Խոսք 4 տարի առաջ - 11:43 24-12-2021

Ասե՛ք՝ որտեղ ա էդ ուժը, գնամ, վերցնեմ․․․

«18 տարի պահել եմ, որ հանկարծ մատն անգամ փուշ չմտնի, ո՞նց կարող եմ համակերպվել, որ սենց հանգիստ ձեռներիցս բաց թողեցինք։ Սա կյանք չի, սա պարզապես ցավին հավասար քայլել ա»,- հուզմունքով ասում է 41-ամյա Հերմինե Աբելյանը, որը պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն՝ Արմանին։

Արման Ղուլյանը 47 օր էր, ինչ մեկնել էր Ասկերան՝ ժամկետային զինծառայության, երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Մայրն ասում է՝ որդին ընտանիքի հետ խոսելիս ոչ մի անգամ չի նշել, որ պատերազմի դաշտում է, ընդհակառակը, ծնողներին հանգստացրել է, ասել՝ կռիվը հեռվում է․ «Ասում էր՝ մա՛մ, ես նոր եմ եկել, ինձ ո՞ւր պիտի տանեն, միշտ շատ հանգիստ էր։

Մոր խոսքով, պատերազմի առաջին օրվանից որդուն Ասկերանից տեղափոխել են Աղդամի դիրքեր, հոկտեմբերի 25-ին կամ 26-ին տարել են Սղնախ։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան մայրը որդու հետ խոսում է վերջին անգամ, հաջորդ օրը տեղի է ունենում ողբերգական դեպքը։

Ընտանիքը շուրջ հինգ ամիս փնտրել է որդուն գերիների մեջ, զոհվածների մեջ։ Չորս անգամ որոնողափրկարարական ջոկատը մտնում է Սղնախ, միայն չորրորդ անգամ հայտնաբերվում են Արմանի զրահաբաճկոնն ու գոտին։ Ընտանիքը կարծում է, որ Արմանը, հավանաբար, գերի է ընկել:

«Բայց ինչքան էլ փորձում էի՝ ոչ մի տեսանյութ չէի կարողանում գտնել, որ համոզվեմ՝ գերի ա»։

Հերմինեն ասում է՝ մարտի 29-ին լուրերից տեղեկանում են, որ Սղնախում նորից պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, և ծնողները գլխի են ընկնում, թե ինչու։

Հերմինեի խոսքով, մինչ այդ իրենք էին պարտադրում, որ Սղնախում որոնողական աշխատանքներ կատարվեն։

«Սղնախի կռվից անհայտ էր մնացել մենակ Արմանը, բոլորին մինչև նոյեմբեր 16-17-ը գտել էին, մենք էինք ուղարկում, որ նորից փնտրեն։

Մարտի 29-ի առավոտյան ամուսինս ասաց․ «չեմ հասկանում, նորից Սղնախ են մտնում՝ առանց մեզ ասելու»։ Ու երկուսս էլ հասկացանք, որ խի են մտնելու, թե չէ առանց մեզ ասելու չեն մտել, մենք ենք խնդրել, որ էլի մտնեն։ Մտել էին, որ հանեին»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը և նշում, որ իմանում են՝ հակառակորդի հետ բանակցությունների արդյունքում է հնարավոր եղել գտնել որդու մարմինը։

Այդ օրվանից սկսած Հերմինեն ասում է՝ կյանք չունի, չի ապրում, պարզապես գոյատևում է: Էս կյանք չի:

Արման Ղուլյանը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճանապարհաշինություն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր, մեկ տարի շուտ էր դպրոց գնացել և դպրոցը շուտ ավարտելու շնորհիվ մեկ տարի սովորել համալսարանում, հետո նոր մեկնել բանակ՝ ծառայության։

Հերմինեն ասում է՝ որդու ընկերների հետ զրույցների շնորհիվ շատ «Արմաններ» է բացահայտել իր համար։ Բոլորը միաբերան ասում են, որ Արմանը իրենց խինդն ու ուրախությունն է եղել, անունն էլ դրել էին «Բարություն»։

Մայրն ասում է՝ Արմանը շատ ուշադիր ու հոգատար էր ոչ միայն ընտանիքի անդամների, այլև ընկերների հանդեպ։

«Իրանք դասարանով մինչև ընդունվելը մաթեմատիկան գրեթե մեծ մասամբ նույն դասախոսի մոտ էին պարապում, Արմանը միշտ ամենաուշն էր տուն գալիս՝ մինչև 11։30-12։00-ը, երբեմն լինում էր՝ շատ էր ուշանում, ասում էր․ «դե, Վարդիկին պիտի տանեի, տուն հասցնեի»։

Հիմա Վարդիկն անընդհատ պատմում ա, որ մինչև ինքը տուն չէր հասնում, դռան ձայնը չէր լսվում, դուրս չէր գալիս բալկոն, Արմանը շենքի մոտից չէր գնում»։

Մայրն ասում է՝ ականջին անընդհատ որդու խոսքերն են, երբ զանգում էր ու ասում․ «ո՞նց ա աշխարհի ամենալավ մաման» կամ «ի՞նչ կա, մայր իմ սուրբ ու բարի»։ Շատ եմ կարոտել էդ բառերը, գոնե չտեսնեմ, մենակ ձենը լսեմ»,- կրկին հուզվում է Հերմինեն։

Մայրն ասում է՝ երազում էր, որ որդին տուն դառնա՝ թեկուզ վիրավոր։ Մոր սիրտը կանխազգում էր՝ ինչ դժբախտություն է իրենց դուռը թակելու։

Մայրն ասում է՝ որդու կորստից հետո ոչ մի սփոփանք չկա իր համար։ Չի կարողանում համակերպվել դառը ցավի հետ։

«Եթե ապրում եմ, պատճառը Մարթան ա՝ աղջիկս, բայց հաստատ ուժ չունեմ։ Ես ինքս ինձնից ամաչում եմ, որ ապրում եմ։ Որ ինձ ասում են՝ պիտի ուժ գտնես, պատասխանում եմ․ «ասե՛ք՝ որտեղ ա էդ ուժը, գնամ, վերցնեմ»»,- հուզմունքը կոկորդում խեղդելով նշում է մայրը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել