Երևան +19°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 15:59 23-12-2021

Թվում էր, թե միշտ ձեռքս բռնած հետս պիտի քայլի կյանքիս ողջ ընթացքում, բայց...

«Եղբայրս՝ Վոլոդյաս, մեր ընտանիքի ավագ որդին է, 21-րդ դարի՝ Ալավերդի քաղաքի առաջին ծնունդը։ Վալոդիկս (մենք այդպես ենք դիմում) շատ բարի, ազնիվ և մաքրամաքուր սրտի տեր մարդ էր։ Մի ուրիշ տեսակ էր, յուրօրինակ։ Այնքան լուսավոր էր, այնքան լավը, որ սիրելի էր դառնում մեկ ակնթարթում, նրա մեկ բարևից էլ կարող էիր սիրել նրան»,- այսպես սկսեց իր պատմությունը Վոլոդյա Վերանյանի քույրը՝ Աղավնի Վերանյանը։ Վոլոդյան 44-օրյա պատերազմի ժամանակ հետնահանջի հրաման էր ստացել, բայց 3 օր շարունակ մարտնչելով թշնամու դեմ անմահացել սեպտեմբերի 30-ին՝ ԱԹՍ-ի հարվածից զինակից ընկերոջը փրկելիս։

Վոլոդյան, ըստ Աղավնիի, 2016-2019թթ. սովորել է Ալավերդու պետական քոլեջում «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» բաժնում։ 2019թ. հուլիսի 7-ին զորակոչվել է բանակ, ծառայության է անցնել Արցախի Հանրապետության զինված ուժերի Հադրութ քաղաքի զորամասում, որտեղ իր ռազմական գիտելիքներով և ֆիզիկական ակտիվությամբ գրավել է հրամանատարների ուշադրություն, և ընդամենը մեկ շաբաթ անց Հադրութի ամբողջ զորամասից հինգ նորակոչիկների հետ, հրամանատարության որոշմամբ Երևանի Նուբարաշենի զորամասում անցել է հնգամսյա կրթության։ Կրթությունը ավարտել է գերազանց և ստացել «Դիպուկահարի» կոչում՝ համապատասխան 3-րդ կարգի շքանշանով։ 2019թ. դեկտեմբերի 23-ից ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով, ինչպես նաև ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ նախագահ Վ.Չիբուխչյանի կողմից՝ «Հովհաննես Թումանյան» մեդալով և պատվոգրով։

«Մեր մանկությունը միասին է անցել, մեր կյանքի լավագույն ու արդեն երանելի տարիները։ Եղբայս ձեռքս բաց չթողնելով՝ սովորեցրեց ինձ քայլել, ձեռքս բռնած սովորեցրեց հաղթահարել կյանքի որոշակի դժվարությունները, սովորեցրեց ապրել, ու թվում էր, թե միշտ ձեռքս բռնած հետս պիտի քայլի կյանքիս ողջ ընթացքում, բայց...

Մենք ունեցել ենք շատ հետաքրքիր և խենթություններով լի մանկություն։ Նա իմ պաշտպանն էր, միշտ կողքիս, մի փոքրիկ խնդիր և այն արդեն լուծված էր լինում։ Նա ինձ համար միշտ օրինակ է եղել և միշտ փորձել եմ նմանվել նրան։ Շատ հաճախ էինք վիճում ամենատարբեր թեմաների շուրջ, բայց երանի եմ տալիս այդ վեճերին, իրարից նեղնալ չկար, 5 րոպե էլ չէր տևվի, և մենք նորից կսկսեինք իրար հետ խոսել, կատակել։ Երկուսս էլ շատ էինք սիրում կատակել և սրամտել»,- երանությամբ հիշում է քույրը։

Քույրը նաև հիշեց, որ եղբայրը 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին շատ վատ էր զգում իրեն, աշխատում էր տանը չլինել և շատ էր ցանկանում որևէ ձևով օգնության հասնել սահմանին կանգնած տղաներին, բայց ընդամենը 15 տարեկան էր, և ի՞նչ կարող էր անել։ Ընկերների հետ անիվներ էին հավաքում, որպեսզի ուղարկեն սահման, եկեղեցում աղոթում էին, որ պատերազմը շուտ ավարտվի, և մեր տղաներն էլ հաղթեն ու թշնամիներին իրենց տեղը ցույց տան։

«Վրեժ ենք լուծելու, ասում էր եղբայրս։ Գյուղում եղբորս սիրում ու հարգում էին բոլորը՝ մեծ, թե փոքր, բառի բուն իմաստով բոլորը։ Շփվում էր բոլորի հետ, օգնում բոլորին, ընդհանրապես շատ մարդամոտ էր։ Այո՛, այդպիսին է իմ Հերո՛սը, նա բոլորի համար անհանգստանում էր, բոլորի՜, նույնիսկ՝ ում չէր ճանաչում: Միշտ պատրաստ էր օգնել ու օգնում էր: Չի եղել մի զանգ, որ նա չհարցնի գյուղի, գյուղացիների, ծանոթների, այն մարդկանց մասին, ում ճանաչում էր: Երբ իմանում էր, որ մեր տարածաշրջանից նոր տղաներ են բերել իրենց զորմաս, գնում էր, գտնում, իր օգնությունը առաջարկում, նայում, որ չնեղացնեն, հանկարծ չխեղճանան: Բոլոր իր զինակից ընկերներին դուխ էր տալիս, որ դիման, որ վերջապես հասկանան՝ «Բանակը տղու համարա»»,-հպարտությամբ պատմում է քույրը:

Երբ 18 տարին լրացավ, էլ ավելի էր ոգևորվել, որ շուտով պիտի գնա, ծառայի, շատ էր սիրում այն ամենը, ինչը կապված էր բանակային կյանքի հետ։ Բանակ գնալիս չի թողել, որ ծնեղները մեծ խնջույք կազմակերպեն, ու ասել է. «Կգամ նոր, նենց քեֆ կանենք, որ ամբողջ գյուղը ներկա կլինի»։ Բայց, ի վերջո, ընկերների նախաձեռնությամբ նշել են, լավ ուրախացել։

Աղավնին պատմում է, որ 2020 թ. սեպտեմբերի 26֊ի զանգը վերջինը եղավ եղբոր հետ, առաջինը զանգել էր մայրիկին, այդ ժամանակ մայրը աշխատանքի է եղել։ Վոլոդյան ասել է, որ ամեն բան շատ լավ է, բայց անընդհատ հարցրել է. «Մամ ջան, բա ինչի՞ ես մի ձևի, խի ես մի թավուր, մամ ջան»,- հուզվում է Աղավնին։

«Անվախ, բարի, ազնիվ ու գթասիրտ զինվորը շա՜տ հայրենասեր էր ու դրա վառ ապացույցը իր կատարած քայլն է… Հպարտ եմ, որ իր քույրն եմ ,և անելու եմ ամեն բան ,որ արժանի լինեմ նրան ,նրա անունին»,- այսպես եզրափակեց զրույցը քույրը։

Վոլոդյայի զինակից ընկերը նշում է․ «Վլեի նման ծառայող չկար, ճանաչված և սիրված էր բոլոր զինվորների և հրամանատարների կողմից։ Դեկտեմբեր ամիսն էր, խոսում էինք, ասաց, որ գերազանց է ավարտում ծառայությունը։ Ուրախ էր շատ»,- նշում է ընկերը։

«Հետնահանջի ժամանակ,- պատմում է զինակից ընկերը՝ ում կյանքը փրկել է Վոլոդյան,- Վլեիս ասացի՝ գիտեմ՝ տուն չեմ հասնելու, խնդրեցի, որ ծոցագրպանիս զինգրքույկս ու նկարը հասցնի տանեցիներին։ Վլես ասաց. «Էս կռվի ժամանակ ոչ ես կմեռնեմ, ոչ էլ դու, դու կգնաս տուն ու քո ձեռքով կտաս։ Ես պատերազմից չեմ վախենում, ոչ էլ մեռնելուց, որ մեռնեմ էլ երկնքից քեզ կօգնեմ, որ ողջ մնաս»։ Վերջում էլ ասաց․ «մենք անմահ ենք, մեզ համար մահ չկա»»։

Իսկապես բարի, համեստ, ընկերասեր ու առաքինի, Վոլոդյային գյուղում սիրում էին բոլորը։ Հայրենասեր տղան, հպարտ էր, որ պաշտպանելու է հայրենիքի սահմանները։ Այնքան էր կապվել զենքին, որ որոշել էր ժամկետային ծառայության ավարտից հետո որպես դիպուկահար շարունակել զինվորական ծառայությունը։ Վոլոդյան իր զինվորական պարտականությունները կատարում էր մեծագույն պատասխանատվությամբ ու հպարտությամբ։

Ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 26-ին, հայրը նկատել է, որ որդին անհանգիստ է, բայց վարպետորեն հանգստացրել է՝ ասելով, որ ամեն ինչ լավ է։ Պատերազմի օրերին կապ չի հաստատել, որովհետև չափից դուրս պատասխանատու էր և ինչպես ինքն է ասել. «Չեմ կարող վտանգել ընկերներիս կյանքը»։

Նա հավերժ մնաց պատերազմում, որ պաշտպանի բոլորիս ու խաղաղություն բերի։

Ավելիին տեղեկանալու համար բաժանորդագրվեք Oragir.news-ի ֆեյսբուքյան էջին։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք