ծրագրի շրջանակում պետք է հայտարարել ակադեմիական շարժունության դեստինացիաներ՝ որպես հակագիտական ցուցանմուշներ՝ Արցախյան շարժման ու բանակցային գործընթացի մասնավոր դեպքի ուսումնասիրությամբ ցույց տալով, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գիտությունը: Մի երկիր, որն ունի գոյաբանական խնդիր և որի անվտանգային արտաքին միջավայրը խարսխված է եղել Արցախյան հարցի վրա, ավելի քան 20 տարի ապագա քաղաքագետների և միջազգայնագետների ուսումնառության լսարաններում լկտիաբար ծավալվել է բանակցությունների սեղանի հետ կապ չունեցող խոսույթ: Ապագա մասնագետներին պաթոսով ներկայացվել են Արցախի հերոսներն ու թափված արյունը, և իրեն գիտնական հռչակած որևէ մասնագետ կամային որակներ չի դրսոևորել՝ ակադեմիական միջավայրի ներկայացուցչին վայել կեցվածքով խոսելու այն մասին, որ հայկական դիվանագիտությունն Ալիևի հետ բանակցությունների ընթացքում միայն զիջումներ է խոստացել և միայն զիջումների ժամկետներ է փոխել: Հայ ուսանողին անամոթաբար ստել են և չեն տեղեկացրել, որ Հայաստանի բոլոր, անխտիր բոլոր իշխանությունները խոստացել են Ադրբեջանին վերադարձնել 7 շրջաններ, ավելին՝ նոր տարածքներ անգամ նախկին ԼՂԻՄ-ից: Ավելի քան 20 տարի ապագա մասնագետներին ներկայացվել է հայկական բանակի անպարտելիության ու մարտական ոգով սարեր շրջելու միջնադարյան կեղծ թեզերը։ Ավելի քան 20 տարի ոլորտի մասնագետն իր ուսանողին չի բացատրել, որ Ադրբեջանը եթե ոչ անգամ ԼՂԻՄ-ի, ապա 7 շրջանների համար հաստատապես պատերազմ է սկսելու, իսկ հաջողության դեպքում՝ շարունակելու է նաև ԼՂԻՄ-ի բռնազավթումն ու հայկական հետքի բնաջնջումը։

Եթե առավել պատկերավոր՝ դասախոսը խաբել է ուսանողին, իշխանության գլուխ կանգնած քաղաքական գործիչը խաբել է դասախոսին, դասախոսը վախեցել է աշխատանքի կորստից, ուսանողը վախեցել է հեռացվելուց, կառավարող շրջանակները՝ իշխանության կորստից: Արդյունքում, Հայաստանում երբևէ չի ձևավորվել Արցախի հարցն ուսումնասիրող դիսցիպլին, Աղդամում (Ակնա) կամ Զանգելանում (Կովսական) երբևէ չի հիմնվել պետական նշանակության որևէ կառույց (որովհետև բոլորն էլ վստահ են եղել, որ վաղ թե ուշ զիջելու են այս տարածքները), իսկ Հայաստանը ՄԱԿ-ի 4 բանաձևերի ընդունումից հետո աշխարհում ընկալվել է որպես բռնազավթող և տարածաշրջանային անկայունության գլխավոր պատասխանատու: Ավելի քան 20 տարի հայությանը խաբել են, թե Ռուսաստանին ձեռնտու է Արցախի ստատուս քվոն՝ վախենալով փաստել այն իրողությունը, որ Ռուսաստանն Ադրբեջանում ռազմական ներկայություն է ցանկանում, իսկ դա պետք է անել արցախահայությանը «փրկելու» գնով, ավելի քան 20 տարի ռեալիայից կտրված հայ իրանագետները նույն երգն են երգել, թե Իրանին ձեռնտու է Արցախի ստատուս քվոն՝ ի վիճակի չլինելով փաստել այն պարզ իրողությունը, որ Իրանն Ադրբեջանի հետ շատ ավելի խորքային ու բազմաշերտ շահեր ու հարաբերություններ ունի, քան Հայաստանի։ Հայ ազգային-պահպանողական (իրականում՝ հակազգային-դեմագոգ) ուժերն ավելի քան 20 տարի մանիպուլացրել են Արցախի հարցը, հորինել ներքին դավաճաններ, ազգային անվտանգության կարգախոսների ներքո իրականացրել ընդդիմադիրների որս՝ այդպես էլ չգիտակցելով, որ Արցախի հիմնախնդրի նման խորքային հարցը չպետք է այսքան բովանդակազրկել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար փնտրելով «հողատու-դավաճանների»։ Հայաստանում ավելի քան 20 տարի խոսվել է ազգերի ինքնորոշման, անհամեմատ ավելի քիչ՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքների մասին, մինչդեռ կուսակցական շահեր հետապնդող ակադեմիական հանրույթն այդպես էլ համարձակություն չգտավ հակադարձելու, որ հետխորհրդային թե՛ Մերձդնեստրը, թե՛ Հարավային Օսիան, թե՛ Աբխազիան ինքնորոշման ու անկախության են ձգտում վարչատարածքային Մերձդնեստրում, Հարավային Օսիայում և Աբխազիայում, մինչդեռ ԼՂԻՄ-ը Արցախ է հռչակել նաև այն տարածքները, որոնք միջազգային իրավունքը չի համարում տարածքային Արցախ։

Իրողությունների դասավորության նման պայմաններում խոսել այն մասին, թե Ռուսաստանը վաճառեց Արցախը, թմբկահարել, թե Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի թշնամիներն են, ուղղակի անբարոյականություն է, որովհետև ոչ ոք մեզ այնքան չի դավաճանել, որքան ինքներս մեզ, ոչ ոք մեզ այնպիսի ստորությամբ չի խաբել, որքան ինքներս մեզ և ոչ ոք այնքան պատասխանատու չէ մեր թերացած աշխատանքի, համազգային ստի ու հակագիտական մոտեցումների համար, որքան մենք: Ռուսաստանը մեղավոր չէ, որ Ռ. Քոչարյանը համաձայնել է հանձնել Մեղրին ու հրաժարվել Իրանի հետ սահմանից, իսկ այսօր քննադատում է նոր իշխանություններին, Ռուսաստանը մեղավոր չէ, որ Սերժ Սարգսյանին կամ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ Լավրովի պլանի համաձայն կամ առանց որևէ պլանի՝ պետք է հանձնել «գրավյալ» (շարքային հայի ընկալմամբ՝ ազատագրված) տարածքները, իսկ այդ նույն Ս. Սարգսյանն ու Ն. Փաշինյանը վերադարձել են Հայաստան ու հայտարարել, թե «Արցախը Հայաստան է և վերջ» կամ թե «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ընդ որում, եթե Ռ. Քոչարյանը կամ Ս. Սարգսյանը երբեք չեն ունեցել լեգիտիմության բարձր մակարդակ, ապա Ն. Փաշինյանն ունեցել է, բայց անգամ այդ դեպքում շարունակել է ապրել հայկական ԱԳՆ-ի հորինած հեքիաթում՝ ցնորական պատկերացում ունենալով, թե այն, ինչ չի հաջողվել իր նախորդներին, կարող է հաջողվել իրեն:

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը