Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:57 27-12-2021

Այս իշխանություններից իմ սպասելիքները զրոյական են. Ռոբերտ Քոչարյան

Երեք տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին «նասկու» պես փոխելը նշանակում է, որ այս իշխանությունը շահագրգռված չէ մարտունակ բանակ ունենալ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

«Այսպիսի բյուջեով հնարավոր չէ ունենալ մարտունակ բանակ։ Երեք տարվա ընթացքում երեք անգամ պաշտպանական գերատեսչության ղեկավար «նասկու» պես փոխելը նշանակում է, որ իշխանությունն ուղղակի շահագրգռված չէ մարտունակ բանակ ունենալ», - ասել է նա։

Քոչարյանը նաև նկատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հակառակորդն օկուպացրել է ոչ թե 40 քկմ տարածք, ինչպես հայտարարել է իշխանությունը, այլ շատ ավելին չի վերահսկում։
«Ուղղակի խայտառակություն է, որ մեկ-երկու դիրքային կռիվների արդյունքում երեսուն զինվորական գերի է ընկնում։ Սա ուղղակի խոսում է բանակում առկա լրջագույն խնդիրների մասին», - նշել է նա։

«Հրապարակ օրաթերթ»-ի լրագրող Վահե Մակարյանն իր հարցում նշեց, որ նախագահը չի անդրադարձել ապագային, այսինքն ուզու՞մ է իշխանափոխություն այս փուլում, թե՞ ոչ, անգամ եթե հրաշքով հեռանա Նիկոլ Փաշինյանը և այդ նույն հրաշքով ինքը գա իշխանության, ապա Արցախի խնդրի հետ կապված՝ գոնե մոտավոր լուծում ունի՞ արդյոք, գոնե որպես Արցախի Հանրապետության առաջին նախագահ, քանի որ այս իշխանություններն էլ չեն թաքցնում, որ Արցախը մոտ ապագայում լինելու է Ադրբեջանի կազմում։ Նոր պատերազմի շեմին արցախցիներին ի՞նչ ունի խոստանալու։

Ի պատասխան հարցադրման, մեկ այլ մեթոդաբանությամբ անդրադարձավ նախագահն այս հարցին, ասելով, որ կարծես բոլորի համար պարզ է այս իշխանությունների՝ Արցախի հարցի լուծումը, մի կողմից պարզ է, թե այս իշխանություններն ի՞նչ են ուզում, կան մյուս կողմից էլ կան ուժեր, որոնք ուզում են փոխել վտանգի ճանապարհը։ Ելակետը սա պետք է լինի։ «Ես տեսնում եմ ակտիվ դիանագիտության շնորհիվ փրկել իրավիճակը, իմ՝ իրենցից սպասելքը զրոյական է։ Հիմա հնարավորություն պետք է տալ այն մարդկանց, ովքեր ամբողջ կյանքով նվիրվել են Արցախին։ Բայց մենք պետք շտկենք իրավիճակը։ 1998-2008-ին եթե նայենք, թե ի՞նչ ենք ստացել բանակցային գործընթացից՝ այո մենք հաջողության հասել ենք, ու հիմա մենք կարող ենք իրավիճակը փրկել, իսկ սրանք այլ շահեր են սպասարկում ու անգամ չեն էլ փորձելի բանակցային և այլ հարցերի լուծում տալ ու փակելու են ճանապարները լուծման բոլոր ուղիների»,- ասաց նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը նաև անդրադարձավ երեկ՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսին, ասելով, որ ամենքիչը կուզեր անդրադառնար Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, ասելով, որ ի՞նչ սպասենք այդ մարդուց, ու իրապես ինքը չգիտի, նմանատիպ հայտարարությունները պայմանավորվածության արդյունք են, թե՞ ոչ, ի՞նչ նպատակ են հետապնդում։ Արցախում, ՀՀ-ում ասվել է մի բան, բայց ըստ էության հարցականի տակ է դրվել անկախության հռչակագրի մասին փաստը։

Նախագահը նաև անդրադարձավ այս տարի ԿԲ-ն կանխատեսումներին, ըստ որի նախատեսվում է 4,2 տոկոս տնտեսական աճ, ասելով, որ այն, ինչ լինի դրանից ավել, ուղղակի նկարած է լինելու։

«Նույնիսկ 2019-ի ցուցանիշներին հասնելու համար մենք պետք է ապահովեինք ավելի քան 8%-անոց աճ, չենք ապահովել, վստահ եմ՝ հաջորդ տարի էլ չենք ապահովելու, և ստացվելու է, որ 2020-2022 թվականները լինելու են տեղում կանգնած տարիներ»,-ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հիշեցրեց՝ իշխանությունները 2018-ին կախարդական փայտիկի մասին էին խոսում։ «Պարզվեց՝ այդ փայտիկը ռեվերսի ռեժիմով է աշխատում, ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, մեր ժողովրդին հարստացնելու համար է, այլ ճիշտ հակառակը՝ տնտեսության ծավալները փոքրացնելու, ժողովրդին աղքատացնելու կախարդական փայտիկ էր»,-ասաց նա։

Քոչարյանը նշեց՝ ՀՀ պետական պարտքը հատել է 9 մլրդ դոլարի շեմը, վերջին 3 տարում աճել է 2,3 մլրդ դոլարով։

«Սա նշանակում է, որ սպասվելիք 4-տոկոսանոց տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է գնաճին, Քոչարյանը ներկայացրեց պաշտոնական տվյալը՝ 9,6 տոկոս։ «Ես 10 տարի նախագահ եմ եղել, ուղղակի չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9,6 տոկոս գնաճ։ Միջին գնաճը 2-3 տոկոս»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, թե նման բարձր գնաճի պարագայում պետությունը պարտավոր է ինդեքսավորել թոշակներն ու աշխատավարձերը, ինչը չի արվում։

Անդրադառնալով Արցախին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ Արցախի անվտանգության, ապագայի վերաբերյալ անորոշությունը մնացել է նույնը։ «Բայց վերջերս որոշակիություն ստացել ենք Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ․ եթե վարչապետն ասում է, որ 2016-ից որևէ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա ՀՀ դիրքորոշումն է։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Նա կասկածի տակ դրեց Ղարաբաղի՝ սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Քնարիկ Պետրոսյան